ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Եղիշէ եւ Սիրան Սիմոնեանները ընտանիք են կազմել 2012 թուականի Յունիսի 13-ին։ 7 տարի պայքարելուց յետոյ Մուղնիի Սուրբ Գէորգ եկեղեցում ամուսինները ուխտ արեցին, որ Տէրը նրանց զաւակ պարգեւի (մտերիմներից մէկը երազ էր տեսել, որ պէտք է գնան այդ եկեղեցի եւ Աստծուն յայտնեն իրենց փափաքը, երախայի անունն էլ Գէորգ կոչեն)։ Բարի լուրն ու Աստծոյ հրաշքը չուշացան։ Այս երջանիկ ընտանիքում 2019 թուականի Յուլիսի 29-ին վերջապէս լսուեց այդքան սպասուած արու զաւակի ճիչը. ծնողները ուխտը չդրժեցին եւ տղայի անունը Գէորգ կոչեցին։ Նորածինը նոր իմաստ հաղորդեց ինչպէս մայրիկի, այնպէս էլ՝ 50-ամեայ հայրիկի կեանքը։
«Գէորգը իր հայրիկի՝ Եղիշէի կեանքի նոր իմաստն էր։ Յաճախ էր կրկնում, որ հասուն տարիքում զաւակ ունենալն այլ զգացողութիւն է, եւ նրա դաստիարակութեանը գիտակցաբար ես մօտենում։ Երբ սկսուեց Արցախի այս պատերազմը, ասաց՝ գնամ կռուեմ, որ Գէորգի Հայաստանն ուրիշ լինի։ Հաւատում էի, որ պատերազմից հետ կու գայ, քանի որ լիովին վտահում էի նրա հնարամիտ լինելու կարողութեանը. անելանելի բոլոր վիճակներից միշտ ելքեր էր գտնում։ Խոստացաւ, բայց հետ չեկաւ, չկարողացաւ գալ»,- պատմում է նրա այրին՝ Սիրան Սիմոնեանը։ Նա պատմում էր, եւ մենք երկուսս էլ ողջ զրոյցի ընթացքում փորձում էինք խեղդել մեր անհատակ յուզմունքը։ Ախր ո՞ւմ էր պէտք այս պատերազմը։
-Ո՞վ էր Եղիշէ Սիմոնեանը։
-Եղիշէն մասնագիտութեամբ երկրաբան էր, սակայն երկրորդ մասնագիտութիւն էր ընտրել եւ դրանով էր զբաղւում։ Սեփական ջանքերով հիմնել էր իր բիզնեսը՝ «Լեգեոն» անվտանգութեան ծառայութիւնը, որն առնչւում էր անվտանգութեան ոլորտի հետ։ Նոյն անունով կոչեց նաեւ իր մարտական ջոկատը՝ «Լեգեոն», որը Արցախի պատերազմի ժամանակ մասնակցեց Հադրութի եւ Ճապրայիլի պաշտպանական մարտերին։ Ըստ ինձ հասած տեղեկութիւնների՝ շատերը փորձել են միանալ իր ջոկատին, որ փրկուեն։ Ցաւօք, արդէն շրջափակման մէջ էին յայտնուել։ Իր մասին նաեւ տեղեկութիւններ էր յայտնել զինուորական Արթուր Եպիսկոպոսեանը, թէ թէժ մարտերի ժամանակ ինչքան քաջեր կային, ինչպէս օրինակ Եղիշեն ու իր ջոկատի տղաները։ Նա բաւականին խելացի, բանիմաց եւ առաքինի տղամարդ էր, նորածին Գէորգի համար օրինակելի հայր, ով չունէր վնասակար սովորութիւններ եւ միայն ձգտում էր ճիշդ դաստիարակել իր տղային։ Երբ աշխատավայրում իմացան նրա մահուան բօթը, բոլորը սգի մէջ էին։
-Հայրենիքն ու ընտանիքը, զինուորը ի՞նչ արժէքներ էին նրա համար։
