ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Փետրուարի 4-ը քաղցկեղի դէմ պայքարի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհում, յատկապէս Արեւմուտքում՝ Եւրոպայում, Ամերիկայում այդ օրը շատ է լուսաբանւում այս հիւանդութիւնը, որովհետեւ այն իր բնոյթով սոսկ առողջապահական խնդիր չէ, այլեւ ունի սոցիալ-հոգեբանական մեծ նշանակութիւն։ Քաղցկեղը չի վերաբերում միայն այն մարդուն, ով հիւանդացել է, այլ նաեւ ողջ ընտանիքին եւ մտերիմներին, որովհետեւ այն ենթադրում է երկարատեւ բուժում ու մեծ աջակցութիւն հարազատների կողմից։ Միշտ ասում եմ՝ պէտք է է՛լ աւելի ուժեղ լինել, քան հիւանդութիւնն է, պէտք է յաղթական տրամադրուել եւ հաւատով զինուել, իսկ առանց հաւատի առհասարակ իմաստ չունի որեւէ բուժում ստանալը։ Եթէ մարդ ունի հզօր հաւատ եւ ինքնաներշնչանք, ապա նա կարող է իրեն աւելի շատ օգնել, քան այն մարդը, ով առհասարակ հաւատ չունի, որ իր բուժումները օգուտ են տալու։ Մի՞թէ որեւէ հիւանդութիւնից, որեւէ մէկը ապահովագրուած է։ Առաւելեւս՝ քաղցկեղից, որը գնալով լայն տարածում է գտնում եւ, չնայած զարգացած բժշկութեանը՝ դեռեւս չեն գտնում այնպիսի յուսալի դեղամիջոց կամ բուժման մեթոտներ, որոնք կը կարողանան խնդիրը մէկընդմիշտ լուծել եւ հիւանդութեան դէմն առնել։ Քաղցկեղի տարածուածութիւնը յուշում է՝ կարիք կայ յատկապէս հիւանդութեան հոգեբանական կողմին ուշադրութիւն դարձնել, բարձրաձայնել եւ ամենակարեւորը՝ փորձել ինչ-որ կերպ մարդկանց օգնել։
Միշտ մտածում ենք՝ դեռ ժամանակ ունենք, դեռ կեանքը առջեւում է։ Շատերը ամէն բան թողնում են վաղուայ օրուան՝ մտածելով՝ ոչի՛նչ, այսօր չարեցինք, վա՛ղը կ՚անենք, այս տարի չյաջողեցինք, մի՛ւս տարի կը յաջողենք... Մարդիկ ինչ-որ մտապատրանք ունեն, որ միշտ ապրելու են, այն դէպքում, երբ իրականում կեանքը կարճ է. կեանքը այսօր եւ այստեղ է», մեզ հետ զրոյցում ասում է լրագրող, խմբագիր Անի Քոչարը։ Յիշեցնենք, որ Անին վերջերս յաղթահարել է արեան քաղցկեղի ամենաբարդ տեսակը, եւ իր պատմութիւնը վաւերագրութեան տեսքով ներկայացրել «Յանձնուել չկա՛յ» ինքնակենսագրական յուշագրութեան մէջ։ Նա այն նուիրել է իր զարմուհու՝ Մանէի յիշատակին, ով 3 տարեկանը չբոլորած մահացել է քաղցկեղից։
Այս մօտիվացնող գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր կարիք ունեն սփոփող խօսքի, ովքեր կարիք ունեն վերապրած մարդուց փաստերով լսելու՝ այո՛, հնարաւոր է յաղթահարել ցանկացած փորձութիւն, հնարաւոր է կրկին զրոյից սկսել կեանքը եւ երջանիկ լինել։ Նա փորձել է սրտամօտ լեզուով հասնել մարդկանց սրտերին, յոյս ու հաւատ ներշնչել, օգնել նրանց վստահութեամբ անցնել փորձութեան ուղին եւ յաղթանակ տօնել։
-Յարգելի Անի, փորձութեան ճանապարհին ի՞նչ մտածումներ ունեցաք։
-2018 թուականի Մայիսի 25-ին ինձ մօտ արեան քաղցկեղ ախտորոշուեց։ Այդ օրուայ յիշողութիւնները թերեւս ողջ կեանքի համար դաջուել են իմ մտքում։ Երբեք չէի կարող ենթադրել, որ այդպիսի ծանր փորձութեան եմ բախուելու։ Պէտք է խոստովանեմ՝ որքան էլ ինձ համար մեծ հարուած էր այդ ախտորոշումը, միեւնոյն ժամանակ մարտական էի տրամադրուած եւ չէի մտածում, որ կարող է այդ պայքարում պարտուեմ։ Ինքս ինձ ասում էի, որ քաղցկեղն ինձ համար մահավճիռ չէ, որ պէտք է ուժ գտնեմ մինչեւ վերջ պայքարելու եւ երբեք չյանձնուելու։ Հիւանդանոցային բուժման ընթացքում մշտապէս փորձում էի վերանայել իմ կեանքը, հասկանալ, թէ որտե՞ղ եմ թերացել, ի՞նչ հարցերում եմ սխալուել, թէ արդեօք՝ եթէ ինձ նորից հնարաւորութիւն տրուի