Նոյնիսկ սովորական վերլուծողները, նստած աշխարհի որեւէ մի կէտում ու հետեւելով քարտէզի վրայ արցախեան երկրորդ պատերազմի զօրքերի տեղաշարժերին, խոստովանում են, որ կամ հայերը ռազմական առումով տգէտ են եղել կամ տեղի է ունեցել մեծ մասշտաբի դաւադրութիւն։ Այսօր արդէն որեւէ մէկը չի կասկածում երկրորդ վարկածի վերաբերեալ։
Սակայն... այն, ինչ հիմա կատարւում է մեզ մօտ, դա խոհանոցային մակարդակ է։ Մենք նստած ենք մարդկութեան խոհանոց հանդէս եկող համացանցում եւ դաւադրութիւնների մասին ենք քննարկում։ Պատկերացնո՞ւմ էք, եթէ Գերմանիայի պարտութիւնից յետոյ չլինէր Նիւրնպերկ։ Աշխարհի բախտը բերեց։ Թուրքիայի բախտը չբերեց. նա մնաց արդէն մէկ դարից աւել անպատժելիութեան բեռի տակ։ Խելացի ու արդարամիտ թուրք մտաւորականների հետ եմ խօսել. նրանք ասում են, որ դա իրաւական հարթութեան վրայ պիտի լինի։ Բացատրեմ։ Ո՛չ մի ոճրագործ չի գնում դատարան եւ իր վրայ դատ բացում։ Դա պիտի անի տուժողը. քեզ կողոպտեցի՞ն, քո հարազատներին կոտորեցի՞ն, փոխանակ 105 տարի ի վեր հանրահաւաքներ, երթեր եւ դեսպանատների դռների առաջ մարդկային խիղճն արթնացնել ջանաս, դու պիտի դիմես դատարան, նոյնիսկ եթէ դա մեծագոյն մասշտաբի ոճիր էր։ Եթէ մենք, ունենալով արդէն պետութիւն, դա չենք անում, ուրեմն մենք դեռեւս կայացած պետութիւն չունենք։ Գալով այս արիւնահեղ պատերազմին, որը խլեց մեզնից 5000 տղաների կեանք, հաշմանդամացրեց 15 000-ի չափ զինուորների, խլեց հողեր եւ ապագայի հանդէպ յոյս, պիտի լինի մեր Նիւրնպերկը, հետաքննութիւն, որը կը բացայայտի, թէ ով որքան մեղքի բաժին ունէր. հրամանատա՞րը, զինուո՞րը, ով փախել էր անտառ, որպէսզի չպայթէր արկի վրայ, գերագոյն հրամանատա՞րը, որը միակ վերջնական որոշում կայացնողն էր այս ընթացքում, այդ բոլոր հարցերը պիտի դուրս գան խոհանոցից։ Մենք արդէն ունենք օրինակ. երկրորդ նախագահ Քոչարեանին փորձում էինք դատել Մարտի 1-ի տաս զոհերի համար։ Չգիտեմ, կա՞յ արդեօք մեր օրէնսդրութեան մէջ այս կարգի յանցանքի համար պատիժ՝ դաւադրութիւն կամ պատերազմում դրսեւորած անգրագիտութիւն, որոնք պատճառ հանդիսացան հազարաւոր զինուորների մահուանը եւ հողերի կորստին... Աւելացնենք նաեւ անյայտ կորածներին եւ գերեվարուածներին, որոնց առջեւ նահատակուածը եւ հողին յանձնուածը առաւելութիւն ունի, քանզի այլեւս գտնւում է Աստծոյ ձեռքերում։
Ննջիր խաղաղութեամբ,
մեր սիրելի առաջնորդ Սեպուհ Արք. Չուլճեան
Այս ընթացքում եղան նաեւ մտաւորականների կորուստներ, որոնց մահերի պատճառը անմիջական կապ ունէր եղերական իրադարձութիւնների հետ։ Յատկապէս ծանր եւ անդառնալի եղաւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Չուլճեանի վախճանը։
Նոյեմբերի 24-ին Վանաձորի Ս. Նարեկացի եկեղեցիում տեղի ունեցաւ Սեպուհ Արք. Չուլճեանի թաղման կարգը։ Մարմինը ամփոփուեց Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում։ ։ Այս 44 օրերի ընթացքում ամէն օր սրբազանը գնում էր իր մտերիմներից մէկի՝ «Հոռովել» երգի ու պարի համոյթի գեղարուեստական ղեկավար Արմէն Ներսիսեանի մօտ եւ արտասւում էր.
-Սկզբից ես յուղարկաւորեցի նրա որդուն, հետեւեալ օրն իր ամուսնուն, իսկ այսօր՝ եղբօրը։
96 հոգու յուղարկաւորեց այս օրերին սրբազանը եւ զգաց, որ իր սեփական կեանքն այլեւս իմաստ չունի։ «՛Նա ուզելով գնաց՛», եզրակացրեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստեանը։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Աջապահեանն ասաց. «Սեպուհ սրբազանը եւ առջեւից էր քայլում եւ թիկունքից»։ Կեանքի վերջին օրերին սրբազանը լսում էր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոէմը, որը կարդում էր Սոս Սարգսեանը... Սեպուհ սրբազանը ափսոսում էր, որ մենք՝ յաղթելով առաջին արցախեան պատերազմում, կրեցինք խաղաղութեան պարտութիւն եւ անհրաժեշտ է գալ բարոյական դարձի։ Բոլորը գիտակցեցին, որ Սեպուհ Արք. Չուլճեանի կորուստը միայն Լոռուայ աշխարհին չէր վերաբերւում, այլ՝ ողջ Հայաստանի Հանրապետութեանը։ Եւ նա միշտ պիտի քայլի առջեւից եւ թիկունք լինի երկնքից։ Պիտի պաշտպանի Հայաստան աշխարհը իր իսկ վախից, որի մասին խոստովանել էր.
«Կորցնելուց եմ վախենում։
Պատմութիւնը շատ կարդացէք, պատմութիւնը լի է կորուստներով, յաղթանակների, յաջողութիւնների կողքին շատ մեծ են մեր կորուստները եւ այդ կորուստները պատճառաբանուած են միմիայն մեր տկարութեամբ եւ անմիաբանութեամբ։
Այս անմիաբանութիւնն է, որ վախեցնում է ինձ։ Ես վերջին կտոր հայ աշխարհը կորցնելու վախն է, որ միշտ ունեմ, չեմ ուզում, որ այն, ինչ ունենք, յանկարծ մենք կորցնենք։
Հայը մշտապէս արթուն պիտի լինի»։