-Եղիշէի համար հայրենիքն ու ծնողները, ընտանիքը ամէն ինչ էին եւ չէր կարելի դաւաճանել նրանց։ Նա մասնակցել է ինչպէս Աֆղանական, այնպէս էլ Արցախի երեք պատերազմներին, նա հայրենիքի մի մասնիկն էր, չմասնակցել չէր կարող, անհնար էր։ Ամուսինս շատ հոգատար էր ռազմի դաշտի տղաների նկատմամբ։ Երբ հետը խօսեցի, ինձ հիացած պատմում էր տղաների մասին. «Էնքան լաւ տղաներ կան, Սի՛ր, բոլորին տեր եմ կանգնում»։ Ինքը կարող էր որոշների պէս փախչել, բայց ոչմէկին չլքեց։ Փոքրիկ Գեւորգի գիշերանոցը հետն էր տարել, կապել էր փայտին ու դրօշակ սարքել։ Անգամ Գէորգին էր մտովի իր հետ տարել...։
-Ե՞րբ վերջին անգամ խօսեցիք միմեանց հետ։
-Նա մեկնել է ռազմադաշտ Հոկտեմբերի 1-ին մեծ յամառութեան շնորհիւ (մինչ այդ ՊՆ-ն պատճառաբանելով, որ այս պահին մարտի դաշտ մեկնելու կարիք չկայ, 3 անգամ մերժել էր նրա ջոկատին)։ Եղիշի հետ վերջին անգամ խօսել եմ Հոկտեմբերի 14-ին։ Հազիւ էր յուզմունքը զսպել ինձ հետ խօսելիս, ասաց,- կարող է հետ չգանք, Գէորգին կը մեծացնես։ Շատ դժուար արտասանեց այդ բառերը։ Նրան վերջին անգամ տեսել են Հոկտեմբերի 17-ին, երբ փորձել էր շրջափակումից շուրջ հարիւր մարդ դուրս բերել։ Ցաւօք, չստացուեց։ Հոկտեմբերի 17-ից Եղիշէն եւ միւսները անհետ կորած էին։
-Ե՞րբ գտաք նրան։ Պատկերացնում եմ, թէ ինչպիսի դժոխային ապրումներ էք ունեցել։
-Ես խելակորոյս փնտռում էի ամուսնուս, առաւօտեան արթնանում գնում էի ՊՆ, յետոյ իջնում Ուլնեցի, դրանից յետոյ Կարմիր խաչի գրասենեակ, յետոյ Մարդու իրաւունքների գրասենեակ։ Երբ ինձ ասացին, թէ իբր Եղիշէն գերի է, մէջս մի քիչ թեթեւութիւն եկաւ, երկու օր սկսեցի հաց ուտել։ Դեկտեմբերի 18-ին ինձ զանգեցին դիահերձարանից. ի հարկէ, ես չհասցրեցի ոչինչ ասել ու է՛լ ոչինչ չեմ յիշում։ Երբ ուշքի եկայ, հասկացայ, որ իմ սէրը այլեւս չկայ, եւ ամէն ինչ կանգ առաւ։ Իր ջոկատից վեց հոգի վիրաւորուել էին եւ հետ եկան, 8-ը մնացին մինչեւ վերջ պայքարելու. 4-ի դիակը գտան, միւս 4-ն էլ մինչեւ հիմա անյայտ կորած են։
-Հիմա ոտքի կանգնելու ժամանակն է, չէ՞ որ Գէորգին պէտք է մեծացնէք արժանավայել կերպով, ինչպէս Եղիշէն էր ուզում։
-Ես եօթ տարեկանում եմ կորցրել հայրիկիս, քանի որ անհայր եմ մեծացել, չէի ուզում, որ որդիս էլ անհայր մեծանայ։ Սակայն ինչ կարող եմ անել, սա է իրականութիւնը, այժմ Գէորգն էլ է անհայր։ Երբ լաց եմ լինում, 1,5 տարեկան Գէորգը արագ-արագ մօտենում է, անձեռոցիկ է բերում, աչքերս սրբում ու ինձ ուժեղ գրկում։ Նա շատ խելացի է, ինձ մնում է ապրել յանուն Գէորգի լուսաւոր ապագայի։
Ես Երեւանում ղեկավարում «Golden Future» կրթական կեդրոնն ու «Գեւգեւիկ» խնամքի եւ զարգացման կեդրոնը։ Ուժերս հաւաքել ու վերադարձել եմ աշխատանքի յանուն ապագայի։ Մեր պէս սէր չկար, մենք շնչում էինք իրարով՝ ես նրանով, ինքն ինձնով։ Հիմա մենք երկնքով, երկինքը մեզնով շարունակելու ենք ապրել։ Շատ եմ ափսոսում, որ այսքան մարդ զոհուեց, մեր բոլորի տան ճրագները մարեցին։
Յ.Գ.- Այս տարի Հրանդ Տինքի կորստի ցաւը բազմապատկուել է. այդ ցաւին աւելացել է մեր հազարաւոր զինուորների կորստեան ցաւը։ Ննջէք խաղաղաղութեան մէջ։