ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Եւրոպական դատարանի պաշտպանութեան ներքոյ գտնուող ռազմագերիների կամ գերիների կեանքի կամ առողջութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն դատարանի կողմից որակուելու է որպէս պատերազմական յանցագործութիւն եւ այս դէպքում հէնց միջազգային հանրութիւնն է պատասխանատու լինելու այդ յանցանքների կատարման համար պատասխանատու անձանց եւ Ատրպէյճանին միջազգային պատասխանատուութեան ենթարկելու համար, ինչը բնականաբար չի բխում Ատրպէյճանի լաւագոյն շահերից», մեզ հետ զրոյցում ընդգծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանոյշ Սահակեանը։
-Յարգելի Սիրանոյշ, Արցախի պատերազմի ընթացքում գերութեան մէջ յայտնուած փաստացի քանի՞ քաղաքացիական անձ եւ զինծառայողներ ունենք։ Եւրոպական դատարանում հայ գերիների իրաւունքների պաշտպանութեան գործընթացն ի՞նչ շօշափելի արդիւնքներ է գրանցել։
-Գերութեան մէջ յայտնուած անձանց յստակ քանակի մասին խօսելը դժուար է, քանի որ անընդհատ տեղեկութիւններ են ստուգւում եւ նոր գերեվարման հանգամանքներ պարզւում։ Այս պահին ունենք գերեվարման շուրջ 60 դէպք, որոնք ներկայացուել են Եւրոպական դատարանին։ Այդ գործերի 20 տոկոսը վերաբերում է քաղաքացիական անձանց, իսկ մնացեալ 80 տոկոսը ռազմագերիներին։ Ընդ որում, 40 գերեվարուած անձանց իրաւունքների պաշտպանութիւնն իրականացւում է անհատական գանգատների միջոցով։ Ըստ էութեան, առաջին անգամ մենք փորձարկեցին Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատական մեխանիզմը, որը տուեց դրական արդիւնքներ։ Մինչեւ գերեվարուած անձանց իրաւունքների հարցով վճիռ կայացնելը Եւրոպական դատարանը կիրառեց հրատապ միջոց՝ պահանջելով Ատրպէյճանին ձեռնպահ մնալ նրանց կեանքի դէմ ոտնձգութիւններից եւ տրամադրել պատշաճ բուժօգնութիւն։ Դատարանը նաեւ տեղեկութիւններ է պահանջել գերեվարուած անձանց պահման պայմանների եւ հայրենադարձման հնարաւոր ժամկէտների վերաբերեալ։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ գերիների կեանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած ձեր ջանքերն իրենց նպատակակէտին են հասնում։ Փոխհատուցման հեռանկար կա՞յ։
-Կարծում եմ, որ մենք հասել ենք շօշափելի արդիւնքի, քանի որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը հայ գերիների եւ ռազմագերիների կեանքն ու առողջութիւնը վերցրել է յատուկ պաշտպանութեան տակ։ Ի հարկէ, Ատրպէյճանն աչքի չի ընկնում իրաւունքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների յարգման բարձր ցուցանիշներով, ուստի ապօրինութիւններն ու կամայականութիւնները բացառուած չեն։ Այստեղ, սակայն, պէտք է նկատի ունենանք իրաւաքաղաքական հետեւանքները։ Եւրոպական դատարանի պաշտպանութեան ներքոյ գտնուող ռազմագերիների կամ գերիների կեանքի կամ առողջութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն դատարանի կողմից որակուելու է որպէս պատերազմական յանցագործութիւն եւ այս դէպքում հէնց միջազգային հանրութիւնն է պատասխանատու լինելու այդ յանցանքների կատարման համար պատասխանատու անձանց եւ Ատրպէյճանին միջազգային պատասխանատուութեան ենթարկելու համար, ինչը բնականաբար չի բխում Ատրպէյճանի լաւագոյն շահերից։ Բացի այդ եւրոպական դատարանը պարտաւորեցնելու է Ատրպէյճանին փոխհատուցել արձանագրուած խախտումների հետեւանքով հայ զոհերի կրած նիւթական եւ բարոյական վնասները։
-Ինչպէ՞ս է կազմակերպւում հայ գերիների տուեալների փաստագրումը։
-Մենք տարաբնոյթ աղբիւրներից տեղեկութիւններ ենք ստանում անյայտ կորած զինծառայողների կամ գերիների վերաբերեալ։ Յաճախ կապ են հաստատում հէնց ընտանիքի անդամներն ու ազգականները, որոնք տրամադրում են իրենց յայտնի հանգամանքների վերաբերեալ տեղեկութիւններ։ Կատարում ենք վերլուծութիւններ, փաստերի ստուգմանն ու նոր փաստական տուեալների հաւաքմանն ուղղուած աշխատանքներ։ Մշտադիտարկման ենք ենթարկում սոցիալական մետիան։ Կարեւոր նշանակութիւն ունեն տարածուող տեսանիւթերը, սակայն, նախքան դրանց օգտագործումը, մենք ստուգում ենք դրանց իսկութիւնն ու արժանահաւատութիւնը։
-Ատրպէյճանցիները մետիադաշտը ողողել են հայ գերիների, զոհուածների անմարդկային խոշտանգումների ծաղրական տեսանիւթերով։ Այս յանցագործութիւնների հեղինակները կը կանգնե՞ն դատարանի առջեւ։ Չէ՞ որ այս պատերազմն իր բնոյթով սոսկ վիճելի տարածքների պատերազմ չէր, այլեւ՝ արցախահայութեան գոյութեանն ուղղուած սպառնալիք։
-Իրօք, Ատրպէյճանական կողմն իրեն չի կաշկանդում իրաւունքով կամ միջազգային մարդասիրական կանոններով եւ ցանկանում է անմիջապէս ստանալ առաւելութիւններ, այդ թւում հոգեբանական։ Ոգեւորութեան պահերին կատարած իրենց անողջամիտ քայլերի երկարաժամկէտ հետեւանքները Ատրպէյճանի իշխանութիւնները թեթեւամտօրէն անտեսում են։ Վստահ եմ, որ մարդու իրաւունքերի խախտումներն անպատիժ չեն մնալու եւ Ատրպէյճանը կանգնելու է ոչ միայն դատարանի առջեւ, այլ նաեւ յայտնուելու է վտանգաւոր փակուղիներում։ Յիշում եք, որ ոճրագործ Սաֆարովին հերոսացնելով երկար ժամանակ Ատրպէյճանական հասարակութիւնը հրճուանք էր ապրում, սակայն Եւրոպական դատարանը ոչ միայն արձանագրեց, որ Ատրպէյճանը խախտել է կեանքի իրաւունքը, այլ նաեւ փաստեց, որ ատելութեան հողի վրայ կատարուած դաժան յանցանքի համար դատապարտուածի անպատժելիութիւնը եւ հերոսացումը Ատրպէյճանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից իրականացուել է զոհերի ազգային պատկանելութեան հիմքով։ Արդիւնքում, վճռի կատարման շրջանակում Ատրպէյճանը միջազգային ճնշման ներքոյ ստիպուած է լինելու կամ իր իսկ ձեռքերով պատժել սեփական «հերոսին» եւ վերափոխել հասարակութիւնը կամ ենթարկուել միջազգային պատժամիջոցների։ Նոյն հետեւողականութեամբ մենք ապահովելու ենք, որ արցախցիների նկատմամբ միջազգային յանցագործութիւններ կատարած անձինք ենթարկուեն պատասխանատուութեան։