ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Լոռուա Դսեղում ծնուած 24-ամեայ Տաթեւիկ Աւետիքեանը երկար տարիներ է, ինչ ապրում է Վանաձորում։ Այս նուրբ ու քնքուշ հայուհին մասնագիտութեամբ բուժքոյր է եւ աշխատում է Վանաձորի բժշկական կեդրոնում։ Համաճարակի նոր տարածման ժամանակ նա Թուֆենկեան հիւրանոցի բուժքոյրն էր։ Յիշեցնենք, որ այդ հիւրանոցում էին 14-օրեայ կարանտինն անցել Թուրքիայից Հայաստան վերադարձած հայաստանցիները։ Տաթեւիկը, ինչպէս նաեւ միւս բուժաշխատողները համավարակից յետոյ յայտնուեցին Արցախի պատերազմի մղձաւանջում։
Երազից դէպի դառը
իրականութիւն
Սեպտեմբերի 27-ի առաւօտեան արթնացայ ինձ համար անհասկանալի երազից. ես կանգնած էի երկար սպիտակ զգեստով, իսկ շուրջբոլորս արիւն էր։ Ոչինչ չհասկացայ, յետոյ միայն համացանցից տեղեկացայ, որ պատերազմ է սկսուել։ Մայրիկիս պատմեցի գլխումս եղածը ու ասացի՝ մի՛ վախեցիր, զգում եմ՝ ես էլ եմ գնալու ռազմաճակատ։ Յաջորդ օրը գնացի աշխատանքի։ Մենք՝ բուժքոյրերս, զինուորական գրքոյկ ունենք, մենք համարւում ենք պահեստազօրայիններ։ Ինձ հետ աշխատող բուժքոյրերին զանգել եւ կանչել էին, որ ներկայանան զինկոմիսարիատ։ Ասում էի՝ եթէ ինձ չզանգեն, կամաւոր եմ գնալու։ Հերթը հասաւ ինձ... Մեր խմբի հետ մեկնեցինք առաջնագիծ (14 օր ապրել ենք այդ ամէնի մէջ)։ Եղել ենք Խնձորեսկում։ Այստեղ ծաւալուել էր առաջնային վրանային հոսպիտալ, որտեղ ողջ բուժանձնակազմով աշխատում էինք միահամուռ եւ ինքնամոռաց, գիշեր-ցերեկը կորցրած՝ փրկելով մարտի դաշտում վիրաւորուած զինուորների կեանքներ։
Անօդաչու թռչող սարքերը
մեր մշտական հիւրերն էին
Երջանիկ պատահականութեամբ, քանի որ մեր վրանային հոսպիտալները ՀՀ-ի տարածքում էինք տեղակայուել, մեզ վրայ արկեր չէին ընկնում։ Այդուհանդերձ անընդհատ օդային տագնապ էր, քանի որ անօդաչու սարքերը մեր մշտական հիւրերն էին։ Մարտերը ընթանում էին մեզանից ցած՝ Կուբաթլուի եւ մեզանից վեր՝ Լաչինի տարածքներում, իսկ մենք այդ երկուսի մէջտեղում էինք։ Աստծոյ հրաշքով էր, որ մեզ անօդաչուները չթիրախաւորեցին։ Առաջին օրը մի քիչ տագնապ կար՝ չես պատկերացնում, թէ ուր ես ընկել։ Ամբողջ ճանապարհին ինձ տրամադրում էի, որ, այո՛, կեանքում այսպէս էլ է լինում, շատ բաներ եմ տեսնելու։ Սակայն, երբ ընկնում ես այդ իրականութեան մէջ, հասկանում ես, որ պատկերացրածդ ոչինչ էր։ Ամէն պայթիւնի ձայնից զգաստանում էի։ Ասեմ աւելին՝ առաջին վիրաւորի հետ վախերդ յօդս են ցնդում։ Միայն մտածում ես, որ փրկես։ 2-3 օր յետոյ այդ սարսափելի ձայներն էլ են դառնում սովորական, նոյնիսկ սկսում ես տարբերել բոլոր զէնքերի ձայները։
14-օրեայ առաքելութեան
հրաշքը
