ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Հարսանիք լեռներում» 2020-ը աւելի խրոխտ պատմեց միջազգային հանրութեանը Արցախի, արցախցու՝ վիրաւոր սրտով սիրով ու զէնքով մաքառելու սրբազան ուխտի մասին։ Օրեր առաջ հրետակոծուած Շուշուայ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Տէր Անդրէաս քահանայ Թաւադեանի թեթեւ ձեռքով ղօղանջեցին աւետիսի զանգերը՝ ազդարարելով մեկամսեայ պատերազմի ընթացում առաջին պսակադրութեան սկիզբը։ Ծննդով արցախցի հարսն ու փեսան՝ Մարիամն ու Յովհաննէսը, հրետակոծութիւնների ու մահուան վտանգն արհամարհելով՝ մի կողմ թողեցին պատերազմի վախերն ու ընտանիք կազմելու համար միմեանց ընդառաջ եկան։ Եկան ասելու աշխարհին, որ ուզում են Արցախում ապրել խաղաղ, ուզում են սիրել, ուզում են շատ զաւակներ ունենալ...։
Նրանք մեզ յայտարարեցին պատերազմ, մենք պատասխանում ենք հարսանիքով
«Աշխարհին ուղղուած մեր կոչն այս է՝ պէ՛տք է լռեն այդ հրանոթները, եւ Արցախը պէ՛տք է վերադառնայ իր սովորական կեանքին։
Մենք ուզում էինք, որ Շուշիի Ղազանչեցոցում կատարուէր մեր պսակադրութիւնը, որպէսզի աշխարհը տեսնի՝ որքան էլ ռմբակոծեն եկեղեցիները, որքան էլ փորձեն աւերել մեր Արցախը՝ մենք կանգո՛ւն ենք։ Որքան ընտանինքներ կարող էին ստեղծուել այս մէկ ամսուայ ընթացքում, որ չստեղծուեցին։ Մեր կոչն ուղղուած է ոչ միայն աշխարհին, այլեւ մեր երիտասարդներին։ Մենք արդէն 900-ից աւելի զոհ ունենք։ Մենք պէտք է այդ դատարկուող շարքերը համալրենք։
Այս մի քանի օրուայ մէջ մենք այնքան շնորհաւորանքներ ենք ստացել եւ առաջին եւ հիմնականում կրկնուող շնորհաւորանքն այն է, որ մեր պսակադրութիւնը խաղաղութիւն բերի Արցախին։ Կարծում եմ՝ սա ոչ միայն արցախցիների, այլեւ բոլորիս երազանքն է», մեզ հետ զրոյցում պատմում է աշխարհում խաղաղութեան խորհրդանիշ դարձած Արցախի հարսը՝ Մարիամը։
-Մարիա՛մ, նախապէս ծրագրե՞լ էինք հարսանիքը։
-Պսակադրութեան օրը վաղուց էինք որոշել, պարզապէս չգիտէինք մինչեւ Հոկտեմբերի 24-ը կը տեւէ՞ր պատերազմը, թէ՞ չէ։ Սեպտեմբերի 27-ից յետոյ Յովհաննէսը ռազմաճակատում էր, եւ ես նրան մինչեւ ամուսնութեան օրը չեմ տեսել։ Ընթացքում խօսում էինք ու մեր պսակադրութիւնն էինք քննարկում՝ ի՞նչ է լինելու. արդեօք մինչեւ Հոկտեմբերի 24-ը պատերազմը աւարտուած կը լինի՞, թէ՞ չէ։ Երբ արդէն ռմբակոծեցին Շուշին, մենք առաւելեւս վստահ էինք, որ հէնց Շուշիում պէտք է տեղի ունենայ մեր պսակադրութիւնը։ Այդպէս էլ եղաւ։ Ուզում եմ ասել, որ որքան էլ փորձեն մեր վանքերն աւերել, միեւնոյնն է, մեր հոգեւոր մշակոյթը մեզ հետ է։
Ինձ համար կարեւոր էր նաեւ պսակադրութեանը ազգային տարազով ներկայանալ, որպէսզի աշխարհն ու մարդիկ հասկանան, որ որքան էլ փորձում են մեզ կոտրել՝ մենք կոտրուողը չենք, եւ մեր արմատները շատ խորն են, իսկ ճիւղերը դեռ ծաղկելու են։
Մարիամի զրոյցին միանում է Արցախի փեսան՝ զինուորական հագուստով, ազնիւ կեցուածքով Յովհաննէսը.
