ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Մենք պիտի նորից մեր միջից առաջ քաշենք մարդկանց, ովքեր արժանի են լինելու այնտեղ, որտեղ նրանք հայրենիքի կառուցման, վերակառուցման զարգացման համար խօսք ունեն ասելու, գործ ունեն անելու»։
Հերիքնազ Աւագեան
«Եթէ յետադարձ հայեացք նետենք դէպի անցեալ՝ մեր նախորդ իշխանութիւններին, պիտի ազնիւօրէն խոստովանենք, որ պատրաստ չէինք ընդունել ճշմարտութիւնը։ Այն ճշմարտութիւնը, ինչը շատ պարզ ձեւով բացատրում էր Լեւոն Տէր-Պետրոսեանը, եւ մենք նրան որակում էինք որպէս «հող տուող»։ Կարծում եմ այսպէս՝ միայն թղթի վրայ գրելով եւ ելոյթ ունենալով չպիտի սահմանափակուէր։ Նա տեսնում էր այն, ինչ չէինք տեսնում մենք, եւ դա ինչ-որ տեղ բնական է։ Վերջապէս նրան տրուած էր մի տեսլական, որը չունէր հասարակ ժողովուրդը։ Նա պիտի մի քիչ աւելի լայն աշխատանք տանէր ժողովրդին պատրաստելու, ժողովրդին հասկացնելու, որ այդ յամառութիւնը մեզ վերջիվերջոյ կորուստի պիտի տանէր։ Չգիտեմ, իհարկէ, ժողովուրդը այդ ժամանակ կը հասկանա՞ր, թէ՞ չէր հասկանայ։ Սակայն այսօրուայ կորուստներից յետոյ, երբ մենք կարծես արթնացանք ու երբ նայեցինք՝ տեսանք, որ ԼՂ հակամարտութեան կարգաւորման ամենաճիշդ տարբերակը նախանշում էր Լեւոն Տէր-Պետրոսեանը»,- ասում է Հրանդ Տինք վարժարանի տնօրէն տիկին Հերիքնազ Աւագեանը՝ անդրադառնալով մեր սխալներին։
-Տիկին Աւագեան, ինչո՞ւ ազգովի հասանք այնտեղ, որտեղ հիմա ենք։
-Չեմ էլ ուզում անդրադառնալ նախկիններին, որովհետեւ այդ աղքատ, փոքր Հայաստանում ինչերի էին հասել նրանք, արդէն ամէն հարցի պատասխանը տալիս է։ Նրանց նպատակը դարեր շարունակ երազած ու անկախութիւն ձեռք բերած հայրենիքի շենացումը չէր, հայրենիքը չէր։ Աւելի ցաւալի է այսօրուայ իշխանութիւնից այսպէս յուսահատ լինելը, որովհետեւ այդ իշխանութեանը մենք էինք ընտրել եւ հաւատում էինք նրան։ Այո՛, մեծ պատասխանատուութիւն ենք դնում այս նոր իշխանութեան վրայ, բայց այնպէս չէ, որ մենք պատրաստ չէինք նրան օգնելու։ Ժողովուրդը մեծ հաւատ ունէր եւ սպասում էր։ Համոզուած եմ՝ ինձ նման շատ-շատերը արդէն անհագիստ էին այդ անիմաստ «թակիշից», որը համարեա թէ հաւասար է նախորդ իշխանութիւնների թալանին։ Եթէ մենք՝ հասարակ քաղաքացիներս, պահանջում էինք, որ այլեւս կը բաւէ՛ թաւիշ, մենք պահանջում ենք, որ իշխանութիւնը գործածի իր բոլոր լծակները, որ պատժուեն յանցագործները, որ ,այո՛, ժողովրդից թալանուածը ետ բերուեր եւ այն հիմք հանդիսանար պետութիւնն ամրացնելու։ Մենք չտեսանք, եւ այդ չտեսնելու հետեւանքներից մէկն էլ դարձաւ անպատրաստ բանակը։ Այսօրուայ իշխանութիւնը, կարծես, արմատական փոփոխութիւնների չի գնում։ Ինչ եղել՝ չի եղել, երբ նայում ես, թէ ինքը ինչ քայլերով է առաջ գնում, յուսահատութիւն կայ։ Գուցէ կարճ ժամանակի համար դեռ պէտք է մնայ Փաշինեանը, բայց ա՛յս քայլերով, ա՛յս բնաւորութեամբ, ա՛յս կառավարման ձեւով նա չի արդարացրել եւ չի էլ արդարացնելու մեր սպասելիքները։ Նա աւելի շատ գոռաց, աւելի շատ խոստացաւ, քան կատարեց։
Երբեմն յուսահատւում եմ, երբեմն էլ, երբ նայում եմ այն քննարկմանը, որը կատարւում է շատ երիտասարդների կողմից, մտածում եմ՝ մենք պիտի հաւատանք այս սերնդին։ Մենք պիտի նորից մեր միջից առաջ քաշենք մարդկանց, ովքեր արժանի են լինելու այնտեղ, որտեղ նրանք հայրենիքի կառուցման, վերակառուցման զարգացման համար խօսք ունեն ասելու, գործ ունեն անելու։
-Իբրեւ ՀՀ քաղաքացի՝ ո՞րն է ձեր սխալը։
-Երբ ես փորձում եմ հասկանալ, թէ ո՞րն է իմ սխալը՝ որպէս քաղաքացի, որպէս հայ մարդ, որի սիրտը ցաւում է այդ փոքր հայրենիքի համար, ես ինձ գտնում եմ այն վայրում, որտեղ աշխատում եմ։ Եւ իմ կարծիքով աշխատում եմ ազնիւօրէն եւ փորձում եմ իմ ունեցած ողջ գիտելիքները ներդնել երախաների դաստիարակութեան ճիշդ հիմքերի համար՝ միշտ ինքնաքննադատելով, միշտ զգուշաբար մօտենալով, միշտ մեծ տեղ տալով երախաների կարծիքին, փորձելով նորովի նայել ամէն ինչին։ Թւում էր, եթէ ես որպէս քաղաքացի, իմ ստացած մասնագիտութեան մէջ ազնիւ եմ քայլում, ուրեմն ես հայրենասէր մարդ եմ։ Սակայն այս պատերազմից յետոյ մի քիչ հայեացքներս փոխուեցին. ես հասկացայ, որ դա քիչ է, ես իրաւունք չունեմ սահմանափակուել իմ աշխատանքի մէջ՝ չափանիշը դարձնելով արդար եւ ազնիւ աշխատանքը։ Այսուհետ ամէն մէկս պարտաւոր ենք լինել մի քիչ քաղաքագէտ, մի քիչ միջազգայնագէտ, մի քիչ հասկանալ զինուորական կարգ ու կանոնից։ Աւելին՝ փորձել հասկանալ՝ մենք ունե՞նք մարտունակ բանակ ասուածը, իրականութեանը համապատասխաանո՞ւմ է, թէ՞ ուրճացած, մեր հիւանդ ինքնասիրութիւնը շոյող նախադասութիւններ են, ինչպէս ցոյց տուեց այս պատերազմը։
-Մեծ կորուստներ ունեցանք, շատ սխալներ, այսքանից յետոյ լուսաւոր ապագայի յոյս կա՞յ։
-Ամենից դառը կորուստներն էին՝ այդ երիտասարդ սերունդը, որոնց առաջ միայն խոնարհուելով կամ նրանց մայրերի ձեռքը համբուրելով՝ չի վերջանում այս ամէնը։ Այդ մատաղ սերնդի մահուան գինը շատ ծանր պիտի նստի թէ՛ իշխանութեան, թէ՛ ամէն մէկիս վրայ։ Երբ տեսնում եմ, որ մարդիկ չեն պատրաստուում դրա պատասխանը տալ կամ պատասխանատուութեան կանչել մեղաւորներին, երկիւղում եմ։ Եթէ այսօր իմ կատարած սխալները ճիշդ ճանապարհով չեմ փորձում շտկել, թաքցնում եմ կամ նորից անգործութեան եմ մատնւում, սա շատ վտանգաւոր է եւ այլեւս իմ յոյսն ու հաւատն է կորսւում այն անձի նկատմամբ, կարեւոր չէ, անունն ինչ է, որին ես յուսացել եմ, որին ես որպէս քաղաքացի նուիրուել եմ եւ փորձում եմ իմ դիրքի մէջ ինձ ճիշդ պահել։ Դժբախտաբար, տեսնում եմ, որ մեր կառավարութիւնը այդ հասարակ քաղաքացու կատարած քայլերից անհամեմատ ցած է կանգնած։ Միւս կորուստը, ցաւօք, պատմութեան մէջ կրկնուող տարածքային կորուստներն են, կորուստների շարքը լրացնող կորուստներ են եւ դեռ ո՞ւր ենք հասնելու՝ շատ անյայտ է։ Այո՛, երբ վարչապետն ասաց, ձեզ պէ՞տք է Շուշին, եւ այդ խօսքը շատ մարդիկ իրենց ուզած ձեւով խեղաթիւրեցին, վարչապետն ուզում էր ասել՝ եթէ մեզ համար թանկ է այդ քաղաքը, թանկ են այդ հողերը՝ ինչո՞ւ էին այդ վիճակին։ Բայց նոյն հարցը մենք պիտի տանք իրեն, իսկ ո՞ւմ էք հարցնում, իսկ որտե՞ղ էիք դուք մինչեւ հիմա (հիմա կասենք որ ժամանակը կարճ էր, 1 տարի յետոյ վրայ հասաւ կորոնավիրուսը)... Երբ մենք տեսնում ենք, թէ ում է հաւաքել վարչապետը իր շուրջը, յոյսը ներշնչող չէ՞ եւ դա մեր սխալների ամենամեծ պատճառներից մէկն էր (նրա շուրջը չէինք տեսնում մարդկանց, որոնք իրօք պիտի օգնէին նրան ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը)։ Մենք հրաշալի կրթուած սերունդ ենք ունեցել։ Ոչ միայն ես, շատերը կը վկայեն, թէ մեր ուսանողական ընկերներից որքան խելացի մարդիկ չկան ասպարէզում։ Նրանք կա՛մ քաշուել են որեւէ գիւղ համեստ մի աշխատանք են անում, կա՛մ լքել են երկիրը։ Դրանց շատ արագ ձեւով հաւաքել էր պէտք եւ անհնարին չէր։ Ես ինքս շատ փորձեցի որոշ մարդկանց առաջարկել, որոշ մարդկանց ցոյց տալ, բայց նրանք քայլ անելու այդ պատրաստակամութիւնը չունէին։
Հաւատո՛ւմ եմ, որ պիտի կարողանանք վերկանգնուել, հաւատո՛ւմ եմ, որ այն ինքնադատապարտման մէջ, որ ընկել ենք մենք ամբողջ ազգով, հասկացել ենք՝ չի կարելի աշխարհին նայել մեր ցաւի միջից եւ փորձել աշխարհին նայել տալ մեր հարցերին՝ մեր ցաւերի միջից։ Հասկացել ենք, որ չկան մշտական բարեկամներ կամ պետական շահեր, հասկացել ենք, որ մենք քաղաքականութեան մէջ պիտի կրթուենք, հասկացել ենք, որ մեզանից ամէն մէկը առհասարակ կրթուելու, վերափոխուելու կարիքն ունի եւ կարծում եմ, եթէ սա իսկապէս հասկացել ենք՝ յոյս կայ։ Բայց երբ ես կարդում եմ Յովհաննէս Թումանեանի նամակն ուղղուած Աւետիք Իսահակեանին՝ հոգիս լցւում է տխրութեամբ. թէ՛ դրսից, թէ՛ ներսից քանդեցինք մեր երկիրը... Մենք նոյնն էինք ասես, ինչ եղել էինք 100 տարի առաջ։ Երանի այսուհետ փոխուենք...։