ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Ես ծնուել եմ Մարտունու շրջանի Հերհեր գիւղում, որի պատմութիւնը սկսւում է 4-5-րդ դարերից։ Պատերազմի ձեռագիրը մեր ընտանիքին ծանօթ է դեռեւս 90-ականներից։ Հայրս՝ Շահիս Ալեքսանեանը, Հերհերի Ալիս Սիսեռեանի անուան միջնակարգ դպրոցի ռազմագիտութեան ուսուցիչն էր։ Երբ սկսուեց Արցախեան շարժումը, գրիչը թողեց մատեանում ու զէնք բռնեց՝ մեր ձորակի տղաների եւ իր սիրելի սաների հետ մասնակցելով մեզ պարտադրուած պատերազմին։ Այդ պատերազմի հազարաւոր զոհերից մէկը հայրս էր։ Նա զոհուեց՝ մօրս խնամքին թողնելով 4 անչափահաս երախաների։ Ես ընդամէնը մէկ տարեկան էի. պատերազմի սարսափը յիշում եմ մօրս պատմածներից։ Յիշում եմ, թէ ինչքան վատ էինք ապրում. նոր տուն էինք կառուցել, բայց դեռ աւարտին չէր հասցրել հայրս. ուտելու, հագնելու ոչինչ կար։ Մայրս՝ Զոյա Ապրեսեանը, նոյն դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհին էր։ Նա մեզ մխիթարում էր, յոյս ու հաւատ ներշնչում ապագայի հանդէպ, պատմում էր հօրս ու զինակից ընկերների սխրանքները՝ յիշեցնելով, որ հողը նրանց արեամբ է շաղախուած։ Մայրս մեզ պահեց, փայփայեց, ուսման տուեց (բոլորս բարձրագոյն կրթութիւն ստացանք), ամուսնացրեց»,-մեզ հետ զրոյցում պատմում է Արմենուհին՝ Արցախեան երկու պատերազմով անցած Ալեքսանեանների ընտանիքի 4 երախաներից մէկը։ Արմենուհին ամուսնացել եւ ընտանիքի հետ ապրում էր Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղում։
-Արմենուհի, գողտրիկ Թաղավարդը յայտնուեց պատերազմի ճիրաններում, ինչպէ՞ս սկսուեց չարիքը։
-Թաղավարդը իսկապէս գողտրիկ անկիւն է՝ ծուարած լեռների գրկում, երեք կողմից շրջապատուած թաւ անտառներով, իսկ չորրորդ կողմից պարզ երեւում են Քիրսա սարի մեծ ու փոքր գագաթները։ Մինչ պատերազմը գիւղի դպրոցում հայոց լեզու եւ գրականութիւն էի դասաւանդում։ Գիւղում կեանքը գեղեցիկ էր, հրաշալի խաղաղ օրեր էին։ Գիւղացիները հողագործութեամբ, անասնապահութեամբ էին զբաղւում։ Մի խօսքով, գիւղում ամէն մէկը իր գործն էր անում։ Սեպտեմբերի 27-ը սեւով գրուեց մեր պատմութեան մէջ. 7 անց 15-ին կրակոցներ լսուեցին. երախաներս (տղաս՝ 3տ., աղջիկս՝ 6տ.)ահով վեր թռան անկողնուց։ Անընդհատ նրանց հանգստացնում էի, բայց ներքուստ զգացի, որ ինչ-որ բան այն չէ։ Ամուսինս եւ կեսրայրս դուրս եկան տնից, եւ սարսափելի լուրը յայտնի դարձաւ։ Ամուսինս գիւղի երիտասարդների հետ ճանապարհուեց ռազմաճակատ՝ մեզ թողնելով անորոշութեան մէջ։ Հետզհետէ գիւղում վիճակը վատանում էր։ Վերեւից անօդաչու թռչող սարքերը կրակ էին թափում մեր գլխին, հրետակոծում էին։ Կեսուրս ստիպեց, որ երախաներին հանեմ գիւղից։ Սեպտեմբերի 31-ին հրաժեշտ տուեցինք հայրենի Թաղավարդին։
