ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ
Մենք օտարութեան մէջ Աստուծոյ տանն ենք ապրել, մի՞թէ դրանից աւելի լաւ բան կայ։
Գաղտնիք չէ, որ Կէտիկփաշայի Հայ Աւետարանչական եկեղեցին տարիներ շարունակ անտրտունջ իր դռներն է բացել հայաստանցի գաղթականների եւ նրանց երախաների համար։ Շատ սերունդներ են ապաստան գտել այստեղ եւ մինչ օրս շատերն են այցելում եկեղեցի՝ յիշելով այդ երդիկի տակ անցկացրած իրենց տարիները՝ պատմում են, յուզւում, արտասւում։ Նրանք պատմում են եկեղեցու մերօրեայ բնակիչներին, ովքեր նոյնպէս պատմելու շատ բան ունեն։
Համավարակն այս օրերին շատերի կեանքի ընթացքն է փոխել։ Հայրենի տնից տարիներ շարունակ հեռու ապրող հայորդիները ամէն օր տարբեր երկրներից տուն են վերադառնում։ Մի կողմից կարելի է ուրախանալ հայրենադարձութեան ուրախալի փաստով, միւս կողմից՝ տխրել ամեն մեկնողի հետ, որովհետեւ հեռանալիս ու վերադառնալիս, ով գիտէ՝ ի՞նչ ապրումներ են փոթորւում նրանց հոգիներում։
-Դուք ինձ չէ՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խօսում իրար ականջի
Արագիլները չուելուց առաջ։
-Տառապում էին։ (Համօ Սահեան)
Արուս քոյրիկին ու Գագիկ եղբօրը այստեղ շատերն են ճանաչում։ Նրանք 20 տարի շարունակ ապրում եւ ծառայում են Կէտիկփաշայի Հայ Աւետարանչական եկեղեցում։ Վանաձորցի ամուսինները 1999 թուականից մինչ օրս ապրում եւ աշխատում են Թուրքիայում։ Նրանք հայրենիք են վերադառնում։
«Ինչպէս հեշտ չէր 21 տարի առաջ աշխատելու նպատակով՝ տուն-տեղ, հարազատներին թողնելով Թուրքիա գալը, այնպէս էլ հեշտ չէ հիմա՝ վերադառնալ՝ թողնելով այս եկեղեցին՝ այս հարազատ սենեակը , որտեղ մեր՝ գաղթականի կեանքն անցաւ։ Դժուար ենք հեռանում, հեռանում ենք շատ յիշողութիւններ տանելով»,-ասում է Արուս քոյրիկը։
-Ի՞նչ յիշողութիւններ էք տանում, եթէ գաղտնիք չէ։
-Այսօրուայ պէս յիշում եմ՝ ինչպէս առաջին անգամ եկանք Թուրքիա։ Սկզբնական շրջանում վարձով էինք ապրում։ Օրերից մի օր աշխատանքս կորցրել եւ եկել էի Կէտիկփաշայի Հայ Աւետարանչական եկեղեցի։ Գրիգոր եղբօրը՝ Վերապատուելուն, յուզուած պատմել էի այդ մասին։ Նա ինձ ասաց, որ կարող ենք եկեղեցում ապրել։ Եւ այդպէս էլ ամէն ինչ սկսուեց։ Մենք բնակութիւն հաստատեցինք այս եկեղեցում՝ մասնակցելով ծառայութիւններին եւ եկեղեցու կեանքին, շարունակելով մեր աշխատանքը։
-Ի՞նչ աշխատանք էք կատարել, ինչպէ՞ս են ձեզ վերաբերուել այդ տարիներին Թուրքիայում։
-Ամուսինս էլեկտրիկ է եւ տարիներ շարունակ այստեղ իր մասնագիտութեամբ է աշխատել։ Ես տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մաքրութեան գործից մինչեւ հիւանդապահ, բուժքոյր եւ այլն։ Աշխատել եմ եւ՜ ալեւիի, եւ՜ թուրքի, եւ՜ հայի տներում։ Ոչ մի անգամ մեր ինքնութիւնը չենք թաքցրել, բոլորն էլ գիտէին մեր հայ լինելը։ Ես թուրքի երախայի համար ճաշ եմ եփել։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ Հայաստանում թոյլ կու տայի՞ն, որ թուրքն իրենց երեխայի ճաշն եփէր։ Մեզ միշտ յարգանքով են վերաբերուել։ Ի՞նչ իմանամ, գուցէ դա է թուրքական դիւանագիտութիւնը։ Բնաւ չեմ մոռանայ Տինքի սպանութեան օրը, ես Միթէ անունով թուրքի տանն էի աշխատում.միայն թէ տեսնէիք, թէ որքան էին նրանք յուզուել, բոլորը լաց էին լինում։ Եւ ոչ միայն նրանք, իմ ճանաչած թուրքերից շատերն էին սգում Հրանդի մահը։
