ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«2020 թուականը լի էր այնպիսի ցաւալի իրադարձութիւններով, ինչպիսիք էին համավարակը, Լիբանանում տեղի ունեցած պայթիւնները, Արցախի պատերազմը։ Ես նկարեցի նկարներ, որոնք համավարակի դէմ պայքարում յոյս ու լաւատեսութիւն, ինչպէս նաեւ առողջութեան պահպանման ցուցումներ պիտի հաղորդէին մարդկանց։
Միւս կողմից՝ Պէյրութի նաւահանգստի պայթիւնից շատ էի ազդուել, ուստի նկարեցի Սուրբ Մարիամի նկարը. Մարիամն արտասւում էր, որովհետեւ զգում էր իր ժողովրդի ցաւը։ Ինչ վերաբերում է անցեալում եւ մեր օրերում հայ ժողովրդի դէմ կազմակերպուած էթնիկ ջարդերին, այսօր էլ անսպառ ցնցման, տխրութեան ու ցաւի մէջ եմ ... Սարսափելի է պատկերացնել, թէ ինչ էր տեղի ունենում Արցախի պատերազմի ժամանակ ահաբեկիչների եւ հայ հերոս զինուորների միջեւ ...
Իմ գծանկարներն այն մասին են, թէ ինչ է կատարւում հայ ժողովրդի հետ։ Այդ նկարներով Արցախի պատերազմի օրերին աշխատել եմ մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին, որպէսզի նրանք կանգնեն մեր կողքին եւ ճանաչեն հայերի կեանքի իրաւունքը։ Երազում եմ, որ գայ արդարադատութեան օրը, երբ աշխարհը կը ճանաչի 1915 թ.-ին հայ ժողովրդի հանդէպ տեղի ունեցած ոճրագործութիւնը, եւ կը վերականգնուեն մեր ոտնահարուած իրաւունքները»,-մեզ հետ զրոյցում ասում է 17-ամեայ եգիպտահայ նկարչուհի Ռիթա Գէորգեանը՝ Եգիպտոսի «Գալուստեան-Նուպարեան» հայկական դպրոցի աշակերտուհին։
-Յարգելի Ռիթա, ի՞նչ ճանապարհ անցաք նկարչութեան ասպարէզում։
-Նկարել սկսել եմ 8 տարեկանից։ 13 տարեկան էի, երբ ՀԲԸՄ-ում տեղի ունեցաւ «Եգիպտահայ Դէմքեր» խորագրով իմ առաջին ցուցահանդէսը։ Ես նկարեցի հայ համայնքի ամենայայտնի անձանց 30 դիմանկար։ Իմ երկրորդ ցուցահանդէսը տեղի ունեցաւ Սբ. Գրիգոր Հայ Ուղղափառ եկեղեցու տաճարի կառուցման 90-ամեակին։ Հետագայում՝ ներշնչուելով նկարիչ Սարուխանի արուեստով՝ նաեւ սկսեցի զբաղուել ծաղրանկարչութեամբ։ Մասնակցել եմ աւելի քան 30 ցուցահանդէսների Եգիպտոսում եւ արտերկրում՝ ներկայացնելով իմ դպրոցը, երկիրը՝ արժանանալով բազմաթիւ մրցանակների եւ շնորհակալագրերի։ Եգիպտոսի հանդէպ իմ սէրը երախտագիտութիւն ու խորին գնահատանք է ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովրդին հիւրընկալելու համար։ Ես ինձ երբեք օտար չեմ զգացել Եգիպտոսում, երբեք չեմ զգացել, թէ այստեղ երկրորդ կարգի քաղաքացի եմ։ Ընդհակառակը, ես հայ եւ միեւնոյն ժամանակ եգիպտացի եմ ՝օժտուած լիարժէք իրաւունքներով եւ պարտականութիւններով։
Ես երախտապարտ եմ նաեւ ընտանիքիս. այդ նրանք են իմ մէջ սերմանել հայրենիքի, Եգիպտոսի եւ Հայաստանի հանդէպ սէր ու արժէքներ։ Իմ դպրոցն ու ուսուցիչները նոյնպէս գնահատանքի ու յարգանքի են արժանի, քանի որ նրանք միշտ զարգացրել են իմ տաղանդը, խրախուսել ինձ եւ հնարաւորութիւն ընձեռել միանալու Եգիպտոսում եւ արտերկրում անցկացուող բոլոր մրցոյթներին եւ ցուցահանդէսներին։ Առաջիկայում պատրաստում եմ սրբապատկերների իւղանկարներ եւ դիմանկարներ 2021 թուականի ցուցահանդէսի համար։
-Հայրենիք այցելութիւնից ինչե՞ր ապրեցիք։
-Ես անչափ ուրախ էի Հայաստանը տեսնելով։ Ցանկանում էի, որ իմ ճանապարհը անվերջ տեւեր, որպէսզի կարողանայի աչքերս յագեցնել հայրենիքի բնութեան գեղեցկութեամբ, յուշարձաններով եւ այնտեղ գտնուող հին եկեղեցիներով, քանի որ դրանք նկարել էի առանց տեսնելու։ Վերջապէս ցանկացա իմ աչքերով տեսնել, թէ ինչ եմ նկարել սրտով։
Երազանքս է, որ Հայաստանը լինի քաղաքականապէս ուժեղ եւ վերականգնի իր բոլոր իրաւունքները, որոնք նրանից եւ՛ առաջ, եւ՛ այսօր կողոպտուել եւ կողոպտուում են թշնամու կողմից։
Յ.Գ. «Առանց Հայաստանի կը մեռնի սփիւռքը, ինչպէս ծաղիկը առանց արեգակի», գրել է Սարուխանը եւ որքան բարձրացել է արուեստի սանդուղքներով, այնքան մօտ է զգացել իրեն հայ ժողովրդին, ոչ միայն հոգով է մնացել հայ, այլ արուեստով։ («Սարուխանի գծապատկերման առանձնայատկութիւնները», հեղ. Ս.Հ. Մելիքեան)։ Ռիթա Գէորգեանը Սարուխանի սրտի զարկերը ապրեցնող հայուհին է Եգիպտոսում եւ աշխարհում։