-Կը մտածէի՞ք, որ էլ ետդարձ չի լինելու։
-Ո՞վ գիտէր, որ արեւի բոսոր ճառագայթներից բլուրներին փռուած ծիրանին սեւ գոյն կը ստանար։ Գիւղից հեռանալիս չէի ուզում հետ շրջուել, որ չտեսնէի անձեռակերտ այդ հրաշքը, չէի մտածում, որ ընդմիշտ կը կորցնեմ այն։ Մտածում էի, որ մի քանի օրից ետ կը դառնանք, նորից ընտանիքով սեղանի շուրջ կը նստենք, եւ հայրական տունը կը թնդայ մեր ուրախ ու զուարթ ձայներից։ Սակայն տունը թողեցինք հեռւում. գոց մնացին ե՛ւ տան դռները, ե՛ւ դարպասները։ Տան բանալիները «թաղեցի» իմ երազանքների ու նպատակների հետ՝ յոյս ունենալով, որ մի օր կրկին Արցախում նոր տուն կ՚ունենանք...։ Այժմ Թաղավարդի մի մասը ատրպէյճանցիների հսկողութեան տակ է։ Այնտեղ, որտեղ ատրպէյճանցիներն են, մեր տունն է, ինչպէս նաեւ քրոջս տղայի գերեզմանը։ Ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ ընտանիքիս անդամները կապ են հաստատել, որ կարողանանք էրիկի գերեզմանը տեղափոխել մեզ մօտ։ Նա խոստացել է, որ այդ ուղղութեամբ աշխատանք է տանելու։
-Մարդկային կորուստներն են անդառնալի, ընտանիքում զոհուած զինուորներ ունէ՞ք։
-Փառք ու պատիւ յաւերժութեան ճամբորդ դարձան հազարաւոր նահատակներ։ Ցաւը մեծ է. ուժ չունենք դիմանալու, բայց իրականութիւն է, որ կորցրինք 2000-2002թթ.-ի սերունդը։ Զոհուեցին քրոջս տղան, հօրաքրոջս տղան... Քրոջս տղան՝ Էրիկ Հովսեփեանը, զինուորութեան էր մեկնել 2020թ. Յունուարի 8-ին։ Էրիկը կենսուրախ էր, կեանքը եռում էր նրա երակներում։ Անչափ դաստիարակուած, մեծերին յարգող, մարդասէր արցախցի էր։ Միշտ եղբօրը եւ քրոջը սովորեցնում էր սիրել ընտանիքը, հարազատներին ու բարեկամներին։ Երազանքներ ունէր, ուզում էր ծառայութիւնն աւարտելուց յետոյ ապրել Ստեփանակերտում. հոգատար տղան փափաքում էր աջակցել հօրը։ Հայրը մսավաճառ էր, եւ ուզում էր թեթեւացնել հօր հոգսերը։ Աւաղ, Էրիկի երազանքները չկատարուեցին՝ անգամ չհասցրեց վարդեր նուիրել սիրելիին...։ Հօրաքրոջս տղան՝ Արցախի եւ Հայաստանի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, երկու տղաների հայր Ալեքսանդր Յարութիւնեանն է։ Նրան էլ չշրջանցեց պատերազմը... Չգիտեմ ինչպէ՞ս մխիթարուենք, չէ՞ որ ամէն ինչ գլխիվայր շուռ եկաւ...։
-Ո՞ւր տարավ ձեզ պատերազմը։
