ԴՈԿՏ. ՌՈՒԲԷՆ ՍԱՐԴԱՐԵԱՆ Թեհրան
Համաճարակի սկզբնական շրջանում, այսինքն 2019 թուականի Դեկտեմբերի վերջից մինչեւ 2020 թուականի Յունուարի սկիզբը երկրի մասշտաբով կամ իրանահայ համայնքում հարկ եղած չափով քորոնավիրուսը կամ COVID-19 հիւանդութիւնը լուրջ չ՚ընդունուեց։ Սակայն, երբ արդէն շատացան քորոնայի հետեւանքով առաջացած մահուան դէպքերը, պարզուեց, որ բացթողումներ են եղել, որովհետեւ ընդհանրապէս այս հիւանդութեան տարածման ընթացքում, մինչեւ մահուան ի յայտ գալը որոշակի ժամանակահատուած է ընկած։ Մահերից յետոյ արդէն վիճակը լրջացաւ ու պարզուեց, որ Ղոմ քաղաքը վարակի տարածման հիմնական կեդրոնն է եղել, որը դժբախտաբար չենթարկուեց քարանթինայի ու վարակը տարածուեց ամբողջ երկրով մէկ։
Քորոնայի դէմ պայքարի յաջորդ փուլում արդէն պետական բոլոր մարմիններն ու Իրանի առողջապահութեան նախարարութիւնը իր բոլոր ենթակառոյցներով սկսեցին լուրջ մօտեցում ցուցաբերել։ Միեւնոյն ժամանակ սկսուեց փորձեր եւ ուսումնասիրութիւններ կատարուել որոշ կարեւոր նիւթերի կամ սարքաւորումների արտադրութեան ուղղութեամբ, որոնք անհրաժեշտ էին քորոնայի դէմ յաջող պայքար մղելու համար՝ յատկապէս ԱՄՆ-ի կողմից գործադրուող սանկցիաների պայմաններում։ Բարեբախտաբար, շնորհիւ լաւ մասնագէտների ջանքերի, պետական հովանաւորութեան ու կապիտալի ներդրման այժմ արդէն Իրանը արտադրում է թեսթաւորման քիթեր, որոնք տրամադրւում են բոլոր այն հիւանդանոցներին, որտեղ բուժւում եւ թեսթաւորւում են հիւանդները բուժումից առաջ եւ ապաքինուելուց յետոյ։ 30 մասնաւոր լապորաթորիաների իրաւունք է տրուել օգտագործել այդ թեսթերը։
Մասիհ Դանեշվարի հիւանդանոցը ներկայումս ճանաչուած է որպէս քորոնայի բուժման եւ հետազօտութեան ամենալաւ հիւանդանոցներից մէկը։ Այնտեղ սկսել են փլազմաբուժութիւնը։ Հետաքրքիր է իմանալ, որ հէնց նոյն հիւանդանոցի բուժանձնակազմի աշխատողները, որոնք վարակուել էին քորոնայով եւ ապաքինուել, իրենց արիւնը նուիրաբերեցին, որից անջատուեց արեան փլազման ու սրսկուեց հիւանդներին հիւանդութեան սկզբնական փուլում։ Հիմա այդ եղանակով բուժումը, որը իր նախադրեալը ունի Չինաստանում, աստիճանաբար իր կիրառութիւնն է գտնում երկրի մասշտաբով։ Ստեղծուել է արիւն նուիրաբերելու կեդրոն, որտեղ ապաքինուածները իրենց արիւնն են նուիրում վարակուածների բուժման համար։
Իրանում արդէն սկսել են արտադրել բժշկական վենթիլաթորներ։ Օրական արտադրւում է 30 վենթիլաթոր եւ յոյս կայ, որ շուտով ներքին շուկան բաւարարելուց յետոյ կարող են արտահանել։ Այս սարքաւորումները օգնում են ICU –ում գտնուող սուր շնչական անբաւարարութեամբ տառապող հիւանդներին թթուածինով ապահովելը մինչեւ բուժման աւարտը։
Իրանում սկսել են արտադրել նաեւ սերոլոգիական քիթեր՝ ամսական 8 միլիոն հատ, որով կարող են որոշել տարբեր խաւերի կամ խոցելի խաւերի օրկանիզմներում գտնուող քորոնայի հակամարմինները։ Ընդ որում սա հնարաւորութիւն է տալիս եզրակացնել, թէ տուեալ օրկանիզմը իր հակամարմինների քանակով ու որակով ունակ է պայքարելու քորոնայի վիրուսի դէմ, թէ՝ ոչ։
Մօտ 20 օր առաջ պետութիւնը խստացրեց տան քարանթինան, փակուեցին կրթական բոլոր համալիրներն ու համարեա սահմանափակեց բոլոր պիզնեսները, որն էլ նուազեցրեց վարակուածների թիւը, եւ առիթ ստեղծուեց աւելի մեծ քանակութեամբ մարդկանց ենթարկել թեսթաւորման։ Սակայն արդէն չորս օր է, որ վերացուել են որոշ պիզնեսների աշխատանքի սահմանափակումները, որի որոշումը, աւելի շուտ, տնտեսական մեկնաբանութիւնների արդիւնքում է կայացուել։ Բայց միւս կողմից առողջապահութեան համակարգի մտավախութիւնն է առաջացրել, որ հնարաւոր է այդ քաղաքականութիւնը կրկին վարակուածների թուի աւելացման պատճառ դառնայ։ Հարկ է նշել, որ դեռ շատ պիզնեսների աշխատանքը դադարեցուած է, կրթական համակարգի աշխատանքը՝ նոյնպէս։ Արգելուած էր նաեւ միջքաղաքային երթեւեկութիւնը, բայց մի քանի օրից այդ սահմանափակումը կը վերացուի։
