ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Մեծն Չարենցի իմաստուն խօսքերով առաջնորդուելու ժամանակն է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»։ Այս իրավիճակում պէտք է միաւորուենք ազգովի՝ առանց «նախկին» ու «ներկայ» պիտակաւորումների։ Կլոր սեղանի շուրջ պէտք է հաւաքուեն ոլորտի արհեստավարժ մասնագէտ եւ պատասխանատու անձինք։ Անկախ ամէն ինչից, պէտք է իրավիճակը վերլուծել եւ հասկանալ՝ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ ենք ուզում ունենալ վաղը, ի՞նչ ներուժ ունենք, ի՞նչ խոչընդոտներ ունենք, ինչպիսի՞ աջակիցներ ունենք։ Պէտք է սահմանենք տեսլական՝ ինչպիսի՞ հայրենիք ենք ուզում տեսնել, ինչն իրագործելու համար պէտք է ունենանք երկարաժամկէտ ու կարճաժամկէտ ռազմավարական նպատակներ։ Այդ նպատակներին հասնելու համար պէտք է կազմենք գործողութիւնների պլան՝ կոնկրետ ժամկէտներով, պատասխանատուներով եւ արդիւնքների չափման յստակ մեխանիզմներով։ Իւրաքանչիւր գործողութեան հիմքում նախեւառաջ պէտք է դրուի հայրենիքն այս ճգնաժամից դուրս բերելու գաղափարը»։
Լիլիթ Մկրտչեան
Սանկտ Պետերբուրգի «Ուրարտու» հայկական կիրակնօրեայ դպրոցի Հայոց պատմութեան ուսուցչուհի
-Յարգելի Լիլիթ, այս Ամանորին բոլորիս միտքն ու սիրտը հայրենիքի հետ են. ի՞նչ տօներ, երբ ամենուր ցաւ կայ։
-Հայ ժողովրդի հետ պատահած չարիքից ցաւն ու կսկիծն այնքան խորն են, որ լինելով 2 զաւակների մայր, ինքս ինձ հետ կռւում եմ՝ ինչպէ՞ս ապրել այսքանից յետոյ։ Աննկարագրելի է այդ զգացողութիւնը, երբ մարմնիդ ողջ բջջային համակարգը ցաւագարութեան մէջ է, իսկ դու անզօր ու տկար ես ինչ-որ բան փոխելու հարցում…։ Չնայած այս ծանր զգացումներին՝ Ամանորին երեխաներիս պարգեւած ամենաթոյլ ժպիտն անգամ սթափութեան կոչ է ինձ, գուցէ եւ շատ մայրերի համար, որ անկախ ամէն ինչից երեխաները պէտք է զարդարեն եղեւնին, ուրախանան։ Եղեւնին, առհասարակ, մշտադալարութեան, կանգունութեան ու կայունութեան խորհրդանիշ է, որ վեհօրէն դիմակայում է սաստիկ ձմրան փորձութիւններին, ցրտից չի՛ հառաչում, չի՚ փոխում նոյնիսկ իր կանաչը։ Եթէ մենք՝ որպէս ազգ, որպէս ժողովուրդ, ցանկանում ենք ոտքի կանգնել, ապա մենք այս մշտադալարութեան խորհրդանիշը պիտի անպայման ունենանք ու պիտի կրենք մեր սրտերում։ Հայ մանուկներն անպայման պէտք է ունենան ամանորեայ հեքիաթ։ Ի վերջոյ, մանկութիւնն էլ մի ակնթարթում պատանեկութեան է փոխակերպւում…։ Արդեօք մեր սուրբ նահատակները գիտէի՞ն, որ 2020-նն իրենց ծաղկուն կեանքի վերջին Նոր Տարին էր լինելու։ Մե՚նք էլ չգիտենք մեր վաղուայ օրը, բայց գոնէ մեր ներուժի առաւելագոյնը պիտի ներդնենք՝ այն աւելի կայուն ու խաղաղ տեսնելու համար։ Պէտք է ինքնամաքրմամբ ու ապաշխարութեամբ պատրաստուել Սուրբ Ծննդին։ Աշխարհում որպէս 1-ինը քրիստոնէութիւնն ընդունած երկիր, պէտք է իսկապէս արժանի լիենենք Քրիստոսին, պիտի ապրենք Քրիստոսի մաքրութեամբ, պիտի չարին տուրք չտանք մեր սրտերում եւ պիտի Քրիստոսով ուժեղ լինենք մեր արդար պայքարում։ Մեր աշխատասիրութեամբ, մեր միասնականութեամբ ու անկոտրում կամքով միայն կ՚ունենանք յաղթանակներ, վերելքներ եւ այս խուլ ու կոյր աշխարհը գուցէ մի օր հասկանայ, որ հայ ազգին կոտրել չի լինի. մենք Բիբլիական երկրից ենք սերում, մեր ուժն ի վերուստ է։
-Հայ-ատրպէյճանական նախկին թշնամական յարաբերութիւններին աւելացել են նոր՝ խոշտանգուած Արցախի ու Հայաստանի ծանր ապրումները։ Այս սրտով, այս ատելութեան մթնոլորտում, ինչպէ՞ս ենք առերեսուելու նոր իրականութեանը։
