ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Օրեր առաջ Բերդում էի.հիւր էի գնացել ընկերներիս։ Չնայած մռայլ եղանակին՝ «Խաղաղութեան» փողոցում իսկապէս ամէն ինչ խաղաղ էր։ Երբ սկսուեցին գիշերային կրակոցները, ես եւ ընկերուհիս պատուհանի մօտ կանգնած՝ ջանում էինք հասկանալ, թէ ինչ է կատարւում սահմանում։ Զգում էինք, որ սկսուել է մի անբացատրելի պայքար. բայց այն, որ դա պատերազմ էր՝ զգացինք Յուլիսի 14-ի առաւօտեան, երբ Բերդ քաղաքն էր թիրախը։ Քնած էինք ու յանկարծ տարօրինակ ձայնից արթնացանք, չէինք ուզում հաւատալ, որ պատերազմ է։ Այդ պահին չեմ մտածել իմ կեանքի մասին, չեմ մտածել փրկուել, շուտ փախչել կամ թաքնուել։ Ուղղակի չէի ուզում, որ բոլորիս կեանքում փոխուէր զգացողութիւնը՝ խաղաղութիւնից դէպի տագնապալի օրերը։ Առաւօտն արեւոտ էր, զգացողութիւնները՝ մռայլ։ Վերջապէս չէի ուզում, որ խախտուէր կեանքի ռիթմը, խաղաղութիւնն ու օրը։ Հիմա Բերդը աւելի խորհրդաւոր, աւելի ուրիշ է ինձ համար, իսկ «Խաղաղութեան» փողոցը՝ էլ աւելի» պատմում է երաժիշտ, կիթառահար Անուշ Միրզախանեանը։
Անուշի հետ զրուցեցինք Բերդում անցկացրած մղձաւանջային՝ խաղաղութիւնից պատերազմի փոխուած օրուայ մէջ խտացած ապրումներից։
-Կրակի տակ, առանց տանիքի կամ նկուղում, միեւնոյն է, սահմանին կանգնած մեր տղերքին մենակ չենք թողնի։ Այս մտայնութեամբ են ապրում սահմանամերձ Այգեպարի, Մովսէսի, Չինարիի, Բերդի բնակիչները։ Ինչպիսի՞ համազգային յոյզեր բորբոքուեցին այս օրերին։
-Մեզ կոտրելը շատ դժուար է։ Մենք հաւատում ենք Աստծուն, զինուորին, հայրենիքին, մեր ուժին։ Երբ ընկել ենք, միշտ մեր ընկած տեղից վեր ենք բարձրացել։ Մեզ խոցել են, սակայն մենք աւելի ենք զօրացել։ Մեծից մինչեւ փոքր, զինուորականից մինչեւ շարքային քաղաքացի միշտ պատրաստ ենք պայքարել։ Վերջապէս մենք մե՛ր հողի վրայ ենք, մենք տանն ենք։ Չեմ հասկանում ինչո՞ւ են ուզում ուրիշի հողը կիսել, խլել, վերցնել։ Մեր տրամադրութիւնն անկախ ամէն ինչից բարձր է։ Նոյնիսկ այն մարդիկ, ովքեր այս օրերին հրետակոծութիւնների հետեւանքով տուն են կորցրել՝ ժպտում են ու ոչ մի տեղ էլ չեն փախչում, նրանք ամուր կառչած են սեփական հողին, նրանք զինուորի կողքին են։
Թող կորուստները միայն նիւթական լինեն։
-Հեշտ է կորցնել խաղաղութիւնը եւ դժուար՝ վերագտնել։ Այժմ պատերազմի գուժկանը Հայաստանում եւ Ատրպէյճանում շրջելիս ի՞նչ համամարդկային մտածումներ են ծնւում։
-Ամէն ինչ հեշտ է կորցնել։ Ծովը, որքան էլ փոթորկուի, նաւեր խորտակի, ամենախորքում անդորր է տիրում։ Մեր խաղաղութիւնը մեր ներսում ենք ամբարել, որովհետեւ միասնական ենք։ Երբ ընտանիքը միասնական է՝ անխոցելի է։ Սահմանում կռուողը գիտի, որ իր թիկունքում մարդիկ պէտք է խաղաղ ապրեն, եւ այդ խաղաղութիւնն է ուժ տալիս։ Խաղաղութիւնն էլ մեզ համար մեր զինուորի կեանքն է։ Մենք շատ խորն ենք գիտակցում խաղաղութեան գինը։ Ես չեմ ուզում, որ խաղաղութիւնը մի օր երազանք դառնայ։
Հ.Գ. Մինչ Ատրպէյճանի որդեգրած ռազմատենչ քաղաքականութիւնը, Թուրքիայի Ատրպէյճանին սատարելը, հայկական ծիրանամարտը, երկու կողմերի ճիշդն ու սխալը աշխարհի լրահոսում կը խմորուեն, Զինուորը սահմանում է։ Իսկ աշխարհում դեռ համավարակ է…։