ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Կոմիտաս Վարդապետի ծննդեան 151-րդ տարեդարձին ընդառաջ Սոսի Խանիկեանի հետ մեր զրոյցը Սեպտեմբերի 27-ին սկսուած Արցախի պատերազմը ընդհատեց։ Դեռեւս 2019 թուականին Հանրային հեռուստաընկերութիւնը հեռուստադիտողների դատին ներկայացրեց «Վարդապետը» փաստավաւերագրական ֆիլմը (Սեպտեմբերի 26-ին այդ ֆիլմի ստեղծման մասին էինք զրուցում ֆիլմի հեղինակի՝ Սոսի Խանիկեանի հետ)։ Պատերազմից բացի ինչի՞ մասին պիտի խօսէինք թէկուզ Կոմիտասի տարեդարձին։ Յետոյ ի՞նչ իմանայինք, որ պատերազմից յետոյ պիտի խօսէինք նաեւ Կոմիտասի մասին... Հարցրէք հայերին, Սոսիին, թէ ի՞նչ են զգում։ Այս օրերին բոլորս դարձանք Կոմիտաս, բոլորս խորապէս զգացինք Կոմիտասի անհատակ լռութեան մէջ զսպուած մահացու ցաւը։ Հիմա էլ մե՛ր ականջներում ու մե՛ր հոգիներում Կոմիտասի կենդանի ձայնն է.«Հո՛վ արէք, սարեր ջան, հո՛վ արէք, իմ դարդին դարման արէք...»։
-Սոսի, ձեր ուսերին դրուած էր լուրջ եւ ծանր պարտականութիւն՝ ծնունդ տալ «Վարդապետը» Փ/Ֆ-ին, ինչպէ՞ս յաջողեցիք։ Չէ՞ որ ֆիլմում սկզբից մինչեւ վերջ պէտք է անցնէիք Կոմիտասի կեանքի ճանապարհը։
-Դա իսկապէս բարդ եւ սկզբում անյաղթահարելի թուացող ճանապարհ էր։ Առաջին հերթին մեծ պատասխանատուութիւն էր վարդապետի մասին ֆիլմը նկարելը, յետոյ՝ բովանդակային առումով նիւթն անսպառ էր. Կոմիտասի կենսագրութեան իւրաքանչիւր շրջան կարող է առանձին մեծ ֆիլմի թեմա դառնալ։ Կոմիտասի կենսագրութեան մէջ շատ էին նաեւ հակասական տեղեկութիւնները, եւ պէտք էր շատ մանրակրկիտ ուսումնասիրել ճիշդը գտնելու համար։ Մենք որոշեցինք յենուել բացառապէս միայն Կոմիտասի թողած ինքնակենսագրութիւնների եւ նամակների վրայ։ Լայն էր նաեւ ֆիլմի աշխարհագրութիւնը, եւ այդտեղ նոյնպէս բարդութիւններ կային։ Ֆիլմը նկարահանուել է Եւրոպայի եւ Ասիայի ինը քաղաքներում եւ այդ վայրերում նկարահանումների թոյլտուութիւն ստանալը նոյնպէս շատ խնդրահարոյց էր։ Կարող եմ ասել ամենադժուարը նախապատրաստական շրջանն էր. օրեր էր լինում, երբ տասնեակ նամակներ էինք գրում։ Ինձ շատ օգնեց ֆիլմի ստեղծագործական թիմի անհավանական նուիրուածութիւնը, Հանրային հեռուստաընկերութեան ղեկավարութիւնն՝ ի դէմս Մարգարիտա Գրիգորեանի, ՀՀ ԱԳՆ-ն։ Չեմ ուզում սենտիմնետալ թուալ, սակայն մենք իւրաքանչիւր պահի զգում էինք օգնութիւն նաեւ վերեւից։ Անհնարին թուացող արգելքներն ինչ-որ հրաշքով յաղթահարւում էին։ Օրինակ, Վիլ-Էվրար հոգեբուժարանից նկարահանման թոյլտուութիւն ստանալը տառացիօրէն անհնար էր։ Այնտեղ բոլոր տեսակի նկարահանումներն արգելուած էին, համաշխարահային ճանաչուած գրեթէ բոլոր հեռուստաալիքները մերժուել էին տարիներ շարունակ, բայց մեզ ինչ-որ հրաշքով թոյլատրեցին։
-Կոմիտասի հայրական տունը գտնելը նման էր իսկական հրաշքի,- ասւում է ֆիլմում։ Ինչպէ՞ս էք գտել Կոմիտասի հայրական տունը։ Դէպի Քիւթահիա ձեր ուղեւորութիւնը ի՞նչ ուշագրաւ դրուագներով է հարուստ։
-Նախ ասեմ, որ Թուրքիայի նկարահանումների ժամանակ մեզ շատ օգնեց Սեւծովեան տնտեսական համագործակցութեան Հայաստանի ներկայացուցչութիւնը, ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Սահակ Սարգսեանին եւ Նաղաշ Յակոբեանին։ Բանն այն է, որ մենք միայն նկարներ ունէինք Կոմիտաս վարդապետի հայրական տնից, որոնք անգամ արուել էին 15 տարի առաջ։ Այն ժամանակ տան վայրը ցոյց էր տուել Կոմիտասի Քիւթահիայում բնակվող վերջին բարեկամը։ Մեզ բոլորը զգուշացնում էին, որ իմաստ չունի Իսթանպուլից ավտոմեքենայով վարել 300 քմ եւ հասնել Քիւթահիա, որովհետեւ գրեթէ զրոյական է հնարաւորութիւնը, որ այդ արուարձանային մեծ քաղաքում հնարաւոր կը լինի գտնել վարդապետի հայրական տունը։ Հասցէները փոփոխուած էին եւ մեզնից առաջ շատերը բազմիցս փորձել էին գտնել, սակայն ապարդիւն։ Մենք որոշեցինք, ինչ էլ լինի փորձել։ Ինձ եւ ռեժիսոր Գուրգեն Ճանիբեկեանին ուղեկցում էր Սեւծովեան տնտեսական համագործակցութեան Հայաստանի ներկայացուցչութեան աշխատակից պարոն Յակոբը։ Մենք երեւի կէս րոպէ էր, ինչ մտել էինք Քիւթահիայի կեդրոն, երբ ռեժիսորը վարորդին պատահական խնդրեց յաջորդ նրբանցքից թեքուել ձախ։ Մենք թեքուեցինք ու ես քարացա. մեր առջեւ էր այն տունը, որ պատկերուած էր նկարներում՝ Կոմիտասի հայրական տունը։ Տանն այժմ ապրում են մահմետականներ, որոնք գիտեն, որ այստեղ ժամանակին ապրել է մեծ մի երաժիշտ։ Կոմիտասի մասին գիտէին ու մեզ ոգեւորուած պատմեցին նաեւ քիչ հեռու կանգնած Իսթանպոուլից եկած ճարտարապետական խմբի անդամները, որոնք երբեմնի հայկական այդ փողոցը վերականգնում էին որպէս թուրքական մշակութային արժէք։ Բարդ էին նկարահանումները, եւ գրեթէ անհնարին նաեւ քաղաքի երկու հայկական եկեղեցիներից մէկում, որից ընդամէնը մէկ պատ է մնացել, եւ որի տարածքում այսօր գտնւում է թուրքական «Քանալ- 43» հեռուստաալիքը։ Միւս եկեղեցին քանդուել է հիմնայատակ։ Խիստ գաղտնիութեան պայմաններում մեզ յաջողուեց նկարահանել մի քանի քադր։ Սրանք ուղղակի խօսքեր չեն, բայց նկարահանման ողջ ընթացքում Գերմանիայից մինչեւ Ֆրանսիա, Վրաստանից մինչեւ Թուրքիա՝ ամենուր մենք զգում էինք Կոմիտասի ներկայութիւնն ու գործուն օգնութիւնը։
-Ինչպէ՞ս ընդունուեց ֆիլմը հանրութեան կողմից։ Ի՞նչ ճանապարհ անցաք ֆիլմի հետ՝ Կոմիտասի հետ։
-Ինձ համար մեծ ուրախութիւն էր, որ հասարակութիւնն ու ոլորտի մասնագէտները՝ թէ՛ կոմիտասագէտները եւ թէ՛ կոմիտասասէրները սիրեցին ֆիլմը, եւ հնչեցին բացառապէս դրական կարծիքներ։ Միայն մէկ վատ հրապարակում է եղել մամուլում, որն ակնյայտօրէն պատուիրուած յօդուած էր՝ իրականութեան հետ կապ չունեցող պնդումներով։ Ցաւօք, համավարակը խանգարեց, որպէսզի ֆիլմի՝ արտերկրեայ նախատեսուած բոլոր ցուցադրութիւնները տեղի ունենան։ Ֆիլմում հեղինակի խօսքին զուգահեռ, անընդհատ հնչում էր Կոմիտասի խօսքը՝ մէջբերւում էին հատուածներ նրա ինքնակենսագրութիւններից եւ նամակներից, եւ թէ՛ մենք , թէ՛ հեռուստադիտողն ամէն վայրկեան զգում էր Կոմիտասի շունչը։ Ֆիլմի հետ կապուած մի հետաքրքիր բան էլ կար. ֆիլմի վրայ աշխատող յուրաքանչյուր մարդ ինքնամոռաց սիրահարւում էր Կոմիտասին եւ նրա կատարած ազգանպաստ ահռելի գործին։ Մեր մոնտաժի ռեժիսորն այնքան էր տարուել Կոմիտասով, որ անգամ նրա ձեռագրերից վերցուած տառերով համակարգչային առանձին ֆոնտ էր ստեղծել։
-Ինչե՞ր ապրեցիք ու զգացիք Իսթանպուլի այն վայրերում, որտեղ դեռ Վարդապետի հետքերն են ապրում։
-Ի հարկէ, զգացմունքային առումով շատ ծանր է քայլել, օրինակ Քիւթահիայում, որը ժամանակին եղել է արհեստաւորների ծաղկուն հայկական քաղաք, եւ որտեղ այսօր հայկական ոչինչ չի մնացել, բացի եկեղեցու մի պատից եւ հայերի կառուցած տներից, որտեղ ապրում են մահմետականներ։ Դու կարծես վերադարձած լինես տուն, որն արդէն քոնը չէ։ Շատ յուզիչ էր նաեւ լինել իսթանպուլեան այն վայրերում, որտեղ վարդապետն ապրել է ու աշխատել եւ որտեղից նրան տարել են աքսորի (Հայտար Փաշա կայարան)։ Մահմետականացուած, փոփոխուած Պոլսում այսօր դեռ զգացւում է հայկական ժառանգութեան ազդեցութիւնն ու Կոմիտասի շունչը։ Երբեմնի հայաշատ այդ վայրերում էլ աւելի ես արժեւորում պատմութիւնը, նորովի ըմբռնում ներկան ու մտածում ապագայի մասին։