«Հարսանիքի օրը նախապէս ծրագրուած էր եւ մեզ մնում էր միայն եկեղեցու սպասաւորի հետ վերստին յստակեցնել, որ անկախ պատերազմից՝ մեր հարսանիքը տեղի է ունենալու։ Պէտք էր կազմակերպել, որ հարսն ու փեսան անվտանգ հասնեն Շուշի։
Այդ պատասխանատու աշխատանքն իր վրայ վերցրեց մեր լաւ ընկեր Արա Մելիքեանը, իսկ եկեղեցու քահանայ սպասաւոր Տէր Անդրէասը, իր բազմաթիւ յորդորներից յետոյ, չկարողացաւ մեզ հակառակը համոզել, որ արարողութիւնը տեղափոխենք այլ եկեղեցի (Ղազանչեցոցը ռումբերից աւերուել էր եւ անվտանգ չէր)։ Մենք պնդեցինք, որ մեր պսակադրութիւնը լինի Ղազանչեցոցում եւ վստահ էինք, որ այդ հանգամանքն առաւել խօսուն կը լինի։ Ինչպէս Մարիամն արդէն նշեց ՝որքան էլ փորձեն մեզ կոտրել, մեր մարդկային արժէքները վնասել, միեւնոյնն է, յանձնուողը չենք եւ պայքարելու ենք խաղաղութեան համար, պայքարելու ենք կեանքի համար, պայքարելու ենք սիրոյ համար, ինչը միշտ հայ ազգը արել է իր ողջ գոյութեան ընթացքում»։
-Յովհաննէ՛ս, ռազմաճակատից հարսանի՞ք…
-Իրականում այդ նոյն ճանապարհը Մարիամն էր անցնում եւ շատ վտանգաւոր էր։ Նրանց համար յատկապէս վախենալի ճանապարհ էր։
Շատ պատասխանատու, շատ պարտաւորեցնող էր երկու կողմի համար՝ թէ՛ իմ ու Մարիամի, թէ՛ մեզ ուղեկցող տղաների համար։ Ստացուեց այնպէս, որ մեր պսակադրութիւնը լայն արձագանգ ստացաւ միջազգային հանրութեան շրջանում։ Այն ուղղակի հարսանիք չէր, այն կոչ էր, որ մենք կեանք ենք ուզում, մենք սէր ենք ուզում։ Չենք ուզում, որ 18 տարեկանը սովորի զէնքին, սովորի արեանը, սովորի ապրել ընտանիքից հեռու։ Ամէն ինչին յարմարուել կարելի է՝ անգամ ընտանիքց հեռու պայթիւնների եւ կրակոցների տակ ապրելուն։ Նոյն դժուարութիւնը նաեւ թիկունքում են կրում, երբ ժամերով, օրերով, նոյնիսկ մէկ ամիս մարդիկ տեղեկութիւն չունեն իրենց հարազատներից։ Այդ զգացմունքներն ու զգացողութիւնները շատ ծանր են։ Մեր հարսանիքով ցանկացանք տեղ հասցնել կարեւորը, որ ամէն ինչ յաղթահարելի է եւ պէտք է կամք դրսեւորել, ուժ հաւաքել եւ գործի անցնել։ Ես վաղն արդէն վերադառնալու եմ առաջնագիծ՝ տղաների մօտ, վստահ եմ՝ նրանց մօտ էլ տրամադրութեան փոփոխութիւն կը լինի։ Նրանք կը սկսեն այլ կերպ նայել կեանքին, նրանք էլ կը ցանկան ինչ-որ մի ձեւով ներդրում ունենալ խաղաղութեան արագ հաստատման հարցում։ Պարտադիր չէ, որ այն լինի մարտական ինչ-որ սխրանք։ Ամէն մէկը պէտք է իր հնարաւորութիւնների սահմանում իր պայքարը տանի։ Ամէն ինչ լաւ է լինելու։ Հաւատում եմ, որ շուտով կը վերադառնանք Արցախ-այն արդէն չի լինի ռազմաճակատ, այլ կը լինի սիրոյ, խաղաղութեան, կեանքի, մշակոյթի, նուիրումի երկիր, ոչ թէ տարածք։ Արցախում պիտի ծնուեն իմ ու Մարիամի երեքից աւել երախաները, որոնց հետ խաղաղ ու երջանիկ ապագայ ենք ստեղծելու։