ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Հայաստանում տրամադրուող տեղեկատուութեան նկատմամբ անվերապահ վստահութիւն կայ։ Պատճառն այն է, որ հայաստանեան իշխանութիւնները չեն թաքցնում ռազմաճակատում տիրող իրավիճակը, հրապարակում են զոհուած զինուորների անունները։ Տարբեր պաշտօնեաներ պարբերաբար ներկայացնում են իրենց ոլորտին վերաբերող իրավիճակը, տարուող աշխատանքները։
Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Ատրպէյճանին, կարծում եմ՝ երկուսին պէտք է վերաբերուել որպէս մէկ միասնական տեղեկատուական տիրոյթի։ Միայն գուցէ մէկ տարբերութեամբ՝ Ատրպէյճանում ինֆորմացիայի տարածումը սահմանափակելու համար պարբերաբար արգելափակւում են սոցցանցերը։ Ատրպէյճանի ժողովուրդը զրկուած է մարդկային ծանր կորուստների մասին տեղեկութիւնից, եւ յաճախ բաւարարւում է գոյութիւն չունեցող յաղթանակաների մասին լուրերով։ Նման վառ օրինակ է իբրեւ թէ Հադրութը գրաւելու մասին լուրը, որը չի համապատասխանում իրականութեանը։ Ատրպէյճանի հասարակութիւնը, որ որպէս այլընտրանքային հարթակ կարող է օգտուել թուրքական մամուլից, իրականում յայտնւում է նոյն փակ շղթայի մէջ։ Աւելին, թուրքական ԶԼՄ-ները քարոզչութեան հարցում աւելի առաջ են գնացել՝ երբեմն դառնալով ատրպէյճանական ԶԼՄ-ների համար ուղղորդող ուժ։ Շատ հետաքրքիր օրինակ է, երբ մի տարածք Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը մի անունով է ներկայացնում, տեղում աշխատող թուրքական ալիքը՝ ընդհանրապէս այլ անունով։
Ընդհանուր առմամբ՝ թուրքական եւ ատրպէյճանական մետիադաշտի շնորհիւ Ատրպէյճանի հանրութիւնը կարելի է ասել գտնւում է տեղեկատուական բլոկադայի մէջ»,-մեզ հետ զրոյցում արձանագրում է թուրքագէտ Անահիտ Վեզիրեանը։
-Ինչպէ՞ս է աշխատում թուրքական մետիան. որքա՞ն դժուար է թելադրուող մետիայի պայմաններում այստեղ ճիշդ տեղեկատուութիւն ունենալը։
-Թուրքական մամուլը, մասնաւորապէս պետական, իշխանամէտ ԶԼՄ-ները, այսինքն՝ բացարձակ մեծամասնութիւնը, իրականացնում է ատրպէյճանական քարոզչութիւն։ Իրադարձութիւնները ներկայացւում են միայն մէկ կողմի դիտանկիւնից, որի հետեւանքով իրականութեան ընկալումն ամբողջապէս խեղաթիւրւում է։ Այն զուգորդւում է բացայայտ ապատեղեկատուութեան տարածմամբ, հակահայկական, հակահայաստանեան տրամադրութիւնների սերմանմամբ։ Թուրքական մամուլը չի պահպանում անգամ պարզ լրատուական օբյեկտիվութեան սկզբունքը։ Հետեւաբար նման պայմաններում ստանալ անկողմնակալ լրատուութիւն եւ տիրող իրավիճակի գոնէ իրականին մօտ պատկերը Թուրքիայի հասարակութեան համար գրեթէ անհնար է։
Միջազգային լրատուամիջոցների թուրքական ծառայութիւններում երբեմն կարելի է հանդիպել օբյեկտիվութեան նշոյլների, ինչպէս նաեւ մի քանի ոչ իշխանական լրատուամիջոցներում նոյնպէս կարելի է գտնել անկողմնակալութեան հատիկներ, կամ գոնէ ընդգծուած հակահայկական դրսեւորումների բացակայութիւն։ Բայց այդ ամենն ընդամէնը մէկ աննշան կաթիլ է ծովի մէջ, որը գրեթէ ոչ մի ազդեցութիւն չունի ընդհանուր տրամադրութիւնների եւ դրանց ձեւաւորման վրայ։
-Այս օրերին թուրք հասարակութիւնը որքանո՞վ է հետաքրքրուած Արցախի պատերազմով։ Նրանք եղբա՞յր են, թէ՞ հարեւան։
-Պետական մակարդակով տարվող «մէկ ազգ, երկու պետութիւն» գաղափարի խորը, արմատական ընկալումը թուրքական հասարակութեան լայն շերտերում ես չեմ նկատել։ Կարծում եմ, որ մեծ մասն ատրպէյճանցիներին աւելի շուտ «մօտ հարեւաններ» է ընկալում։ Բարձր մակարդակով անընդհատ «մէկ ազգ, երկու պետութիւն» գաղափարի շրջանառումը, բարձրաձայնումը փորձ է այդ ընկալումը թուրքական հասարակութեան լայն շերտերի մտածողութեան մէջ ներարկելու։
Ենթադրում եմ, որ թուրք հասարակութեան մի հատուածն ակամայ է սկսել հետաքրքրուել Արցախում տեղի ունեցող պատերազմով։ Պատճառն էլ թուրքական լրատուական դաշտի աքտիվ ներգրաւուածութիւնն է գործընթացում, ինչի արդիւնքում էլ հասարակութիւնը յայտնւում է հակահայկական ձեւակերպումներով լցուած տեղեկատուութեան հորձանուտում։ Մի հատուածն էլ բաւականին ակրեսիվ է տրամադրուած, ինչը վառ կերպով երեւում է սոցցանցերում։ Սակայն պէտք է նշել նաեւ, որ սոցցանցերում հակահայկական կոչերը երբեմն հանդիպում են թուրքերի հակազդեցութեանը։
-Թուրքիայի Ատրպէյճանին սատարելը երկրում քննադատուո՞ւմ է։
-Այս ընթացքում, ինչպէս արդէն նշել եմ, թեմային օբյեկտիվ դիտանկիւնից անդրադարձները կորում են ընդհանուր ալիքի մէջ։ Իսկ հարցադրումներ անող կամ պաշտօնական կարծիքից տարբերուող տեսակէտ յայտնողները թիրախաւորւում են իշխանական մամուլի կողմից եւ պիտակաւորւում։ Վերջին օրերին նման դէպքերն օգտագործւում են նաեւ ներքաղաքական պայքարում հակառակորդներին սեւացնելու համար։