ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«2020 թուականի Հայաստանը եւ հայ ժողովուրդը ո՛չ 1915 թուականի հայ ժողովուրդն է, ո՛չ 90-ականների հայ ժողովուրդն է, ո՛չ էլ 2016-ի հայ ժողովուրդն է։ Սա բոլորովին ուրիշ՝ կոփուած, ինտելեկտուալ, բարձր գիտակցութեամբ եւ բարձր կազմակերպչական ջիղով օժտուած, մէկ բռունցք դարձած հայ ժողովուրդն է։ Նրան այլեւս ո՛չ թուրքական եաթաղանը, ո՛չ ատրպէյճանական նաւթի փողերը չեն վախեցնի։ Եւ այս «հետաքրքիր» ռազմաֆիլմը, որ աշխարհը միացրել եւ նայում է, թէ ինչպէս է հայ ժողովուրդը պատերազմում ագրեսոր Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ, առաջարկում եմ հոսանքը անջատել վարդակից, որովհետեւ հիմա միանգամից պիտի ասեմ վերջաբանը՝ հայ ժողովուրդը յաղթելու է այս պատերազմում»,- մեզ հետ զրոյցում ասում է լրագրող Մարինա Բաղդակիւլեանը։
-Խաղաղության համար պայքարեցինք, իսկ հիմա պարտադրուած պատերազմի մեջ ենք։ Պատերա՞զմ յանուն խաղաղութեան։
-Աւելի խաղաղասէր ազգ չեմ ճանաչում, քան հայ ժողովուրդն է։ Մենք երբեք չենք մղուել պատերազմելու, մեզ միշտ ներքաշել են պատերազմի մեջ, մենք ստիպուած ենք եղել պատերազմել՝ պաշտպանելով մեր ինքնութիւնը, մեր հայրենիքը, մեր մշակոյթը։ Եւ այս համատեքստում պացիֆիստական ցանկացած խօսակցութիւն առնուազն անհեթեթ է։ Այս անգամ էլ թշնամին իր ոճով՝ լուսադէմին սկսեց պատերազմը։ Յարձակուեց քնած մարդկանց վրայ՝ կրակի տակ առնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան իր ելոյթում ասում է՝ դժուար է ասել, թէ կողմերից որ մէկն է սկսել բախումը։ Որպէս ՀՀ քաղաքացի Մեթյու Բրայզային ասում եմ. «Հայկական ուժերը երբեք առաջին հարուածը չեն հասցրել, որովհետեւ ՀՀ-ն արդէն յաղթել էր 90-ականների պատերազմում, ՀՀ-ն զբաղուած էր իր ազատագրած տարածքները շենացնելու գործով։ Մեզ պէտք չէր այս պատերազմը։
-Ո՞ւր է միջազգային հանրութիւնը։
-Ես հասկանում եմ՝ միջազգային հանրութեան համար հաւանաբար շատ հետաքրքիր ռազմաֆիլմ է հիմա Կովկասի էս հատուածում տեղի ունենում։ Ամբողջ աշխարհը հետեւում է, թէ ինչպէս է մի բուռ Հայաստանը պատերազմում 80 միլիոն բնակչութիւն ունեցող Թուրքիայի եւ Ատրպէյճանի, նրանց կողմից վարձակալուած աշխարհի չարիքը դարձած ծայրայեղականների ու ահաբեկիչների հետ։
Հայ ժողովուրդը՝ մանուկից մինչ. ծերունի, պատրաստ են մինչեւ վերջ կանգնելու եւ կռիւ տալու, յաղթելու, որովհետեւ սա մեր վերջին կտոր հայրենիքն է։ Մենք ոչ մի թիզ հող այլեւս չունենք որեւէ մէկին տալու, որովհետեւ սա միայն հողի կամ կրօնական պատերազմ չէ, սա ինքնութեան եւ անկախութեան հաստատման պատերազմ է։ Ու մենք լինելու ենք էդ անկախ միաւորը, եւ այս անգամ աւելի՛ ուժեղ, աւելի՛ անխոցելի ենք դուրս գալու այս պատերազմից։
-Թիրախաւորուել են խաղաղ բնակիչները, անգամ երախաները։ Յետո՞յ...