-Ձեր յիշողութիւններում ինչպէ՞ս մնաց Հրանդ Տինքը։
-Տինք ամուսիններին լաւ էի ճանաչում, միշտ գալիս էին եկեղեցի։ Յիշում եմ Հրանդ աղբարիկը մէկ անգամ ձեռքն ուսովս գցեց ու ասաց.«Քո՛ւյրս, տանջանքը մարդու համար է, հոգ մի՛ ընէր։ Յիսուսն էլ մեզ համար չարչարուեց։ Աս ինչ է որ, մենք չենք չարչարւում, Յիսուսն աւելի շատ է չարչարուել»։ Երբեմն էլ բացում էր մեր սենեակի դուռն ու ասում, որ այս սենեակը աղջիկների սենեակն էր։ Ի դէպ՝ եկեղեցու մանկապարտէզի սենեակում էլ տղաներն էին ապրում։ Ով իմանար՝ գուցէ ամէն անգամ եկեղեցի գալիս վերյիշում էր որբանոցի երախաներին, նրանց արդար խաղն ու զրնգուն ձայները, միասին անցկացրած օրերը։
-Հայաստանցի երախաները ձեզ հետ նոյն յարկի տակ ապրեցին, այդպէս չէ՞։
-Նրանք ինձ հարեւան եկան։ Մինչ դպրոցը՝ այստեղ 20-25 հայաստանցի ընտանիքներ էին ապրում։ Գրիգոր եղբայրը նրանց եկեղեցում ժամանակաւոր ապրելու հնարաւորութիւն էր տուել։ Յետոյ արդէն, երբ երախաները շատացան, հայաստանցիներն իրենց տեղը զիջեցին երախաներին։ Պատահել է, երբ դպրոցի հետ վիճել ենք, ինչ կայ որ, մայր ու աղջիկ չե՞ն վիճում, սակայն դպրոցն ու մենք ուրիշ հոգեւոր կապով ենք կապուած։
Ինչ էլ պատմելու լինեմ Վերապատուելու արած բոլոր լաւ գործերի մասին, քիչ է։ Այդ դժուար տարիներին նա անձնուիրաբար ու խիզախաբար անդադար սատար էր կանգնում հայաստանցի գաղթական ընտանիքներին ու նրանց զաւակներին։ Գրիգոր եղբայրը (մենք նրան մտերմիկ ձեւով այդպէս ենք դիմում) միշտ բարձրաձայն ասում է՝ այս երախաները մեր երախաներն են, ինչո՞ւ պէտք է նրանց թողնենք փողոցում։
-Հաշուած օրեր յետոյ վերադառնալու եք հայրենի Վանաձոր։ Ի՞նչ զգացումներ ունէք։
-Իսթանպուլում ապրած իմ օրերի մասին նոթեր եմ գրել, ճանապարհը երկար է լինելու՝ կրկին թղթին կը յանձնեմ զգացմունքներս։ Ճիշդ է, վերջին անգամ 15 տարի առաջ եմ եղել Հայաստանում, սակայն երախաներս միշտ եկել են մեզ մօտ։ Իհարկէ ուրախ ենք, ի վերջոյ երկար տարիներ յետոյ տուն ենք վերադառնում՝ մեր երախաների եւ թոռների մօտ։
Մենք օտարութեան մէջ Աստուծոյ տանն ենք ապրել, մի՞թէ դրանից աւելի լաւ բան կայ։ Ինչպէս գալն էր դժուար, այնպէս էլ՝ գնալը։ Ես յուզւում եմ, իսկ Գրիգոր եղբայրը զրնգուն ձայնով ասում է.«Քու սենեակդ, ոչ մէկին չեմ ձգեր, գնայ, նորէն արի»։ Յուզւում ու լաց են լինում նաեւ այն հայ քոյրերը, որտեղ ես աշխատում էի վերջին 4 տարիներին։ Ո՞վ եմ ես նրանց համար՝ ընդամէնը սպասաւոր, որ մի օր մտաւ իրենց կեանքի մէջ եւ մի օր էլ պիտի հեռանար։