dzovinarlok@gmail.com
Մեր ժամանակներում ասում էին մուլտիպլիկացիա։ Այսօր ասում են անիմացիա կամ պատկերապատում։ Multiplicatio լատիներէն նշանակում է շատացնել, բազմապատկել, իսկ Animatio լատիներէն՝ կենդանացում։ Նկարին, պատկերին շունչ է տրւում։ Շարժում։ Նաեւ ասում էինք տիկնիկային կինօնկար, եւ առանց այդ ֆիլմերի մանկութիւն չկար։ Ընդհանրապէս մանուկների համար աշխարհը սկսւում է տիկնիկներից։ Մարդիկ նոյն տիկնիկներն են, բայց ոչ իսկական։ Մեր օրերում պատկերապատմանը դիմում են տարբեր նպատակներով եւ ստեղծւում են այնքան բարդ եւ ազդեցիկ ֆիլմեր, որոնք լուրջ վերլուծման կարիք ունեն։ Անշուշտ դրանք մեծահասակների համար են։ Անիմացիոն ֆիլմը այսօր կարող է ոչ միայն հեքիաթներ պատմել մանուկների համար, այլ մտորել հրատապ հարցերի շուրջ, այսինքն այդ կինօն այլեւ շեշտը դնում է ոչ թէ շարժուող նկարների վրայ, ինչը մանկական հիացմունք է պատճառում, այլ դարձել է միջոց՝ ստեղծել կինօ առանց կինօ։ Հետաքրքիր է, որ աւանդական, դերասաններով լի կինօն նոյնպէս այսօր հակուած է նկարչական պատկերապատման,այսինքն շեշտը դրւում է կադրին, որը ինքնին նկարի պէս է, որտեղ լոյսը եւ կառուցուածքը դարձել են նոյնքան կարեւոր, որքան եւ խաղը, գործողութիւնը։
Այս տարի հոկտեմբերի 24-29-ին տեղի ունեցաւ ՌէԱնիմանիայի 11-րդ փառատօնը։ Հայաստանում անիմացիոն ֆիլմեր սկսեցին ստեղծել 1938-ից, առաջին մուլտֆիլմը «Շունն ու կատուն» էր ըստ Թումանեանի, այսինքն մեր անիմացիան 81 տարեկան է, սակայն 1949-ին ֆիլմերի արտադրումը ընդհատուեց։ Վերածնունդը կապուած է Վալենտին Պոդպոմոգովի արուեստի հետ։ 1968-ին նա ստեղծեց «Մի կաթիլ մեղր» մուլտֆիլմը՝ կրկին ըստ Թումանեանի, իսկ վերակենդանացումը փառատօնի տեսքով կապուած է ծաղրանկարիչ Վրէժ Քասունու անուան հետ։ Հետաքրքիր է, որ երկուսն էլ աշխարհին նայում են ծիծաղով։
Շնորհիւ Վրէժ Քասունու նախանցեալ տարի հայաստանեան հանդիսատեսին հասու դարձաւ դարի հրաշքը, որն էր «Վան Կոկի կրքերը» լիամեթրաժ անիմացիոն ֆիլմը։ Այս տարի հայ հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ կրկին,այժմ առանց սենսացիոն աղմուկի դիտել այդ ֆիլմը, ինչպէս նաեւ տեսաւ ֆիլմի ռեժիսոր Հիւ Ռեյլչմանին, իսկ նա իր հերթին որպէս անակընկալ ցուցադրեց իր նոր ֆիլմից կրքոտ կադրեր, որոնք դեռեւս ոչ ոք աշխարհում չէր տեսել։ Վրէժ Քասունին յանձնեց նրան Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը, որը տրւում է լաւագոյն գեղագիտական լուծումով արուած ֆիլմին եւ որը նա շահել էր դեռեւս 2017-ին։ Վելչմանը պատմեց, որ ժամանել է Վարշաւայից եւ այնքան յոգնած էր, որ իրէն թւում էր, թէ հիւրանոցում պիտի քնով տարուի, բայց քնել չյաջողուեց,որովհետեւ նրան չափազանց հետաքրքիր բաներ էին սպասում Երեւանում։
