ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Իմ ջութակը յաճախ հնչել է որպէս բռնութիւնը մերժող, բռնութեան մշակոյթի դէմ կեանքի մշակոյթը հակադրող, մարդկութեան, մարդասիրական արժէքներն ամրապնդող կոչնակ։ Այս անգամ ես հնչեցրել եմ իմ մեղեդին՝ որպէս ահազանգ ուղղուած միջազգային հանրութեանն ու իրաւապաշտպան կառոյցներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու Արցախում շարունակուող մարդասիրական ճգնաժամը», մեզ հետ զրոյցում պատմում է իրաւապաշտպան Զարուհի Յովհաննիսեանը, ով Երեւանի սրտում Արցախի պատերազմի ողջ անարդարութիւնը իր ջութակի մեղեդիներով փորձել էր տեղ հասցնել «արդար» աշխարհին։ Տիկին Զարուհու հետ անդրադարձանք Արցախում եւ Հայաստանում պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին։
-Ի՞նչ վիճակում են գտնւում Արցախից եկած փախստականները։ Համամարդկային արժէքների դէմ ի՞նչ անմարդկային փաստեր էք արձանագրել։ Ինչերի՞ միջով են անցել եւ անցնում նրանք։
-Այն, ինչ կատարւում է այժմ մեր երկրում, իրական հումանիտար ճգնաժամ է, որին մենք, ցաւօք, ականատես ենք դառնում 21-րդ դարի երկրորդ տասնամեակում։ Պատերազմի ու մահուան սպառնալիքի տակ Հայաստան տեղափոխուած կանայք եւ երեխաները ուղղակի փախել են իրենց բնակավայրերից. շատերը տնային շորերով ու հողաթափերով՝ չվերցնելով նոյնիսկ ամենաանհրաժեշտ իրերը, փաստաթղթերը։ Արցախից Հայաստան են տեղափոխուել բացառապէս կանայք եւ երեխաները, շատ դէպքերում երիտասարդ կանայք նոյնպէս մնացել են իրենց ամուսինների կողքին, իսկ երեխաները տարեց կանանց հետ են եկել, ուղղակի, որպէսզի փրկուեն սարսափելի, չդադարող հրետակոծութիւններից, որոնց ենթարկւում են Արցախի քաղաքներն ու գիւղերը։ Այդ կանայք եւ երեխաները սարսափի միջով են անցել՝ փախչելով անօդաչու թռչող սարքերից, երբեմն մի քանի օր պատսպարուելով նկուղներում։ Այն, ինչ ամէն օր տեսնում ենք մենք, դա իսկապէս համամարդկային արժէքների դէմ յանցագործութիւն է։
-Ի՞նչ խնդիրների եւ վտանգների առաջ են կանգնած փախստական երեխաները։ Եւ առհասարակ նրանց բնականոն կեանքի վերադարձնելու համար ի՞նչ համապատասխան քայլեր են ձեռնարկւում։
-Արցախից Հայաստան տեղափոխուած երեխաներն ունեն բազմաթիւ կենսական խնդիրներ, որոնք լուծւում են հանրութեան փոխօգնութեան ու պետութեան համատեղ ջանքերի միջոցով։ Երեխաները յուզական լարուած վիճակում են, եւ՚ մշակոյթի օճախները, եւ՚ արուեստի տարբեր բնագաւառներ ներկայացնող անհատներ ջանք չեն խնայում, որպէսզի յագեցնեն նրանց առօրեան, փորձեն օգնել՝ յաղթահարել սթրեսը։ Աւելի փոքրահասակ երեխաներին անհրաժեշտ է հագուստ, սնունդ, հիգիենիկ պարագաներ՝ տակը դիրներ հասցնել, նաեւ հոգալ նրանց խաղերով եւ խաղալիքներով ապահովելու հարցերը, իսկ արդէն դպրոցահասակների դէպքում աւելանում է խաթարուած կրաթական գործընթացի վերաբերեալ մտահոգութիւնը։ Ատրպէյճանական ագրեսիայի հետեւանքով աւելի քան 33 հազար երախայ եւ երիտասարդ զրկուել է Արցախում կրթութիւն ստանալու իրաւունքից։ Այժմ, Հայաստանը պէտք է բոլոր ջանքերը ներդնի այդ երեխաներին իրենց բնականոն կեանքին վերադարձնելու, ինչպէս նաեւ կրթութիւն ստանալու համար բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովելու ուղղութեամբ։
-Անընդհատ թիրախաւորւում են քաղաքացիական անձինք եւ քաղաքացիական ենթակառուցուածքներ։ Միջազգային հանրութեան եւ համապատասխան կառոյցների դատին իրականութիւնը փաստերով համակողմանի ներկայացնելը ի՞նչ ընթացքի մէջ է։
-Այսօր Արցախում մարդասիրական իրաւունքի խախտումների շրջանակը շատ մեծ է։ Շարունակաբար հրետակոծւում են քաղաքացիական ենթակառուցուածքները, հիւանդանոցներն ու դպրոցները, խաղաղ բնակչութեան դէմ օգտագործւում են միջազգային իրաւունքով արգելուած կասետային, ֆոսֆորային զանգուածային ոչնչացման զինատեսակներ, խաղաղ բնակչութեան շրջանում կան զոհեր, որոնց թւում նաեւ երեխաներ, մենք ունենք զինուորների խոշտանգման եւ մարմինների անարգման դէպքեր, որոնք եւս միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումներ են, կան գերի ընկած անձանց գնդակահարման վերաբերյալ փաստեր, ինչպէս նաեւ, այս պատերազմում Սիրիայից հաւաքագրուած եւ Ատրպէյճան տեղափոխուած ահաբեկիչների պատերազմին մասնակցութեան ապացոյցներ։ Այս ամբողջ հումանիտար ճգնաժամի պարագայում միջազգային հանրութեան եւ յատկապէս միջազգային իրաւունքի առանցքի վրայ ստեղծուած կառոյցների արձագանգը խիստ անբաւարար է։ Տեղի է ունենում մեծ աղէտ, որի հանդէպ լռութիւնը նորանոր բռնկումներ կարող է առաջացնել։ Ցաւալի է արձանագրել այն փաստը, որ քաղաքական տեղայնացուած շահերը գերակայ դիրք են զբաղեցնում միջազգային իրաւունքի սկզբունքների նկատմամբ, ինչը, աւելի լայն կոնտեքստում, հակասում է մարդկութեան առաջընթացին։ Սա մի մեծ մարտահրաւէր է քաղաքակիրթ աշխարհին, որը նաեւ մարդու իրաւունքների գաղափարին է ուղղուած։