-Այս պատերազմում ատրպէյճանցիները եւ այս անգամ փաստօրէն, նաեւ թուրքերը թիրախաւորել են նաեւ խաղաղ բնակչութեանը։ Ինչպէս 2016 թուականի Ապրիլեան քառօրեային, այս անգամ էլ հրետակոծուել են Ստեփանակերտը, Հայաստանի Վարդենիս քաղաքը, պայթեցուել է մարդատար աւթօպուս, սպանուել են խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ երախաներ։ Սա բացառապէս ատրպէյճանական եւ թուրքական ձեռագիր է։ Հայ ժողովուրդը երբեք ձեռք չի բարձրացրել թշնամու կնոջ եւ երախայի վրայ։ Ստեփանակերտում եւ Վարդենիսում երախաներն այսօր նորից ապաստարաններում են, երախաները գիտեն՝ ինչ է կատարւում, ամէն ինչ հասկանում են, անգամ պատրաստ են իրենց ձեռքի տակ եղած խաղալիքներով կռուել թշնամու դէմ։ Շատ ցաւալի է, որ մեր երախաները պիտի անցնեն այն ամէնի միջով, ինչի միջով անցել ենք մենք ժամանակին։ Բայց մենք այլեւս ժամանակ չունենք թոյլ տալու, որպէսզի մի քանի տարի յետոյ մեր երախաների երախաները ապաստարաններ իջնեն։ Չի՛ լինելու այլեւս նման բան։
Ես ծնուել ու մեծացել եմ Հայաստանի Կորիս քաղաքում։ Ես լաւ գիտեմ՝ ինչ է ապաստարաններում անցկացրած մանկութիւնը, ինչ է պատերազմը։ Ես լաւ գիտեմ՝ ինչ է նշանակում տեսնել քաղաքի ֆուտպոլի դաշտում վայրէջք կատարած հերթական ուղղաթիռը, որտեղից զոհեր եւ վիրաւորներ են տեղափոխում հիւանդանոցներ եւ ինչպէս են մայրերը, քոյրերը, կանայք, դուստրերը գնում իրենց ամուսիններին, եղբայրներին, հայրերին փնտռելու զոհուածների կամ վիրաւորների մէջ։
Ես ուղղակի հիացած եմ իմ ժողովրդի քաջութեամբ, ամրութեամբ, ուժով ու կամքով. որեւէ մէկը իր զաւակին, եղբօրը, ամուսնուն չի փորձում հետ պահել այս պատերազմից։ Անգամ կանայք այսօր մարտական պատրաստուածութիւն են անցնում։ Սա վերջին պատերազմն է լինելու եւ յաղթական պատերազմ է լինելու։
Յ. Գ. Զրուցեցի Ստեփանակերտում բնակուող պատանիներ, քոյր եւ եղբայր՝ Մարիամի ու Պետոյի հետ։ Հարցնում եմ՝ լաւ՞ էք, պատասխանում են՝ այո՛։ Ասում եմ՝ ի՞նչ էք զգում, պատասխանում են՝ հայրենասիրութիւն։ Երախաներն ասում են՝ Ստեփանակերտում ամէն ինչ լակ է, մեծից փոքր մարտական ենք տրամադրուած։
Ես էլ եմ յիշում պատերազմը, պատուհանի դիմաց կողք կողքի դիզուած աւազէ պարկերը, որոնք պիտի փրկէին մեր՝ երախաներիս կեանքերը «Գրադ»-ի բեկորներից։ Աւազը՝ աւազ, իսկ ո՞ւր է Մարդը…