ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Պէտք է անմնացորդ պայքարել սեփական երազանքների համար. եթէ մի բան շատ ես ցանկանում՝ անպայման կատարւում է։ Ինձ համար UWC Դիլիլիջան ընդունուելը մեծ երազանք էր, որն իրականացաւ։ Սիրով ու կարօտով եմ յիշում Դիլիջանի տարիները։ Կեանքը այնտեղ շատ հետաքրքիր էր։ Ապրում էինք աշխարհի 92 երկրներից Հայաստան ժամանած ուսանողների հետ միասին։ Միմեանց հետ կիսւում էինք մեր մշակոյթով եւ սովորոյթներով, քննարկում համաշխարհային նշանակութեան հարցեր։ Աշխատում էինք մեր լուման ունենալ աւելի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կերտման գործում։ Դպրոցի թուրք ուսանողների հետ միշտ լաւ յարաբերութիւններ եմ ունեցել, ինչին նաեւ նպաստում էր իմ թուրքերէնի իմացութիւնը։ Քանի որ իրենց կամքով էին եկել Հայաստան կրթութիւն ստանալու, բոլորը շատ լաւ էին տրամադրուած Հայաստանի եւ հայերի նկատմամբ», պատմում է UWC Դիլիջանի շրջանաւարտ Մարիամ Գրիգորեանը, ով մանկութեան վաղ շրջանում ընտանիքի հետ ապրել է Իսթանպուլում։
-Իսթանպուլեան տարիներից ինչե՞ր մնացին քո մանկական յուշերում։
-Ես չորս տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխուեց Իսթանպուլ։ Իմ առաջին յիշողութիւններում են Իսթանպուլի նեղլիկ ու բազմամարդ փողոցները, մշակոյթով ու պատմութեամբ ողողուած շինութիւնները, տարբեր կրօնների ու ազգութիւնների պատկանող մարդիկ, աղմկոտ շուկաներն ու ծովային գեղեցիկ տեսարանները։ Սկզբնական շրջանում ես ու եղբայրս ողջ օրն անցկացնում էինք պապիկիս հետ, քանի որ մեր ծնողներն աշխատում էին։ Յետոյ սկսեցինք յաճախել ներկայիս Հրանդ Տինքի անուան հայկական կրթօճախը։ Ուրախ եմ նշել, որ եղել եմ այդ դպրոցի առաջին սաներից։ Երբ Իսթանպուլ եմ գալիս, միշտ մեծ սիրով ու կարօտով եմ այցելում դպրոց, ուսուցիչներիս։ Այստեղ եմ ծանօթացել նաեւ իմ մանկութեան առաջին ընկերների հետ։ Հայրենիքի հանդէպ իմ ունեցած սէրը Իսթանպուլում ապրած տարիներին ձնագնդի նման մեծացաւ ու հիմնաւոր դարձաւ, իսկ ազգային պատկանելիութիւնս՝ անասելի հպարտութեան առարկայ։
- Ի՞նչ ընթացք ստացաւ կեանքը հայրենիքում։
-Վերադարձայ Հայաստան, երբ արդէն չորրորդ դասարանի աշակերտուհի էի։ Դպրոցի համար պաշտօնական փաստաթղթեր չունէի եւ տարբեր քննութիւններ յանձնելուց յետոյ ընդունուեցի հանրակրթական դպրոց։ Հայաստանում մեծ սիրով եւ ոգեւորուածութեամբ էի յաճախում դպրոց։ Թէեւ ակադեմիական առումով շատ լաւ հիմք ունէի, սակայն որոշակի ժամանակ պահանջուեց, որպէսզի յարմարուեմ միջավայրին։ Թուրքիայում ստացածս կրթութիւնը շատ էր տարբերւում աւանդական կրթութիւնից։ Իմ ուսանելու տարիներին Ստամբուլի դպրոցը իւրօրինակ էր՝ ունէր միայն մէկ դասասենեակ, որտեղ սովորում էին տարբեր տարիքի աշակերտներ, եւ այդ ամէնը կազմակերպում էր ընդամէնը մէկ ուսուցչուհի։ Այսօր այն մանկավարժների հսկայական ջանքերի շնորհիւ կրթական եւ մշակութային կարեւոր կառոյց է դարձել, որն իր հարկի տակ է հաւաքել բազմաթիւ հայ մանուկների։
-Ինչպէ՞ս ծնուեց Դիլիջանի միջազգային դպրոցում ուսումը շարունակելու գաղափարը։
-Դիլիջանի միջազգային դպրոցի մասին լսել էի լրատուամիջոցներից։ Երբ հնարաւորութիւն ընձեռուեց այցելել դպրոց եւ սեփական աչքերով տեսնել այն ամենը, ինչի մասին այդքան լսել էի, անմիջապէս հասկացայ՝ այն իմ երազանքների դպրոցն էր։ Սկսեցի անգլերէն սովորել ու պատրաստուել ընդունելութեան քննութիւններին։ Անշուշտ, ունէի որոշակի անհանգստութիւն, քանի որ ընդունելութիւնը շատ մրցակցային էր։ Ներքին ձայնս ինձ յուշում էր, որ ճիշդ ուղու վրայ եմ կանգնած եւ ունէի համոզմունք, որ յաջողելու եմ եւ յաջողեցի։ Դիլիջանի միջազգային դպրոցը պատկանում է Միացեալ համաշխարհային քոլեճներին (UWC, United World Colleges)։ Կարծում եմ՝ UWC Դիլիջանը լաւագոյն դպրոցներից է համարւում իր մատուցած գիտելիքների, փորձարարական կրթութեան եւ ուսանողական վառ կեանքի շնորհիւ։ Դպրոցը մեծ հնարաւորութիւն է ընձեռում իր շրջանաւարտներին ընդունուելու աշխարհի լաւագոյն համալսարաններ եւ օգնում նրանց դառնալ հասարակութեան պատասխանատու անդամներ։ Այն կլոպալ կրթական շարժում է, որը կրթութիւնը վերածում է մարդկանց, ազգերը եւ մշակոյթները միաւորող ուժի՝ յանուն խաղաղութեան եւ կայուն ապագայի։
UWC-ն աւարտելուց յետոյ ընդունուեցի Գանատայի ՄակԳիլ համալսարան։ Այժմ սովորում եմ տնտեսագիտութիւն եւ միջազգային կայուն զարգացում՝ աղքատութեան եւ սոցիալական հաւասարութիւն ուղղուածութեամբ։ Ապագայի մեծ երազանքներս մեծապէս կապուած են հայրենիքիս հետ. ուզում եմ տնտեսապէս աւելի ամուր ու բարեկեցիկ Հայաստան տեսնել։
Չնայած Հայաստանում եւ աշխարի տարբեր ծայրերում վերջերս կատարուած իրադարձութիւններին՝ ներքաղաքական եւ ազգամիջեան բախումներին, ես լաւատեսօրէն եմ ուզում մօտենալ այս հարցին։ Կարծում եմ՝ համերաշխութեան հասնելու լաւագոյն միջոցը կրթութիւնն է։ Մարդիկ ատելութեամբ եւ վախով են լցւում այն ամենի հանդէպ, ինչը պարզապէս չեն կարողանում հասկանալ։ Տարբեր ազգերի եւ կրօնների մարդիկ կը կարողանան ապրել առանց կոնֆլիկտների, եթէ միմեանց հանդէպ հանդուրժող լինեն եւ յարգեն միւսների առանձնայատկութիւնները։