ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Այսօր քչերն են հասկանում, որ խնդիրների խնդիրն է ապաշխարութիւնը, քանի որ իբրեւ ազգ հեռացել ենք մեր հոգեւոր արժէքներից։ Պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում մեր եկեղեցին եղել է միասնութեան խորհրդանիշ՝ օրհասական պահերին փրկելով հայկականութիւնը միաբանութեամբ։ Այդպիսի պանծալի էջերի կողքին տեսնում ենք, որ այս կառոյցը շատ ժամանակ օգտագործուել է նաեւ տարբեր անհատների կողմից դաւաճանութիւնների մասնակից լինելու համար։ Ցաւով ենք ականատես լինում, որ միասնականութեան փոխարէն, կամայ թէ ակամայ, այսօր որոշ հոգեւորականներ պառակտման մասնակից են դառնում։
Արցախի պատերազմի ընթացքում տեսանք նաեւ սփիւռքի եկեղեցիների չէզոքութիւնը։ Հոգեւոր գաղջ վիճակի մէջ ենք. մի՞թէ քրիստոնէութիւնն ու քրիստոնէական արժէքները ընդամէնը ծիսակատարութիւններն են։ Մենք ապրում ենք պատմական խաւարի ժամանակաշրջանում։ Այսօր մէկմէկու պիտի աւելի շատ սիրենք։ Որպէս ազգ՝ պէտք է զգանք մեր մեղքերի ծանրութիւնն ու ապաշխարենք։ Ոչ թէ քանդենք, այլ կառուցենք մեր երկիրը՝ ամուր կառչելով հոգեւոր արժէքներից, հաւատքից։ Ոչ միայն առաքելական, այլեւ կաթողիկէ եւ աւետարանչական եկեղեցիները եւս պիտի միաբանուեն. եկեղեցիների միջեւ այդ պառակտումը չեմ հասկանում. չէ՞ որ բոլորս քրիստոնեայ ենք եւ ծառայում ենք նոյն Յիսուս Քրիստոսին։ Պէտք է ձգտենք եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛ Սփիւռք-Արցախ- Հայաստանի, ինչպէս նաեւ եկեղեցու կատարեալ միաբանութեան ասում է Արցախի պատերազմի օրերին ԱՄՆ-ում բողոքի աքցիաների գլխաւոր կազմակերպիչ Քրիստինէ Հալաճեանը։
-Յարգելի Քրիստինէ, Արցախի պատերազմի օրերին ձեր թիմի գլխաւորութեամբ ի՞նչ արդիւնքներ արձանագրեց սփիւռքը։
-Այդ ծանր օրերին գլխաւոր ձեռքբերումը սփիւռքի տարբեր համայնքներում միասնականութիւնը կերտելն էր։ Մենք կապ հաստատեցինք տարբեր համայնքների հետ եւ համակարգեցինք գործողութիւններն այնպէս, որ միասնական նախագծերով հանդէս գանք։ Այդ միասնութեան շնորհիւ էր, որ ստեղծուեց CNN հեռուստաընկերութեան, Los Angeles Times-ի եւ այլ մետիա դաշտեր կաթուածահար անելու գաղափարը, որին մասնակցութիւն ունեցան 20.000-70.000 մարդ։ Արդիւնքները գերազանց էին։ Լոս Անճէլըսի քաղաքապետ Էրիկ Գարսետին մամլոյ ասուլիս հրաւիրեց եւ ԶԼՄ-ներին յայտնեց Արցախի հարցում իրենց աջակցութեան մասին։ Մեր համայնքի հաստատակամութեան եւ հազարաւոր հայերի ժամանակի եւ ռեսուրսների զոհաբերութեան արդիւնքն էր այս ամէնը։ Los Angeles Times-ը սկսեց անդրադառնալ Արցախի հարցին եւ օպյեկտիվ լուսաբանել պատերազմը։ Այն համարւում է արխիւային լրատուամիջոց եւ պամութիւն է կերտում, եւ պէտք էր, որպէսզի ճիշդ արձանագրուէր պատմութիւնը։ Բացառիկ քայլերթեր կազմակերպեցինք, որին մասնակցութիւն ունեցան մինչեւ 170,000 մարդ։ Այդ մասին խօսուեց ոչ միայն Գալիֆորնիայում, այլ ամբողջ ԱՄՆ-ում։ Աւելին՝ մեր թիմը մեկնեց Վաշինգտոն, Նիւ Եորք եւ օգնեց այնտեղի համայնքներին։ Ամերիկայի տարբեր նահանգներից հասած հայերս բողոքի ակցիա էինք կազմակերպել Սպիտակ տան մօտ։ Քայլերթեր կազմակերպեցինք եւ արդիւնքում փակուեցին մի քանի մայրուղիներ, բազմաթիւ փողոցներ, թուրքական դեսպանատունը մի քանի օրով փակուեց։ Հազարաւոր մարդիկ իրենց տան յարմարաւետութիւնը թողած եկան եւ քնեցին սառը ասֆալտների վրայ, ցուրտ փողոցներում մնացին իրենց երեխաների հետ, որպէսզի թիկունք լինեն Հայաստանին ու Արցախին։ Փակուեցին Նիւ Եորքի Պրուքլին Պրիջը, Թայմս