-Աւաղ, շատ դժուար է առերեսուել այն իրականութեանը, ինչն ունենք այսօր։ Ինքս, լինելով սիւնեցի, ծնուել եմ Ստեփանակերտում։ Դպրոցական տարիներիս գրեթէ բոլոր ամառային արձակուրդներն անցկացրել եմ Արայի երկիր Արցախում։ Այսօր վտանգուած է իմ Արցախն ու Սիւնիքը. այս հարցում չեմ կարող չլինել զգացմունքային։ Անհանդուրժողականութիւնը գլուխ է բարձրացնում, երբ հարազատ հողումդ վտանգուած են հարազատներիդ, հայրենակիցներիդ խաղաղ ապրելու պայմանները։ Հայ-ատրպէյճանական յարաբերութիւնները ոչ թէ նախկինում, այլ ներկայում էլ թշնամական են եւ դժուար թէ լինեն բարեկամական։ Մի ժողովուրդ, ով իր նորածնին սնող կաթն անգամ հրամցնում է հայի նկատմամբ ատելութեամբ, հային սպաննելու ու ոչնչացնելու պատգամով, չի կարող երբեք լինել մեզ բարեկամ։ Իմ 8-ամեայ դուստրը հայ-ատրպէյճանայ-թուրքական այս պատերազմի մասին տեղեկացաւ ռուսական լրատուականից եւ շատ զարմացած հարցրեց. «Մայրի՛կ, այս ի՞նչ պատերազմ է մեր հայրենիքում, մի՞թէ մենք թշնամիներ ունենք։ Ինչպէ՞ս կարելի է թշնամիներ ձեռք բերել, չէ՞ որ բոլորի մէջ բարին ենք տեսնումե։ Մինչդեռ մեր հարեւան երկրի մանկապարտեզներում անգամ երեխաների մանկութիւնը պղտորւում է հայերի նկատմամբ թշնամանք սերմանելով։ Չմոռանանք քնած հայ սպա Գուրգեն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում Ատրպէյճանը շնորհեց հերոսի կոչում։ Նման օրինակները բազմազան են…։ Դա փաստուում է պատերազմի ժամանակ արգելուած զինատեսակներով հայատեացութեան հիման վրայ էթնիկ հայերի բնաջնջմամբ, անտառների այրմամբ, փաստուում է մեր գերիների նկատմամբ մինչ օրս ցուցաբերուած անմարդկային ու դաժան վերաբերմունքով…։
- Անհնա՞ր է հայերի ու ատրպէյճանցիների նոր երկխօսութիւնը։
-Ստեղծուած իրավիճակում մտածելով ապագայում հայերի ու ատրպէյճանցիների կողք կողքի «հաշտ» ապրելու մասին՝ չեմ կարող պատկերացնել, թէ արդեօք դա հնարաւոր է։ Դեռեւս ԽՍՀՄ-ի կազմում հայերը ատրպէյճանցիների կողմից բազմիցս դաժանօրէն սպանուել, ենթարկուել են բռնութիւնների։ Քարվաճառի անտառներում յաճախակի էին յայտնաբերւում հայ տղամարդկանց ու կանանց դիեր։ Մայրս մի օր պատմեց՝ ատրպէյճանցին այնքան երկերեսանի է, որ երեսիդ ծիծաղելով քեզ հետեւից կը հարուածի։ Ցաւօք, նման միջադէպի զոհ էր դարձել իր հայրը՝ որբ թողնելով 4 զաւակներին, ինչպէս նաեւ միայնակ իր կնոջը։ Պատահական չէր մի ողջ ժողովուրդ ոտքի կանգնել՝ տէր կանգնելու իր ինքնորոշման իրաւունքին։ Այսօր էլ Արցախի իմ բարեկամները դժվար օրեր են ապրում, կեանքի ու մահուան արահետներով ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ հասել են հայրենի հող…։ Այլեւս շատ բան Արցախ-Հայաստան կապող ճանապարհին վտանգուած է հայերի ազատ ելումուտի առումով (սոցցանցերում տեսահոլովակներ են տեղադրուած, թէ ինչպէս են ատրպէյճանական խոշոր բեռնատար մեքենաները ծաղրանքով խոչընդոտում հայկական մարդատար մեքենաների երթեւեկութիւնը Բերձորի միջանցքով)... եթէ հեգնանքը, ատելութիւնը, բռնութիւնը կան, հնարակո՞ր է...
Այսօր ռուս խաղաղապահներն Արցախի բնակչութեան խաղաղութեան երաշխաւորներն են։ Հայերի շրջանում շրջանառուող «ռուսները մեզ դաւաճանեցի» արտայայտութիւնը տեղին չէ։ Նախ պէտք է հասկանալ, որ Ռուսաստանը, որպէս մեզ դաշնակից երկիր, ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտաւորութիւններ ունէր Հայաստանի նկատմամբ, այլ ոչ թէ Արցախի։ Եւ առանց Հայաստան–Ատրպէյճան երկկողմ համաձայնութեան Ռուսաստանը չէր կարող մտնել Արցախ։ Նա մտաւ առաջին իսկ հնարաւոր տարբերակի ի յայտ գալուն պէս, որը, ցաւօք, չարաբաստիկ համաձայնագիրն էր։
Մեծն Չարենցի իմաստուն խօսքերով առաջնորդուելու ժամանակն է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»։