ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«1988-ի Դեկտեմբերի եօթի երկրաշարժը բոլորիս սրտում թողեց անդառնալի հետեւանքներ։ Այդ չարաբաստիկ րոպէներից յետոյ ոչինչ այլեւս առաջուանը չէր։ Փլատակների ու փոշու մէջ կորած Կիւմրին, չդադարող լացի ձայները, մարդկային անորոշ ու պաղ հայեացքներն իրենց խոր հետքը թողեցին իմ մանկական յուշերում։ Ես 8 ամեայ մանկահասակ աղջիկ էի, ում վիճակուած էր յայտնուել երկրաշարժից առաջ եւ երկրաշարժից յետոյ հասկացութիւնների ճամբաբաժնում։ Բազմայարկ շէնքում չապրելը մեծ առաւելութիւն էր ընտանիքիս համար. մեր ընտանիքում զոհեր չեղան, սակայն կորցրեցինք մեր հարազատներին՝ մեծ հօրեղբօրս կնոջը եւ փոքր հօրեղբօրս առաջնեկ որդուն։ Կիւմրիում չի գտնուի մի ընտանիք, որից երկրաշարժը խլած չլինի մի հարազատի։
Չնայած սաստիկ ցրտին ու քաոսին, միեւնոյնն է, ջանք ու եռանդ չէինք խնայում մեր ուսումը կազմակերպելու գործում։ Մի քանի ամիս վրանային պայմաններում, այնուհետեւ 5 տարի ժամանակաւոր բնոյթ կրող մետաղական տնակներում շարունակեցինք ուսումը։ Մինչ օրս Կիւմրին եւ կիւմրեցիները կրում են երկրաշարժի թողած անդառնալի հետեւանքները։
Երբ մի օր դպրոցում լոյս չունէինք, յիշեցի երկրաշարժի մութ ու ցուրտ տարիներին մեր գլխով անցածն ու պատմեցի աշակերտներիս։ Աշակերտներիցս մէկը լուրջ-լուրջ հարցրեց՝ «Ընկեր Յարութիւնեան, էդ ո՞ր ֆիլմն էք պատմում»,-յիշում է հայաստանցի աշակերտների մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինէ Յարութիւնեանը։
-Ձեր սրտի քաղաք Կիւմրին մի՞թէ ձեզ չի կարօտում։ Ինչպէ՞ս էք օտարութեան մէջ այդ կարօտը յաղթահարում։
-Ինչպէս իւրաքանչիւր կիւմրեցու, այնպէս էլ իմ սրտում իր ուրոյն տեղն ունի Կիւմրին։ Արհեստի եւ արուեստի կեդրոն Կիւմրին սիրում եւ կարօտում է իր իւրաքանչիւր բնակչին։ Դպրոցում՝ հայկական միջավայրում աշխատելիս, օտարութիւնն ինձ համար սկսեց յարաբերական բնոյթ կրել։ Գտնուելով հարազատ եզերքից հեռու՝ այսօր էլ իմ սրտի փափաքները շաղկապուած են Կիւմրու հետ. երազում եմ Կիւմրու սրտում սեփական բնակարան ունենալ։
-Ինչպէ՞ս վճռեցիք Թուրքիա գալ։ Դժուա՞ր չէր Կիւմրուց յետոյ անծանօթ Իսթանպուլի բնակիչը դառնալը։
-Հայաստանից Թուրքիա արտագաղթած հայութեան մեծամասնութեան պէս, ինձ նոյնպէս այդ քայլին դրդեց ֆինանսական ծանր կացութիւնը։ Յայտնի իրողութիւն է այն, որ 1980-ականների վերջին Կիւմրին տարածաշրջանի խոշորագոյն արդիւնաբերական քաղաքներից մէկն էր՝ Սովետական Հայաստանի թեքստիլի եւ սննդի արդիւնաբերութեան կեդրոնը։ Երկրաշարժից առաջ Կիւմրիում չկար մէկը, ով աշխատանք չունենար։ Երկրաշարժի արհաւիրքը, Ղարաբաղեան շարժումը, ինչպէս նաեւ ԽՍՀՄ փլուզումը ժողովրդին կանգնեցրին շատ պարզ խնդիրների առաջ։ Կիւմրիում այլեւս չկային գործարաններ ու աշխատատեղեր։ Հայրիկիս մահուանից յետոյ մայրիկիս խնամքի տակ էին դպրոցական եղբայրս ու ուսանող քոյրս, իսկ մայրս աշխատանք չունէր։ Արդէն Թուրքիայում ունէինք ծանօթներ, ովքեր մայրիկիս հրաւիրեցին աշխատելու. 2008 թուականին նա եկել է Իսթանպուլ եւ անմիջապէս մէկի տանը աշխատանքի անցել։ 2009 թուականին էլ ես եմ եկել մայրիկիս մօտ։ Ես նոյնպէս մեծ դժուարութիւններ ունեցայ Կիւմրիում աշխատանք գտնելու հարցում. մասնագիտութեամբ ճարտարագէտ եմ եւ այլեւս գործարաններ չունեցող մի քաղաքում իմ մասնագիտութեամբ աշխատանք գտնելը դարձել էր անհնարին մի բան, իսկ իմ խնամքի տակ էր 3 տարեկան աղջիկս։ Ընտանիքով վճռեցինք, որ աղջիկս ժամանակաւոր պէտք է մնայ Կիւմրիում՝ քրոջս եւ եղբօրս մօտ։ Այդ որոշումն ինձ համար չափազանց դժուար եւ ճակատագրական էր։ Իսթանպուլում սկզբնական շրջանում սկսեցի աշխատել Փակ շուկային կից թանկարժէք քարերի մեծածախ վաճառքով զբաղուող ընկերութիւնում, որտեղ էլ սովորեցի թրքերէն (հայերի եւ ասորիների հետ եմ աշխատել)։ Միայն մէկ տարի յետոյ, երբ կարողացայ ոտքի կանգնել, աղջկաս բերեցի ինձ մօտ։ Ապրելով անծանօթ միջավայրում՝ նոր մշակոյթի ու նոր լեզուի առկայութեամբ, կարողացայ յարմարուել եւ ինքս ինձ նորովի բացայայտել։ Իմ եւ դստերս համար բեկումնային դարձաւ Իսթանպուլում հայաստանցիների երեխաների կրթօճախի գոյութեան լուրն իմանալը։ Աղջիկս դարձաւ այդ դպրոցի աշակերտ, իսկ ես էլ սիրով միացայ այդ կրթօճախի աշխատանքներին, որի շնորհիւ օտարութեան մէջ օտարութիւնը չզգացինք։
-Հայաստանցիները դեռ շարունակում են արտագաղթել, մի՞թէ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխուել։
-Հայաստանում գոյատեւելու համար տարեցտարի ստեղծւում են նոր հնարաւորութիւններ, սակայն իմ կարգավճակում գտնուող անհատի համար դրանք դեռ բաւարար չեն։ Ի հարկէ, Հայաստանից արտագաղթի նուազման եւ դէպի Հայաստան ներգաղթի ցուցանիշների բարձրացման փաստը մեծ յոյսեր է ներշնչում, սակայն դեռ ժամանակ է պէտք։
-Ըստ ձեզ ինչպիսի՞ն են հայաստանցիների եւ պոլսահայերի յարաբերութիւնները։ Այս առումով ի՞նչ լաւ բաներ ունենք իրենցից սովորելու, եւ ի՞նչ կարող են իրենք մեզնից սովորել։
-Սկզբնական շրջանում, երբ դեռ չէի ընտելացել նոր միջավայրին, հանդիպելով պոլսահայերին՝ փորձում էի յագեցնել հայրենիքիս եւ հարազատներիս հանդէպ ունեցած կարօտի ծարաւը։ Ժամանակի ընթացքում հասկացայ, որ տարբեր են մեր աշխարհահայեացքները եւ մեր ապրելակերպը։ Մենք՝ հայաստանցիներս եւ պոլսահայերը միմեանցից սովորելու շատ բան ունենք։ Չեմ կարող երախտապարտ չլինել պոլսահայերին, ովքեր այստեղ հայաստանցի երեխաների կրթութեան կազմակերպմանն են աջակցում։ Իսթանպուլի Հրանդ Տինքի անուան կրթօճախը, որտեղ նաեւ ես եմ ուսուցչութիւն անում, գոյատեւում է նրանց շնորհիւ։
-Ի՞նչ տուեց ձեզ Իսթանպուլը եւ ի՞նչ վերցրեց ձեզանից։
-Ես լաւատես եմ, եւ գուցէ դա է պատճառը, որ այսպէս եմ խորհում. Իսթանպուլն ինձ աւելի շատ տուել է, քան վերցրել։ Իմ ապագան պատկերացնելով Կիւմրիում՝ յանկարծ յայտնուեցի ինձ անծանօթ աշխարհի կեդրոնում։ Առաջին հայեացքից չափազանց բարդ թուացող խնդիրները շատ կարեւոր դեր ունեցան իմ հետագայ աշխարհընկալման վրայ։ Բնաւորութեամբ դարձայ աւելի զգօն, իրատես, ինքնավստահ եւ համբերատար։ Իսթանպուլում զգացի ընտանեկան ջերմութեան եւ ընկերական մտերմութեան ծարաւը։
-Այժմ ձեր դուստրը հայրենիքում է իր ուսումը շարունակում։ Ե՞րբ էք հանդիպելու իրար։
-Աղջիկս՝ Իոլան, երկու տարի առաջ մեկնեց Հայաստան՝ հիմնական կրթութեան աւարտական վկայական ստանալու եւ աւագ դպրոցում իր ուսումը շարունակելու։ Այժմ նա սովորում է Հայաստանի ազգային փոլիտեխնիկական համալսարանի աւագ դպրոցի հումանիտար բաժնում. ունի գերազանց առաջադիմութիւն եւ պատրաստուում է ապագայ կրթութիւնը շարունակել համալսարանում։ Մինչ համաճարակը մենք իւրաքանչիւր դպրոցական արձակուրդ անցկացնում էինք միասին Հայաստանում կամ Իսթանպուլում։ Այս ամառային արձակուրդները ստիպուած ենք անցկացնել միմեանցից հեռու. մեր հանդիպումը կախուած է համաճարակի հետագայ զարգացումներից։ Քանի որ ի սկզբանէ Իոլան գիտեր Հայաստան մեկնելու եւ ուսումը այնտեղ շարունակելու մասին, կարողացաւ յաղթահարել դժուարութիւնները եւ կարօտը։ Համացանցի անփոխարինելի դերն ու կեանքը հեշտացնելու անհերքելի փաստը երկուսիս համար էլ հիանալի առաւելութիւն է։ Համացանցի շնորհիւ մեր օրը սկսւում եւ վերջանում է միասին։ Թէեւ կարօտն անյաղթահարելի է, սակայն կեանքը սովորեցնում է յաղթահարել ամէն բան եւ շարունակել ժպտալ։