ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Աշակերտներս ու իրենց ընտանիքները տեղափոխուել են Հայաստանի տարբեր մարզեր։ Մի տեսակ ճակակագիրը կրկնուելու յատկութիւն ունի, եթէ լաւ չես սերտում դասերը... Ցաւօք, սփռուել ենք ամենուր, բայց ոչ մեր իրական տանը... Այգեհովիտը մնաց մեր սրտերում, այժմ այնտեղ ատրպէյճանցիներն են»,-մեզ հետ զրոյցում ասում է Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ համայնքի դպրոցի ուսուցչուհի Նարինէ Պօղոսեանը։
-Ինչո՞ւ Պրահայից յետոյ Արցախ տեղափոխուեցիք։ Քաղաքից յետոյ գիւղում ինչպէ՞ս յարմարուեցիք։
-Մինչ Արցախ տեղափոխուելս՝ մօտ մէկ տարի ապրում եւ աշխատում էի Չեխիայի Հանրապետութեան մայրաքաղաք Պրահայի մասնաւոր անտառային դպրոցներից մէկում՝ որպէս արուեստի ուսուցչուհի։ Որոշում կայացրեցի վերադառնալ եւ նոյնը անել իմ հայրենիքում, քանի որ ուսուցչի կարիք մեր գիւղերում աւելի շատ կայ։ «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամեայ առաջնորդութեան ծրագրի միջոցով տեղափոխուեցի Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ համայնք, որտեղ սկսեցի աշխատել դպրոցում՝ իբրեւ ռուսաց լեզուի եւ գրականութեան, նաեւ արուեստի ուսուցիչ։
Ի սկզբանէ սպասումներս չէին արդարացել։ Արցախի գիւղ ասելով պատկերացնում էի շատ կանաչ, գողտրիկ մի գիւղ՝ հզօր լեռների մէջ (մեր գիւղում շատ շոգ էր եւ չոր, յատկապէս, որ օգոստոս ամսուայ վերջ էի տեղափոխուել)։ Երբ մի կողմ դրեցի իմ սպասումները, աստիճանաբար սկսեցի շատ սիրել գիւղի ամէն մի չոր ճիւղն ու քարը։ Նկատում էի էնպիսի գեղեցիկ բաներ, որ նախկինում չէի նկատել։ Օրինակ, երբեք չեմ տեսել աւելի գեղեցիկ երկինք, քան Այգեհովիտում։ Ծիր Կաթինը իր պարզութեամբ ու անսահմանութեամբ ինձ վերջնականապէս սիրահարեցրեց գիւղին... աւելին՝ գարնանը պաշտում էի ոսկէ հաղարջենու բոյրը։ Գիւղում ինձ համար ամէն ինչ նոր էր ու անչափ հետաքրքիր, անգամ անյարմարութիւնները...։
-Պատերազմի ձեռագիրը ի՞նչ փոխեց ձեր կեանքում, ի՞նչ թողեցիք գիւղում, որտեղ հիմա ատրպէյճանցիներն են։
-Իսկապէս, պատերազմը շատ բան փոխեց մեր կեանքում... Գիւղում ինձ թողեցի, կիսատ հետ եկայ...։ Յաճախ եմ երազում տեսնում տունս, դպրոցը, աշակերտներիս, շանս, գիւղիս երկինքն եմ էստեղ փնտռում ու չեմ գտնում...։
-Պատերազմի օրերին ի՞նչ անարդարութիւն կ՚ուզէիք արձանագրել թղթի մի անկիւնում։
-Անարդարութի՞ւն։ Անկեղծ դժուարանում եմ պատասխանել։ Գուցէ այն, որ մենք իւրաքանչիւրս մեր բաժին անարդարութիւն ենք արել մեր հայրենիքի հանդէպ, պաշտելու չափ չենք սիրել, անարդարութիւնների հետ հաշտուել ենք, մեզ վրայ չենք աշխատել, պահանջատէր չենք եղել...։
-Ձեր կարծիքով ինչու՞ այսպիսի ելքով աւարտուեց պատերազմը եւ ետդարձի ճամբայ կա՞յ։
-Պէտք է կրկնեմ՝ ես կարծում եմ, որ մենք իւրաքանչիւրս թերացել ենք։ 30 տարի հզօր պետութիւն ստեղծելու փոխարէն՝ նեղ անձնային հարցերի վրայ ենք կեդրոնացել, լայն չենք մտածել, թերագնահատել ենք հակառակորդին, ծաղրել ու շարունակել ոչինչ չանել։ Գիտէք, ես կարծում եմ, որ եթէ մենք մեր հայրենիքը պաշտելու չափ սիրէինք, չէինք կորցնի...։ Իսկ հայրենիք սիրելը վերամբարձ կենացները չեն, պաթոսախառը կոչերը չեն, հայրենիք սիրելը սկսւում է տարրական հարցերում պատասխանատու լինելուց՝ օրինակ, երկիրը մաքուր պահելուց, աղբ գցողին սաստելուց ու սովորեցնելուց, ամէն մէկս մեր ոլորտում լաւագոյնը լինելուց, գիտութիւնը զարգացնելուց...։
Որպէս կրթութեան ոլորտի մարդ՝ ես լուծումը տեսնում եմ միայն կրթութեան, գիտութեան ու մշակոյթի զարգացման մէջ։ Հաւատում եմ, որ կրտսեր սերունդն աւելի խելացի, աւելի խորագէտ եւ աւելի զգօն է։ Եւ այո, ես հաւատում եմ, որ մեր հայրենիքը լիարժէք կը դառնայ, երբ մեր սէրը շատանայ... Մի օր մենք կունենանք լիարժէք հայրենիք, մի օր...։
Երբ խորութեամբ զգանք, որ մեղաւորներ չկան... Պատասխանատու ենք բոլորս...։
Յ. Գ.- Նարինէին հարցնում եմ՝ կը պատմէք, թէ ի՞նչ են սովորեցրել ձեզ ընտանիքում։ Պատասխանում է՝ ընտանիքս ինձ միշտ սովորեցրել է հոգատար լինել մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ։ Մտածում եմ՝ պարտութիւնն ու յաղթանակը՝ առաջին հայեացքից այսքան պարզ, բայց կարեւոր նախադասութեան մէջ են թաքնուած։