ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ
55ժամ տեւած ճանապարհորդութեան մասին պատմում է օրեր առաջ ընտանիքի հետ Թուրքիայից Հայաստան վերադարձած Արփինէն։
«Իրականում Հայաստան վերադառնալու մտադրութիւն չունէինք. դեռ 2 տարի Թուրքիայում մնալու ծրագիր ունէինք, սակայն համավարակը մեզ անսպասելի որոշում կայացնելու խնդրի առաջ կանգնեցրեց՝ վճռեցինք երեխաների հետ հայրենիք վերադառնալ» ասում է Արփինէն։
-Արփինէ՛, առաւօտեան, երբ արդէն Հայաստանում էիք, ի՞նչ զգացումներ ունեցան երեխաները։
-Երեխաները ճանապարհին անհամբեր սպասում էին, թէ երբ են Հայաստան հասնելու։ Հայաստանում իմ հայրական տանը ապաստանեցինք, որտեղ բակ ու պտղատու այգի ունենք։ Առաւօտեան երեխաներս քնից արթնացել ու միանգամից բակ են վազել։ Անհնար է պարզ մարդկային լեզուով նկարագրել նրանց բերկրանքը։ Չափ ու սահման չունեցող ուրախութիւն. ա՛յ, այդ ուրախութիւնն էր պատել նրանց.վազվզում էին խոտերի մէջ ու գնդակով խաղում, ցնցուղը վերցրել այգին էին ջրում, իրենց ոտքերի տակ հայրենի հողի կարոտն էին զգում։ Տարիներ շարունակ Թուրքիայում ապրելով՝ մեր երեխաները մարդկային պարզ ուրախութիւններից զրկուած էին։ Եթէ ամէն երեխայի կեանքում բակն իր կեանքի կարեւոր ու անբաժան մասնիկն է, ապա մեր երեխաների ու Իսթանպուլում ապրող շատ հայաստանցի երեխաների համար բակը հեռաւոր երազանք էր։
-Ինչե՞ր ապրեցիք ճանապարհին։
-Թուրքիայից դէպի Հայաստան շարժուող առաջին աւտոպուսը մերն էր, մեր վարորդը շատ հոգատար էր բոլոր ուղեւորների հանդէպ։ Աւտոպուսի մէջ շատ մանկահասակ երեխաներ կային, եւ նա նրանցից իւրաքանչիւրի հանդէպ շատ ուշադիր էր։ Թուրքական սահմանն անցնելիս մեզ օգնել էր նաեւ ուղեբեռը տեղափոխելու հարցում, մինչդեռ կարող էր նաեւ չօգնել, ինչ կայ որ։ Վարորդն օժտուած էր մարդկային բարձր յատկանիշներով, ինչի համար շնորհակալ ենք նրան։
-Համացանցում արագ տարածուեցին լուրեր այն մասին, որ մեր հայերը Պաթումում սոված եւ ծարաւ են մնացել։ Իրականում ի՞նչ էր եղել։
-Ուղեւորութեան առաջին օրը՝ երեկոյեան ժամը եօթին էինք վերջին անգամ հաց կերել, որից յետոյ աւտոպուսները շարժուել եւ միայն լուսադէմին են կանգ առել։ Առաւօտեան ժամը 9-30–ին թուրքական սահմանում էինք։ Սահմանն անցնելուց յետոյ նոյնպէս հաց չենք կերել, աւելին՝ մնացել էինք առանց ջրի։ Վրաստանում թոյլ չեն տուել, որ ջուր գնենք. 6 ժամ անընդմէջ աւտոպուսը ընթացքի մէջ է եղել, եւ մեզ ուղեկցող ոստիկաններն ասել են, որ իրաւունք չունենք դուռը բացելու եւ իջնելու, դրան գումարած՝ չէզոք գօտում 9 ժամ սպասել ենք (սպասելու պատճառը 3 ուղեւորի փաստաթղթային խնդիրներն էին, որոնք կարգաւորուեցին աւելի ուշ՝ հիւպատոսի միջամտութիւնից յետոյ)։ Մենք կապ հաստատեցինք վերադարձի գործընթացի կազմակերպիչ Գագիկ Մուշեղեանի հետ եւ բացատրեցինք վիճակը։ Նա մեզ տրամադրեց հիւպատոսարանի թեժ գծի հեռախօսահամարները, որից յետոյ միայն վրացական կողմը ապահովեց երկու կանգառ՝ պէտքարանից օգտուելու համար, իսկ երկրորդ կանգառին՝ ժամեր անց նաեւ ջրեր ու պիսկուիտներ բաժանեցին։ Եւ այս ամէնի գլխաւոր պատճառը համավարակի ստեղծած արտակարգ իրավիճակն էր՝ իր չոր ու անմարդկային կանոններով, միւս կողմից էլ հայկական աւտոպուսներում ջրի պաշար չկար (լաւ կը լինէր, որ ուղեւորութեան ընթացքում աւտոպուսներում ջուր լիներ)։ Մենք աւտոպուսներում ունէինք մանկահասակ երեխաներ, որոնց քաղցած եւ ծարաւ թողնելը իսկական տանջանք էր։ Ժամեր շարունակ փակ աւտոպուսի մէջ էինք, իսկ մեզ լսող չկար։ Հիմա էլ գուցէ որոշ ընթերցողներն ասեն՝ ինչ կայ որ, բայց վստահ եմ, որ այդպէս մտածողները սովորական երկարաժամ օդանաւի ուղեւորութեան ընթացքում անգամ անհամբեր են, երբ կան նուազագոյն պայմանները։ Էլ ուր մնաց համբերէին խմելու ջուր չունենալու դէպքում։ Մեզ հետ նոյն վիճակում էին նաեւ 4 աւտոպուսների վարորդները։
-Հայաստանում ինչպէ՞ս ձեզ դիմաւորեցին։
-Հայաստանի սահմանում մեզ շատ լաւ են դիմաւորել, Հայաստանի սահմանը հատած առաջին քաղաքացին ես եւ երեխաներս էինք, քանի որ աւտոպուսից չորս-չորս էին իջեցնում։ Մեզ ուղեկցել են հայ սահմանապահները, տեղում ախտահանել, ջերմաչափել, օգնել ուղեբեռը տանելիս։ Հայկական սահմանից ըստ մարզերի ենք շարժուել՝ պարետի ուղեկցութեամբ։ Ամբողջ Կիւմրին շրջել եւ ամենավերջում հասել էինք մեր տուն՝ Արթիկ՝ 55 ժամուայ վերջը չունեցող ճանապարհի վերջին կանգառ։
-Դուք ծանուցագիր ստորագրեցի՞ք ինքնամեկուսացման կարգի վերաբերեալ։ Ինքնամեկուսացումից յետոյ ի՞նչ առաջնային անելիքներ ունէք։
-Այո՛, ես ստորագրեցի ծանուցագիրը. այժմ մենք ինքնամեկուսացման մէջ ենք՝ հսկողութեան տակ եւ 14 օր տնից դուրս չենք գալու։ Քանի որ հիմնական ենք տեղափոխուել Հայաստան, ուստի առաջնային է երեխաների կրթութեան հարցը կարգաւորելը, որից յետոյ ընտանիքի միւս անդամների անձնագրային խնդիրներ լուծելը։ Հեշտ չէ, տարիներ յետոյ ընտանիքով հայրենադարձուել եւ նորից զրոյից սկսել՝ առանց սեփական տանիքի։ Մեր երեխաների ապագայի բոլոր ծրագրերը կապուած են Հայաստանի հետ, եւ մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ այդ ծրագրերն իրականացնենք։
Հ.Գ. Աւետիքի եւ Արփինէի ընտանիքը՝ 3 անչափահաս երեխաներն ու ամուսնու ծնողները Թուրքիայից ՀՀ հայրենադարձուող ընտանիքներից մէկն է։ 2003 թուականին Աւետիքի ծնողները Կիւմրիից Թուրքիա էին եկել արտագնայ աշխատանքի, որովհետեւ այդ տարիներին աշխատանք չկար եւ գոյատեւելու խնդիր ունէին (1988 թուականի երկրաշարժի հետեւանքով կորցրել էին տունն ու աւագ աղջկան, որից յետոյ երկար տարիներ ապրել են տնակում՝ անմխիթար պայմաններում)։ Հետագայում նրանց միացան նաեւ 2 որդիները։ Մեծ որդին՝ Աւետիքը ամուսնացաւ Արփինէի հետ եւ նրանք բնակութիւն հաստատեցին Թուրքիայում, որտեղ էլ ծնուեցին իրենց 3 մանկահասակ երեխաները՝ Տաթեւը, Հայկն ու Սոնան։
Յիշեցնենք, որ Մայիսի 20-ին Թուրքիայից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբը, ովքեր մէկ ամիս անհամբեր սպասում էին իրենց հայրենիք վերադառնալու հերթին։