Այս տարի փառատօնը ստացել էր տարբեր երկրներից աւելի քան 350 յայտ, որոնցից ընտրուել էին 100-է աւելի ֆիլմեր։ Կար մրցոյթային ծրագիր։ Կար նաեւ արտամրցութային ծրագիր։ Նայելու եւ սովորելու շատ նիւթ եղաւ։ ինչ բախտաւոր է ժամանակակից երիտասարդութիւնը՝ այս ծով հնարաւորութիւնների մէջ։ Ֆիլմերը մրցեցին 5 անուանակարգերում։ Ահա արդիւնքները։
Լաւագոյն լիամեթրաժ ֆիլմ ճանաչուեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմութիւնը»։
Կարճամեթրաժ ֆիլմերի անուանակարգում յաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»։ Յատուկ յիշատակման արժանացան Պրունօ Քոլեթի «Յիշարժան»ը եւ Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիւը», առանձնայատուկ յիշատակման՝ Թոմաս Ռենոլդների «Չգիտեմ ինչ»-ը։
Հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմեր անուանակարգում յաղթեց Նաթանիել Լիմի եւ Կլեմանց Մատլեն-Պերդրիլայի «Իմ կեանքը Վերսալում» ֆիլմը։ Յատուկ յիշատակման արժանացաւ «Բեղմնաւորում. Քեթի + Ջեն»-ը (Moth Studio)։
Աւարտական ֆիլմեր անուանակարգում լաւագոյն ֆիլմ ճանաչուեց Դարիա Կաշչերայի «Դուստր»ը։ Յատուկ յիշատակման արժանացաւ Սաշա Վասիլեւի «Ողջոյն, սիրելիներս»ը։
Երաժշտական հոլովակների անուանակարգում յաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»ը։ Հատուկ յիշատակման արժանացաւ Վերոնիկա Ստեփանեանի եւ Լուսինէ Պետրոսեանի «Սերունդները երաժշտութեան մէջ»ը։
Լաւագոյն հայկական անիմացիա՝ Լեւ Ատամանովի անվան մրցանակ, ստացաւ«Քուչա»ն (Yelling Studio)։
Սփիւռքի լաւագոյն ֆիլմ ճանաչուեց Արսէն Արզումանեանի «Թռչունների բովը»։
Հետաքրքիր է, որ միշտ մշակոյթի նախարարութիւնը յատկացրել էր 1,5 միլիոն դրամ։ Փառատօնը չի ունեցել հովանաւորներ, ունեցել է միայն աջակիցներ, Վրէժ Քասունին է գումարներ հայթայթել փառատօնի համար։ Այս տարի, երբ մշակոյթի նախարարութիւն նախկինի պէս չկայ, առանց որեւէ պաշտօնական անձի հետ հանդիպման, փառատօնը ստանում է ինը միլիոն դրամ եւ 1,5 միլիոն էլ յոբելենական միջոցառումներին։ Սա ի միջայլոց։
Իսկ ամէնամեծ տպաւորութիւնը ստացայ փառատօնի բացման օրը ցուցադրած ռեժիսոր Սալվատոր Սիմոի «Բունիւելը կրիաների լաբիրինտօսում» 80 րոպէանոց իսպանական ֆիլմից, որը փայլուն օրինակ էր մի մարդու, արուեստագէտի մասին, ում ճակատագիրը տապալում է, իսկ նա կարողանում է վեր հանել եւ ասել աշխարհին իր խօսքը։
Մեծ տպաւորութեան արժանացաւ նաեւ սուրիահայ ռեժիսոր Գէորգ Մուրադը եւ նրա«Չորս գործողութիւն Սիրիայի համար» անիմացիոն ֆիլմը։