Իրանում վարակուածների մեծ մասը թեթեւ է տանում այս հիւանդութիւնը եւ մասնագէտ բժշկի կողմից ստուգուելուց յետոյ բուժումը շարունակում է տան պայմաններում։ Եթէ յանկարծ նրանցից որեւէ մէկի մօտ առաջանայ բարձր ջերմութիւն կամ շնչահեղձութիւն դիմում է հիւանդանոց։ Խորհուրդ է տրւում հնարաւորինս տան պայմաններում բուժուել, որպէսզի հիւանդանոցներում ծանրաբեռնութիւն չառաջանայ Իրանում։ Տնային բուժումը լաւ արդիւնք է տուել։
Իրանահայ համայնքը, լինելով երկրի մի մասնիկը, ունի նոյն պատկերը։ Իրանահայերը մինչ այժմ ունեցել են 14 մահ, որից 2-3-ը կասկածելի են եղել, սակայն քորոնային բնորոշ արարողակարգով են յուղարկաւորուել։ Դժուար է հայ վարակուածների ճշգրիտ թիւը նշել, սակայն, նկատի ունենալով մահացութեան թիւն ու այն տեղեկութիւնները, որ հիւանդներից՝ վարակուածներից, ու հանգուցեալների ընտանիքները կոնդակդներից ենք ձեռք բերել, կարելի է ասել, որ ունենք աւելի քան 300 վարակակիրներ, որոնցից մօտ 60 հոգին ապաքինուել են։
ԹՀԹ-ի Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչուել շտապ, որը զբաղւում է իրանահայ համայնքում քորոնայի հետ կապուած տարբեր հարցերով։ Շտապին յատկացուել է որոշակի գումար, որը տրամադրում է Կարիքաւորների Օգնութեան Միութեանը, հայկական ծերանոցներին ու կարիքի մէջ գտնուող որոշ անհատների։ Թեհրանում աշխատում է Ազգային «Աւետիսեան» բուժարանը, որտեղ այս օրերին գործում է թեժ գիծ, եւ մեր հայրենակիցները կարող են դիմել քորոնայի հետ կապուած ցանկացած հարցով։
Իրանի Հայ Բժշկական Միութեան կողմից ստեղծուել է «Առողջ Համայնք» «Ուաթստապի» ու «Թելեգրամ»ի քանալը, որտեղ ներդրւում են քորոնա հիւանդութեան ու նրա դէմ պայքարելու մասին տարբեր նիւթեր ու նորութիւններ՝ հիւանդութիւնը կանխարգելու, ապահով մնալու ու պայքարելու վերաբերեալ։ Հնարաւորութիւն է ստեղծուած, որ մեր հայրենակիցները քորոնայի հետ կապուած տարբեր հարցերով դիմում են նաեւ Հայ Բժշկական Միութեան մասնագէտ բժիշկներին։
Դադարեցուած են բոլոր հայկական դպրոցների ու մարզամշակութային միութիւնների աշխատանքները։ Դադարեցուել է կրօնական բոլոր հաւաքներն ու արարողութիւնները։ Խորհուրդ է տրւում միայն շատ շտապ դէպքերում փողոց դուրս գալ ու մնալ տանը։ Ունենք որոշակի քանակութեամբ հայ աշխատաւորներ, որոնք օրուայ աշխատանքի եկամտի յոյսով են ապրում, նրանք գտնւում են դժուար պայմաններում եւ ստիպուած են վարակուելու վտանգի ներքոյ գնալ աշխատանքի՝ ընտանիքի տնտեսական կարիքները հոգալու նպատակով։ Ունենք շատ ընկերութիւններ ու հաստատութիւններ, որոնց աշխատանքները դադարեցուած են, իսկ աշխատողները դարձել են գործազուրկ։ Շտապը խոստացել է, որ օգնութիւն է ցուցաբերելու նաեւ անապահով աշխատողներին ու ընտանիքներին։
Իրանի Օրուա տուեալները
Ամէն օր Իրանի առողջապահութեան նախարարութեան խօսնակ Դոկտ. Քիանուշ Ջահանփուրը ներկայցնում է վերջին 24 ժամուայ տուեալները։ Անցած 24 ժամուայ ընթացքում՝ Ապրիլի 15-ից մինչեւ Ապրիլի 16-ի տուեալներն են՝
Վարակուել է 1606 մարդ
Մահացել է 92 մարդԸնդհանուր վարակուածների թիւն է 77,995 մարդԸնդհանուր մահացածների թիւն է 4869 մարդ Ընդհանուր առողջացածների թիւն է 52,229 մարդ
Ծանր վիճակում են գտնւում 3594 մարդ
Մինչ այժմ թեսթաւորուել է 310,340 մարդ