ապրել նոյն կերպ կ՚ապրէի՞։ Երբ հոգումդ ծանրացած շատ ցաւեր ունես, դրանք նոյնպէս խանգարում են ապաքինուել, պէտք է անպայման բաց թողնել, ներել եւ թեթեւացած սրտով առաջ շարժուել։ Երբ ես ապաշխարեցի եւ ներում հայցեցի թէ՛ իմ մեղքերի եւ սխալների համար, թէ՛ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինձ ցաւ են պատճառել, ինձ մօտ կեանքի նոր փուլ սկսուեց։ Բուժման ընթացքը բարդ էր, սակայն հրաշքը հեռու չէր. բժիշկները զարմացել էին, քանի որ քաղցկեղի այդ տեսակը բուժման քիչ հաւանականութիւն ունէր։ Մի բան յստակ է՝ բուժումը եւ բժշկութիւնը շատ կարեւոր են, բայց պակաս կարեւոր չէ Աստուծոյ վրայ յոյս դնելը։ Որեւէ բժիշկ կախարդական փայտիկ չունի, որեւէ մէկը չի կարող օգնել, եթէ դու ինքդ չկամենաս քեզ օգնել եւ ինքդ քեզ մշտապէս չներշնչես, որ դու բժշկուելու ես։ Ինքնաներշնչանքը շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է փորձութիւններն անցնել մեծ հաւատով եւ սիրով՝ նկատի ունենալով՝ ոչ թէ սիրել փորձութիւնները, այլ սիրել կեանքն ու մարդկանց, հոգում տեղ չթողնել չարութեան համար, որովհետեւ բոլորի հետ կարող է պատահել։ Պէտք է շատ սիրել կեանքը, հակառակ դէպքում ոչինչ չի ստացուի։
-Ինչպէս ծնուեց «Յանձնուել չկա՛յ» գիրքը գրելու գաղափարը։
- Հիւանդութեան ընթացքում մշտապէս մի հարց էի տալիս, թէ ինչո՞ւ դա պատահեց ինձ հետ, բայց երբեք չեմ հարցրել՝ ինչո՞ւ հէնց ես, որովհետեւ ես դէմ եմ այդ հարցադրմանը. որեւէ մէկի հետ դա չպէտք է պատահի։ Եւ ծագեց նօթագրութիւններ կատարելու գաղափարը, որոնք գուցէ յետագայում կ՚օգնեն այն մարդկանց, ովքեր նոյնպէս դժուարին ճանապարհ են անցնում։ Ոչ միայն քաղցկեղով հիւանդ, այլ նաեւ կեանքի դժուարին փորձութիւններին բախուած մարդկանց համար։ Գիրք հրատարակելու գաղափարն այդ պահին ինձ համար երազանքի նման մի բան էր։ Ի զարմանս ինձ՝ նամակ ստացայ «Նիւմեգ» հրատարակչատան գլխաւոր տնօրէն Արտակ Ալեքսանեանից, ով ինձ առաջարկեց գիրք գրել իմ անցած ուղու, իմ յաղթահարած փորձութեան ու իմ յաղթանակի մասին։ Ես անակնկալի եկայ, որովհետեւ կեանքում չէի մտածի, որ մտքերն այդքան արագ են նիւթականանում։
Համավարակի պատճառով գիրքը նախատեսուած ժամանակից ուշ հրատարակուեց։ Գրքի հեռուստատեսային շնորհանդէսը տեղի ունեցաւ Սեպտեմբերի 11-ին, իսկ Սեպտեմբերի 27-ին Հայաստանում արդէն պատերազմ էր։ Այդ պատերազմական շրջանում որեւէ մէկը սիրտ չունէր գնումներ կատարելու կամ ընթերցանութեամբ զբաղուելու։ Ես չեմ յուսահատուում, ինչպէս ժողովուրդն է ասում՝ սիրտս լայն եմ պահում։ Կարեւորը՝ առողջ ու անփորձանք լինենք, հայ ազգը յաղթահարի իրեն բաժին հասած հերթական փորձութիւններն ու դժուարութիւնները։ Այս կեանքում ամէն բան մարդու համար է։ Միայն կեանքն է, որ անդառնալի է, մնացած ամէն բան հնարաւոր է յաղթահարել, շտկել, ինչ-որ կերպ լրացնել։ Կարծում եմ՝ «Յանձնուել չկա՛յ» գրքի համար դեռ ամէն բան առջեւում է եւ այն դեռեւս շատ մարդկանց սրտերին կը հասնի, շատ մարդկանց գրադարաններում կը գտնի իր արժանի տեղը։ Առաջարկուել է թողարկել նաեւ գրքի ձայնային տարբերակը։
«Ամէն ինչ հնարաւոր է։ Բայց ամենադժուար, ամենայուսահատ ու ամենածանր պահին եթէ որոշես, որ ուզում ես ապրել ու ապրել առողջ, ուրեմն կը յաջողես։ Յաջողել նշանակում է ապաքինուել, բայց նաեւ նշանակում է, անկախ ամէն ինչից, դիմադրել։ Թոյլ չտալ, որ հիւանդութիւնը քեզ կոտրի։ Չդադարել պայքարել։ Մինչեւ վերջ։ Մինչեւ վերջին վայրկեանը։ Որովհետեւ կեանքի եւ ոչ մի պարագայում յանձնուել չկա՛յ»։
(հատուած գրքից)