-Գիւղը թողեցինք եօթ սարի ետեւում։ Երկու երախաներիս եւ ամուսնուս քրոջ տղայի հետ հասանք Հայաստան։ Ճանապարհին ոչ մի բառ չխօսեցի ո՛չ վարորդի, եւ ո՛չ էլ ինձ հետ Հայաստան հասած Նուարդի հետ, ով երեք երախաներին նոյնպէս հանել էր այդ դժոխքից։ Հասանք Գորիս ու ապաստանեցինք Ռազմիկ Պօղոսեանի տանը։ Վեց փոքրիկ երախաներ եւ երկու կին։ Տանտէրը տանը չէր, մեզ տան բանալիներն էին փոխանցել. յետոյ իմացանք, որ նա ապրում էր Տիգրանաւանում (Տիգրանաւանն էլ անցաւ ատրպէյճանցիների հսկողութեան տակ)։ Չգիտէինք, որ դեռ բարի մարդիկ կան։ Մի տան մէջ ապրում էինք 19-20 հոգով՝ առանց տրտնջալու, առանց որեւէ դժգոհութեան։ Միակ լուսաւոր կէտը պատերազմի դաշտում գտնուողներից լուր ստանալն էր։
Երախաները նոր կեանքի մէջ անգամ փնտռում էին իրենց հեծանիւն ու տիկնիկը, իրենց խաղալիքները։ Երբ Գորիսում սկսուեցին պայթիւններ լսուել՝ երախաները Արցախի բարբառով ասում էին՝ սամոլյոտը բամբիտ ա անում, պապան կռիւ ա անում, էսա կիլան ա մեզ տան» (ինքնաթիռը ռմբակոծում է, հայրիկը կռւում է, շուտով գալու է մեզ տանի)։
Մայրս աւելի ուշ՝ Հոկտեմբերի վերջին միացաւ մեզ՝ տանջուած, քրքրուած, աւերուած հոգով։ Նա Հերհեր գիւղում թողեց մի ողջ կեանք՝ տարիների ընթացքում հայրենասիրութեան ոգով մարդկանց ստեղծածը, մշակոյթը, Սբ. Սարգիս եկեղեցին՝ Ամարասի ամառանոցը, հօրս գերեզմանը՝ մեր սրբավայրը, մեզ ուժ տուող, ապագայի նկատմամբ յոյս ներշնչող տապանաքարը։
Գորիսից յետոյ բնակութիւն հաստատեցինք Երեւանում։ Այդ միջավայրը մեզ համար խորթ էր, ուզում էինք վերադառնալ, բայց ո՞ւր։
-Արցախցիները արդէն վերադառնում են, իսկ ի՞նչ էք մտածում վերադարձի մասին։
-Ի հարկէ, վախենում եմ վերադառնալ, չեմ պատկերացնում հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորմանը, կողք կողքի ապրելուն։ Այնտեղից լուրեր ենք լսում, որ դեռ կրակոցները չեն դադարել, երբեմն հայ կամ ատրպէյճանցի են սպանում։ Բայց միեւնոյն է, մեր հողն է, մեր հայրենիքը, պիտի գնանք եւ այնտեղ ապրենք։ Չնայած մնացինք անտուն, անհայրենիք, բայց հայի ճակատագիր է։ Իւրաքանչիւր խաւար գիշեր իր արշալոյսն ունի։ Գուցէ մեր դժոխային կեանքն իր աղոտ լոյսը ունի... Հաւատա՞նք...։
Յ.Գ. Արմենուհուց տեղեկացայ, որ նրանք ընտանիքով առաւօտեան Արցախ են վերադառնում։ Աղջիկը շատ տագնապած էր, վերադառնում են հայրական տուն՝ Հերհեր, քանի որ Թաղավարդի իրենց տանը այլեւս ատրպէյճանցիներն են։ «Գուցէ լոյս չլինի եւ չկարողանամ աւելի վաղ ընթերցել հարցազրոյցը։ Չէ՞ որ անյայտութեան գիրկն ենք գնում, սակայն գիտենք, որ գնում ենք մեր երազանքների ետեւից»,-ասում է Արմենուհին։