ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Այս պատերազմի առաջին օրուանից սկսած ամենամեծ հիասթափութիւնը եւ յուսախաբութիւնն ապրեցին այն մարդիկ, ովքեր հաւատում էին, որ հնարաւոր է խաղաղ բանակցութիւնների միջոցով եւ խաղաղասիրական կոչերով հասնել ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը։ Չնայած սրան՝ անգամ պատերազմական ամենածանր շրջանում անհնար է չգիտակցել, որ մէկ կամ միւս կողմի ցանկացած տեսակի ռազմական նուաճումները չեն կարող ապահովել կայուն եւ երկարատեւ խաղաղութիւն եւ յաղթանակ։ Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր հաւատում են միայն ռազմական ճանապարհով իրական եւ վերջնական խաղաղութեան հասնելուն եւս ինքնամոլորութեան մէջ են։ Խնդիրը նրանում է, որ իրական յաղթանակ կարելի է ապահովել եւ ստանալ միայն Արցախի, Հայաստանի եւ Ատրպէյճանի հասարակութիւնների համաձայնութեան դէպքում, սակայն խնդրի առանցքային դժուարութիւնը հէնց սրանում է կայանում։ Ատրպէյճանի եւ Հայաստանի հանրոյթը բացարձակապէս իրարամերժ պատկերացումներ ունեն հակամարտութեան կարգաւորման մասին, որը հենուած է Արցախի պատմութեան՝ հակամերժ պատկերացումների վրայ։ Երկու կողմերում էլ Արցախը դրուած է ազգային ինքնութեան կարեւոր կէտում, մինչդեռ կարելի է ասել, որ յատկապէս Ատրպէյճանի հասարակութիւնը 94 թուականի պարտութիւնից ի վեր Արցախը դարձրել է իր ինքնութեան, ազգակերտման ամենազգայուն կէտը։ Այդ էլ իր հերթին շարունակաբար չարաշահուել է իշխանութիւնների կողմից։ Հայերիս դէպքում Արցախը եւս կարեւորագոյն դեր է զբաղեցնում մեր պատմութեան, ինչպէս նաեւ ազգապահպանման գործընթացում։ Այն խորհրդանշում է հայերի ինքնաընկալման մէջ զոհի կարգավիճակից յաղթողի կարգավիճակի անցումը եւ ամրապնդումը, ինչպէս նաեւ իր գոյութեանն ու իր ինքնութեանը սպառնացող ցանկացած վտանգի դէմ անվախ կանգնելը։ Հէնց այդ է պատճառը, որ Արցախին սպառնացող ցանկացած վտանգ դառնում է հայութեան գոյապայքարի հիմնասիւնը։ Այս երկու նարատիվների համատեղ գոյութիւն ունենալը ներկայ պահին վերացնում է հասարակութիւնների միջեւ խաղաղ պայմաններում, բանակցութիւնների միջոցով որեւէ հանգուցալուծման հասնելը։ Ավտորիտար Ատրպէյճանը եւ ժողովրդավարութեան ճանապարհով հաստատուն քայլերով շարժուող Հայաստանը չեն կարող միասին ստեղծել այնպիսի նարատիւ, որտեղ ազգայնական եւ պատմական յիշողութեան վրայ ստեղծուած արժեքները կը փոխարինուեն համամարդկային արժեքներով՝ մարդու իրաւունքներ, օրէնքի գերակայութիւն, հաւասարութիւն եւ այլն։ Եթէ անգամ քաղաքական էլիտաները քուլիսների հետեւում հասնեն միասնական փաստաթղթի ստորագրմանը եւ վաւերացմանը՝ նման փաստաթուղթը երկու պետութիւնների եւ յատկապէս Ատրպէյճանի քաղաքական ղեկավարութեան համար կը լինի ինքնակործանարար։ Սակայն այս տխուր եւ չյուսադրող իրականութեան պայմաններում անգամ խաղաղութեան մասին խօսելը պիտի շարունակուի եւ դուրս գայ նեղ ակադէմիական եւ ինտելեկտուալ շրջանակներից։ Ցաւօք սրտի մի քանի օրերի ընթացքում այս պատերազմի այդ շրջանակը է՛լ աւելի նեղացաւ։ Մարդիկ, ովքեր խօսում էին խաղաղասիրութեան մասին, այս օրերին Ատրպէյճանում շտապում են տօնել եւ արդարացնել պատերազմը։ Նման իրավիճակում հասկանալի է դառնում, որ մտածելով խաղաղութեան մասին, մենք ստիպուած ենք խօսել պատերազմից», մեզ հետ զրոյցում ասում է Տարտուի համալսարանի քաղաքագիտութեան, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի ամբիոնի շրջանաւարտ Սեւաննա Պօղոսեանը։ Տեղեկացնենք, որ վերջինս 2018 թուականին ուսումնասիրել է Կոսովոյի ճանաչումը եւ Ռուսաստանի՝ազգերի ինքնորոշման իրաւունքի մասին պատկերացումները՝ պաշտպանելով 2 մագիստրոսական թեզ վերոնշեալ թեմաների շրջանակներում։
-Ինչո՞վ է պայմանաւորուած միջազգային հանրութեան լռութիւնը։