Ամենամեծ հրաշքը մեր 14-օրեայ առաքելութեան ժամանակ ոչ մի մահ չունենալն էր։ Ինչպէս բժիշկներն էին ասում. «Մեր սեղանին մահ չի եղել»։ Ճիշդ է, եղել են դէպքեր, որ ցաւօք սրտի մեր վիրաւորներից մի քանիսը մահացան ճանապարհին՝ այդպէս էլ մեզ չհասնելով։ Չեմ մոռանում ամենատպաւորիչը, երբ միանգամից բերեցին մի խումբ՝ մօտ 30 վիրաւոր տարբեր վնասուածքներով։ Մի տղայ կար ոտքից վիրաւոր (վնասուել էր նրա ոտքի խոշոր երակը), ով արիւնաքամ էր լինում, քանի որ լարանը լաւ չէին ամրացրել։ Նրան դրեցին վիրահատական սեղանին ու սրտի կանգ տեղի ունեցաւ...։ Մեր թիմը հզօր էր, այս տղային վերակենդանացրեցինք, վիրահատեցինք, տեղափոխեցինք Երեւան։ Ինձ համար դա ամենամեծ նուաճումն էր։ Ցաւօք, ոչ մի տեղեկութիւն չունեմ նրանից եւ առհասարակ ոչ մէկից, այդ պահին անգամ դէմքն ու անունը չես յիշում...։
Այժմ արձակուրդի մէջ եմ, որից յետոյ կանցնեմ իմ բնականոն աշխատանքին Վանաձորի ԲԿ-ում։ Այս ընթացքում այցելել եմ Մուրացանի զինուորական հոսպիտալ։ Խոստովանեմ, որ երբեք այսպիսի ցաւօտ ապրումներ չեմ ունեցել։ Բակում կանգնած ոտքերս դողում էին։ Առաջին անգամ տեսայ, թէ ինչքան ուժեղ տղաներ ունենք, որոնք այդ անիծուած պատերազմից վիրաւոր ու հաշմանդամ դարձան։ Պատերազմի օրերին չէի հասցնում հաշուել վիրաւորներին (14 օրուայ մէջ 1500-ից աւել վիրաւոր ենք ունեցել)։
Վիրաւոր մարմինը աւելի հեշտ կը բուժուի, քան վիրաւոր հոգին
Ա՛խ, հոգի՛ն... Շա՛տ դժուար է։ Անգամ ինձ համար էր դժուար։ Երբ վերադարձել էի, ինձ թւում էր՝ ես ոչինչ չեմ արել, այստեղ՝ սահմանից հեռու, ոչինչ չեմ անում։ Այնտեղ դու քեզ պիտանի ես զգում, օգնում ես։ Պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք ոտքի կանգնել, մեր ապագայ սերունդների համար անհոգ ապագայ կերտել, որ նրանք էլ այսքան դաժանութիւն չտեսնեն, որ պատերազմը նրանցից էլ այսքան մարդու չխլի, ինչքան որ ամէն մէկիցս խլեց։ 2020 թուականը ստիպեց բոլորիս գնահատել այն, ինչի մասին երբեք չենք մտածել։ Գնահատել զինուորին, ով իր կեանքի գնով հսկում է բոլորիս անդորրը։ Գնահատել բուժաշխատողներին, ովքեր համավարակի ընթացքում պատերազմի առաջին իսկ պահից թողեցին իրենց առօրեան, տունն ու, մի վայրկեան անգամ մահուան մասին չմտածելով, նետուեցին զինուորին փրկելու։ Ախր բոլորս էլ լաւ գիտակցում էինք, որ կարող է պատահի, որ մենք էլ հետ չգանք, սակայն եսապաշտութեան ժամանակը չէր...։
Իսկ շատերը իսկապէս հետ չեկան։ Պատերազմն ինձանից շատ ծանօթների խլեց, նրանց մեծ մասը աչքիս առաջ են մեծացել ու հիմա էլ չկան։ Հօրեղբօրս տղան այս պահին ժամկէտային զինծառայող է, ամբողջ ընթացքում մասնկացել է պատերազմին։ Նա ողջ է, սակայն Արցախի պատերազմը չի աւարտուել...։