Սքուերը, Հոլիվուտի աստղերի պուրակը. կաթուածահար եղաւ Եւրոպան։ Վաշինգտոնի պետական ոստիկանութեան գլխաւոր հրամանատարն ասաց, որ հետեւել են մեր ցոյցերը եւ տեղեակ են հայերի բացառիկ կարգապահութեան մասին։ Սա կարեւոր ձեռքբերում էր։ Այդ օրերին ես հանդիպեցի հայրենասէր ու նուիրուած մարդկանց, որոնք այսօր մեր միջազգայի կոմիտէի մէջ են։ Մեր մեծ հայկական ընտանիքին են միացել Պելգիայից, Ֆրանսիայից, Մեծ Պրիտանիայից, Ռուսաստանից, Իսրայէլից, Պուլղարիայից Իսպանիայից, Շվեդիայից բազմաթիւ հայեր։ Ուրախ կը լինենք, եթէ Թուրքիայի հայ համայնքը եւս միանայ մեզ։
-Ինչո՞ւ հիմա աւելի միասնական չենք, ներքին պառակտումները աւելի շատ են։ Չէ՞ որ այդ քայլով մենք մեր աչքերը չենք փակում սխալների առաջ, ինչպէս օրինակ Համահայկական հիմնադրամի դէպքում։
-Սփիւռքը միաւորուելիս, թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ուժերը սկսում են պայքարել այդ միասնականութեան դէմ։ Մենք շատ թշնամիներ ունենք. շատերը ծածուկ են գործում։ Մեր քայլերն անելուց առաջ պէտք է ուշադիր լինենք, մտածենք՝ արդեօք սա բխո՞ւմ է մեր ազգային շահերից, թէ՞ ոչ։ Մենք ներքին պառակտումերի պատճառով միշտ պարտութիւն ենք կրել։ Հիմա էլ բացառութիւն չէ։ Մեր հասարակութիւնը խմբերի է բաժանուել եւ գրոհում են միմեանց։ Սա լուրջ ողբերգութիւն է, եւ պիտի հասկանանք, որ այս վիճակով մենք ո՛չ մի հարց, ո՛չ մի խնդիր չենք լուծում։ Այնպէս չէ, որ մեր թիմում չունենք տարաձայնութիւններ քաղաքական հարցերով, ի հարկէ, ունենք։ Բայց կարողանում ենք անգամ տարբեր համայնքներ, տարբեր քաղաքական եւ սոցիալական հարթակներ ներկայացնելով՝ լսել իրար, յարգալից լինել եւ ընդհանուր կէտի գալ։ Մեր կազմակերպութիւնը՝ «Հայերի միջազգային ասոցիացիան» ապաքաղաքական է, կարծում եմ, որ գոնէ սփիւռքը պէտք է զերծ մնայ այդ պառակտումներից. միասնականութեամբ եւ տարակարծութիւնը յարգելու, ընդհանուր եզրեր գտնելու իր փորձով պէտք է օրինակ ծառայի նաեւ Հայաստանին։ Համահայկական հիմնադրամի շուրջ ծաւալուեց մեծ գործունէութիւն. ատրպէյճանական եւ թուրքական կայքերը սկսեցին կեղծ հիմնադրամի կայքեր գործի դնել եւ նուիրատուութիւնները ուղղորդել այնտեղ։ Սկսուեց կասկած սերմանուել մարդկանց մէջ, որ այդ գումարները չեն հասնում նպատակին։ Մենք պէտք է ազգովի հասկանանք՝ եթէ ինչ-որ տեղ խնդիր կայ, պէտք է այն հարթել, ոչ թէ՝ ինչ ստեղծուել է՝ քանդել։ Չէ՞ որ ամէն խնդիր ունի լուծում։ Փոխարէնը պէտք է ստեղծել ճշմարտութեան կոմիտէ, որը ինչ-որ ձեւով հաշուետուութեան գործօն կը լինի եւ կաշխատի Համահայկական հիմնադրամի հետ զուգահեռ՝ ապահովելով թափանցիկութիւն։ Ճիշդ չէ, երբ սփիւռքի եւ համահայկականի գործունէութեան դաշտում փորձում ենք քանդել այն, ինչ ստեղծել ենք։ Իրավիճակից օգտուում են մարդիկ, որոնք, ցաւօք, խաբում են սփիւռքի մեր հայերին եւ տարբեր զինուորների անունով հանգանակութիւններ հաւաքում՝ այդ գումարները տեղ չհասցնելով զինուորներին։ Սա ներքին ազգային խնդիր է, եւ մենք մեր մէջ պիտի լուծենք։ Ինչպէս պատերազմի շրջանում, այնպէս էլ հիմա, թուրքական եւ ատրպէյճանական 100 միլիոնանոց համայնքը տեղեկատուական պատերազմ է իրականացնում՝ կեղծ տեղեկատուութիւններ տարածելով՝ խուճապ եւ տագնապ է սերմանում մեր հանրութեան մէջ։ Այն ցայսօր ցնցում է մեր պետականութեան հիմքերը, քանի որ չենք տարբերում ստոյգ եւ կեղծ տեղեկատուութիւնը։ Մեր ժողովուրդը պէտք է քննի տեղեկատուութիւնը, այսօր մենք պիտի զգօն լինենք եւ փնտռենք ճշմարտութիւնը՝ չդառնալով տեղեկատուական յարձակման զոհ։