- Նախ եւ առաջ ընդգծենք, որ ԼՂ հակամարտութիւնը համարւում է յետխորհրդային տարածքում եւ անգամ աշխարհում այս պահի ամենաբարդ հակամարտութիւններից մէկը։ Սա աւելի է բարդանում հակամարտութեան բազմաշերտ աշխարհաքաղաքական բնոյթի, միջազգային խաղաղացողների հետաքրքրութիւնների պատճառով, որոնք այժմ չեն նպաստում հակամարտութեան կարգաւորմանը։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրութիւնը շատ դանդաղ եւ անարդիւնաւետ է արձագանգում իրադարձութիւնների զարգացմանը։ Արձագանգող կողմերն էլ բաւարարւում են անհանգստութիւն յայտնելով։ Կարելի է վստահաբար նշել, որ հակամարտութեան երեք տասնամեակ ձգձգուելը մասնակիօրէն պայմանաւորուած է համապատասխան միջազգային ուշադրութեան եւ արձագանգի, ինչպէս նաեւ գերտերութիւնների անտարբերութեան կամ հակամարտութիւնը չարաշահելու փաստով։ Ի յաւելումն այն բանի, որ չկայ հակամարտութիւնը լուծելու ներքին քաղաքական կամք եւ կարողութիւն հակամարտող կողմերի միջեւ, այն գրեթէ բացակայում է նաեւ միջազգային մակարդակում։ Սակայն չի կարելի նաեւ միանշանակ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատանքներ չի տարել եւ չի տանում այդ ուղղութեամբ։ Ինչքան էլ անարդիւնաւետ թուայ՝ այս տարիների ընթացքում հէնց այդ բանակցութիւնների ձեւաչափն է ապահովել յարաբերական անդորրը։ Փաստ է, որ այդ խմբի գործունէութիւնը այս պահին գտնւում է փակուղում։ Կարելի է ասել, որ այս ձեւաչափը այլեւս սպառել է իրեն, սակայն պատերազմի արդիւնքից ելնելով՝ այն պիտի վերաձեւակերպուի, որպէսզի վերականգնի երբեմնի վստահութիւնը հակամարտող կողմերի շրջանում։ Այլ հարց է՝ արդեօ՞ք հնարաւոր է նման իմաստալից փոփոխութիւն։
-Ե՞րբ եւ ո՞ր դէպքում աշխարհը կը կեդրոնանայ ԼՂ հակամարտութեան անհապաղ կարգաւորման վրայ։
-Հարաւային Կովկասը յաճախ անուանում են Եւրոպայի ետնաբակ, որը սխալ պատկերացում է ձեւաւորում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների իրական հետեւանքների հարցում։ Չնայած 2008 թուականի Ռուսաստանի եւ Վրաստանի պատերազմից յետոյ այս պատկերացումն ինչ-որ չափով փոխվեց, այդուհանդերձ մինչ այժմ ԼՂ հակամարտութեան խորութիւնն ու լրջութիւնը ըստ արժանւոյն ուշադրութեան չի արժանացել եւրոպական երկրների, Եւրոպական միութեան կողմից եւ առհասարակ ամբողջ Արեւմուտքում։ Հարկ է նշել, որ հակամարտութիւնն ինքնին եւ պատերազմն անմիջապէս ազդում են Եւրոպայի անվտանգութեանն ու կայունութեանը, սակայն ցաւօք սրտի շատերը սա կը գիտակցեն այս պատերազմի աւարտից յետոյ միայն։ Օրինակ՝ դիտարկենք Կոսովոյի նախադէպը. համարւում է, որ Կոսովոն գտնւում է Եւրոպայի սրտում եւ հէնց այդ պատճառով էլ այն ստացաւ համապատասխան ուշադրութիւն ՆԱՏՕ-ի, Եւրոպական միութեան անդամ երկրների կողմից։ Նոյնը վերաբերում է նաեւ Կոսովոյի անկախութեան ճանաչման գործընթացին։ Միջազգային իրաւունքի տեսակէտից պետութիւնները իրաւական առումով սահմանափակուած չեն եւ ազատ են իրենց՝ ճանաճել- չճանաչելու որոշման մէջ։ Իրաւական տեսակէտից՝ այն դէպքերում, երբ նոր պետութեան անկախացման փորձը խնդրայարոյց է, կիրառւում է կոլլեկտիվ չճանաչման ռեժիմը՝ այն էլ առանց որեւէ իրաւական հետեւանքների։ Այդ է պատճառը, որ ճանաչումը դառնում է քաղաքական քայլ՝ պայմանաւորուած երրորդ երկրների շահերով եւ հետաքրքրութիւններով։ Հէնց այդ միջազգային կարեւոր խաղացողների աջակցութեան շնորհիւ էլ Կոսովոյի անկախութիւնը ճանաչուեց մի շարք երկրների կողմից։ Արցախի դէպքում հէնց այդ գերտէրութիւնների աջակցութիւնն է պակասում։ Միայն մի բան է ակնյայտ այս պայմաններում. Հայաստանը եւ հայ ժողովուրդը այս պահի դրութեամբ պէտք է նախեւառաջ ապաւինեն իրենց ուժերին եւ կենդրոնանան իրենց ինքնիշխանութեան ամրապնդման գործին։ Միջազգային հանրութիւնից որեւէ ակնկալիք կամ օգնութիւն ունենալուց առաջ, պէտք է վստահ լինենք եւ ի մի բերենք մեր ներուժը՝ առանց գերագնահատելու եւ թերագնահատելու մեր եւ հակառակորդի կարողութիւնները։ Ամուր հիմքերի վրայ դրուած անկախութիւնը, սեփական ուժի գիտակցումն ու առկայութիւնը Արցախի եւ Հայաստանի ձայնը լսելի են դարձնելու աշխարհին։