ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Հրանդ Տինքի տարեդարձը, ինչպէս նաեւ յիշատակի օրը միշտ արժանավայել նշուել է մեր դպրոցում։ Այս ուսումնական տարին սկսում ենք Սեպտեմբերի 15-ին՝ Տինքի ծննդեան օրը։ Համավարակի պայմաններում միջոցառում չի անցկացուի, սակայն այդ օրը դպրոցի բոլոր դասարաններում առաջին դասաժամը նուիրուելու է Հրանդ Տինքին»,- մեզ հետ զրոյցում ասում է Երեւանի Հրանդ Տինքի անուան թիւ 44 դպրոցի տնօրէն Մարինա Տոնոյեանը։
-Տիկի՛ն Տոնոյեան, ո՞վ է Հրանդ Տինքը իր անունը կրող դպրոցի աշակերտների համար։ Ո՞րն է դպրոցի որդեգրած առաջնային կարգախօսը աշակերտի դաստիարակման գործում։
-«…Նա նման էր երկնքում փայլատակող Աստղի, Ասուպի...Փայլեց... Ցնցեց...Անցաւ... Անցաւ, ու Ասուպի թողած յետագծի շուրջ լեգենդներ հիւսեցին մարդիկ... Երկնքում եղած յետագիծը մնաց մարդկանց յիշողութեան մէջ, մեր յիշողութեան մէջ...։ Ու մենք շարունակում ենք հիւսել այդ լեգենդը Ասուպ-Մարդու մասին...»։ Սա հատուած է մեր աշակերտներից մէկի շարադրութիւնից Հրանդ Տինքի մասին։ Կարծում եմ, սրանով շատ բան է ասուած...։ Ինչ վերաբերում է դպրոցի կարգախօսին, մեր սաները ընտրել են Ճ. Պայրոնի հետեւեալ խօսքերը. «Աստծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է»։
-Համավարակը նոր մարտահրաւէրների առաջ կանգնեցրեց նախեւառաջ կրթական ոլորտը։ Ինչպէ՞ս յաղթահարեցիք նոր մարտահրաւէրները։
-Համավարակն իրականում ծանր մարտահրաւէր է։ Սակայն մենք լաւատես ենք։ Վստահ ենք, որ ամէն ինչ լաւ է լինելու (չմոռանանք, որ հայոց դպրոցը տեսել է դաժան 90-ականներ)։
-Երեւանի Հրանդ Տինք դպրոցն ու Իսթանպուլի Հրանդ Տինք դպրոցն ի՞նչ ընկերական յարաբերութիւններ ունեն։
-Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդէն մի քանի տարի բարեկամական ջերմ յարաբերութիւններ ունենք Իսթանպուլի Հրանդ Տինքի դպրոցի հետ։ Իսթանպուլի Հրանդ Տինքի դպրոցի աշակերտները ուսումնառութեան վերջին շրջանն անցնում են մեր դպրոցում, մասնակցում աւարտական քննութիւններին եւ ստանում աւարտական փաստաթուղթ՝ հիմնական կրթութեան վկայական։ Մեր դպրոցը սիրով է ընդունում Իսթանպուլի իր հայրենակից աշակերտներին եւ ուսումնառութիւնը դառնում է փոխադարձ ջերմ բարեկամութիւն։ Սիրով հիւրընկալել ենք Իսթանպուլի Հրանդ Տինքի դպրոցի տնօրէն տիկին Աւագեանին, դպրոցի հոգաբարձուներ տէր եւ տիկին Հորոզօղլուներին։ Մեծագոյն յարգանք եւ խոնարհում ենք տածում տիկին Ռաքէլ Տինքի հանդէպ, որը մեր դպրոցի պատուելի հիւրն էր դպրոցի անուանակոչութեան եւ Հրանդ Տինքի յոբելեանական 60 ամեակին նուիրուած միջոցառումների ժամանակ։
Թերեւս բացառութիւն եղաւ 2020 թուականը, երբ սահմանների փակ լինելու պատճառով Իսթանպուլի աշակերտները չհասցրին գալ Երեւան եւ, ձեւաւորուած աւանդոյթի համաձայն, դպրոցն աւարտեն Երեւանի Հրանդ Տինքի անուան դպրոցում։
Վստահ ենք, որ դժուարութիւնները ժամանակաւոր են, եւ մեր բարեկամութիւնը պիտի շարունակի զարգանալ՝ ի ապացոյց այն վեհ գաղափարների, որի համար ապրել ու պայքարել է Տինքը։
Այսօր՝ Տինքի ծննդեան լուսաւոր օրը, շնորհաւորում եմ բոլորիս։ Վստահ եմ, որ նրա բացած ակօսը արդէն իսկ առատ հունդ է տալիս...
ՅԳ. «Այբ, Բեն, Գիմ»-ը, «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, «Հայոց լեզու»ն, «Հայաստան ասելիս»-ը, «Մոր ձեռքերը», «Հայերէն»-ը այսօր էլ բարբառում են Թուրքիայում ապրող հայաստանցի ընտանիքների զաւակները։ Բարբառում են իրենց տներում՝ համակարգչի դիմաց՝ մասնակցելով հեռավար դասերին եւ ամէն օր նոր յոյսով նուիրեալ ուսուցիչների հետ լծուելով հայի ապագայի կերտման սուրբ գործին։ Այդ սուրբ գործը յետմահու շարունակում է ինքը՝ Հրանդ Տինքը, որի հոգում թէեւ դեռ չի մարել աշխարհի ցաւը, սակայն նա ժպտում է աշխարհին եւ ճանապարհ հարթում հայորդիների՝ Հայկի, Անահիտի, Անիի, Տիգրանի, Յասմիկի, Սեդայի, Գոռի, Արմէնի, Նարեկի... համար։