(Գերիների փոխանակում Ուքրաինայի եւ Ռուսաստանի միջեւ)
dzovinarlok@gmail.com
Դա տեղի ունեցաւ Սեպտեմբերի 7-ին. Ուքրաինան եւ ՌԴ-ը փոխանակեցին գերիներին՝ 35-35։ Դեռ շատ-շատերը մնացին անազատ վիճակում։ Ճիշդն ասած Ռուսաստանում ձերբակալուածները ոչ թէ ռազմագերիներ էին, այլ՝ քաղբանտարկեալներ, այսինքն այդ բանտարկեալները քաղաքական պատճառներով էին ազատազրկուած եւ ենթարկւում էին խոշտանգումների։ Ռուսական բանտերում կիրառում են կտտանքներ, որի շնորհիւ մարդուց կորզում են չկատարած մեղքերի խոստովանութիւն։ Սեպտեմբերի 7-ին աշխարհը ականատես եղաւ այնպիսի ուրախալի պատկերի, որն իմ կարծիքով պիտի բոլոր մարդկանց մարդկայնացնէր. Ուքրաինայի 41-ամեայ նախագահ Վլատիմիր Զելենսկին օդակայանում դիմաւորում էր գերիների վերադարձին հայրենիք։ Անշուշտ համեմատեցին ՌԴ-ն գերիների վերադարձի հետ։ Ռուսաստանում վերադարձեալներին դիմաւորում էր հեռուստահաղորդավար Կիսելէօվը, որին ոչ մի ազնիւ ռուսաստանցի չի յարգում, քանզի նա հաղորդավար չի, այլ քարոզիչ եւ երբեր ճշմարիտ չի լինում։
35-ի մէջ կային 24 նաւաստիներ, որոնք ձերբակալուել էին անցեալ տարուայ Դեկտեմբերին եւ նրանք իրենց համարում էին ռազմագերիներ։ Սակայն ամենայայտնի քաղբանտարկեալը ռեժիսոր Օլեգ Սենցովն էր։ Նրան մեղադրել էին ահաբեկչութեան կասկածանքով եւ դատապարտել 20 տարուայ ազատազրկման։ Նրան ձերբակալել էին 2014-ի գարնանը ՝ անմիջապէս Խրիմի բռնակցումից յետոյ։ Եւ քանի որ Ղրիմը դարձաւ ռուսական, Ուքրաինայի քաղաքացի Սենցովին արդէն որպէս ռուսական քաղաքացի ուղարկեցին Ռուսաստանի հիւսիսային ծայրամաս՝ իր հողից 3000 քմ հեռու։ Յամալ- Նենեցեան ինքնավար շրջան, քաղաք Լաբիտնանգի, որտեղ կայ երեք խիստ ռեժիմի գաղութ։ 2018-ի Մայիսին այդ դժուար արտասանելի Լաբիտնանգի քաղաքի մասին իմացաւ ողջ աշխարհը, որովհետեւ Մայիսի 14-ից Սենցովը սկսեց անժամկէտ հացադուլ։ Նա չէր պահանջում իրեն ազատել անիրաւ պատիժից։ Նրա պահանջն էր՝ ազատել 64 ուքրաինացի քաղբանտարկեալներին։ Անցնում էին օրեր, իսկ հացադուլաւորի համար օրերն ու ժամերը շատ աւելի երկար են տեւում, եթէ գիտէք… Նա գիտակցաբար գնում էր դէպի մահ, որովհետեւ արդէն 145 օր հացադուլի մէջ էր, իսկ իշխանութիւնները ոչ մի կերպ չէին արձագանգում։ Ավտորիտար Ռուսաստանում ամէն ինչ կախուած է Փութինի կամքից եւ ոչ ոք չէր կարող ազդել նրա վրայ. ոչ ուքրաինական կողմը, ոչ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մաքրոնը, ոչ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայյիպ Էրդողանը, ոչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, ոչ Գանատայի վարչապետ Ճասթին Թրիւդոն, էլ չեմ ասում աշխարհի եւ Ռուսաստանի հեղինակաւոր արուեստագէտների, դերասանների մասին…
Հոկտեմբերի 5-ին Սենեցովը դադարեցրեց հացադուլը։ Ինչո՞ւ։ Եթէ չդադարեցնէր, ապա նրան պիտի հարկադրաբար կերակրէին, այսինքն պիտի տեղափոխէին վերակենդանացման բաժին, գամէին մահճակալին եւ խողովակով ստիպողաբար կերակրէին։ Եւրոդատարանը զգուշացրեց ռուսական կողմին, որ ստիպողական կերակրումը հաւասար է խոշտանգումի, բայց ռուսական բանտերում խոշտանգումը նորմալ երեւոյթ է։ Ինչպէ՞ս նա անցկացրեց այնուամենայնիւ այդ 145 օր տեւացող հացադուլը։ Նրան ամէն օր կաթիլային ձեւով տալիս էին կենսանիւթեր եւ կլիւքոզա ու ներարկում աննշան քանակութեան ինչ-որ սննդարար նիւթ։
Եւ ահա մէկ տարի անց նրան ազատ են արձակում ի թիւս 35 կալանաւորուած ուքրաինացիների, որոնց փոխանակում են ռուսաստանցիների հետ։ Ինչպէ՞ս դա եղաւ։
Ըստ Անտոն Դոլինի (medusa.io) Սենցովը դարձել էր խորհրդանիշ. 1. Դատական կամայականութեան Ռուսաստանում, երբ դատապարտեալը բացարձակ ոչ մի յանցանք չգործելով դատապարտւում է 20 տարի ժամկէտով, 2. Աննկունութեան եւ տոկունութեան խորհրդանիշ, նա ոչ մի վայրկեան չկորցրեց իր արժանապատւութիւնը եւ դրսեւորեց իրեն որպէս անմեղ, որովհետեւ իրօք անմեղ էր։ Եւ այսօր, երբ ռուսական իշխանութիւնը նրան ազատ արձակեց եւ յանձնեց Ուքրաինային, վկայում է այն մասին, որ Ռուսատանը երբեք նրան ահաբեկիչ չէր ճանաչում։ Եւ շարունակում է.
«Այսուհետ Սենցովը դարձաւ նաեւ Վլատիմիր Զելենսկու սկսած կառավարման խորհրդանիշ։ Ոչ ոք չի կասկածում, որ բանտարկեալների փոխանակումը՝ դա նրա վարած բանակցութիւնների եւ բարի կամքի արդիւնքն է եւ ծանրակշիռ ապացոյց, որ իրական մարդկային ճակատագրերը նրա համար աւելի կարեւոր են, քան վերացական աշխարհաքաղաքական շահերը։ Յետսովետական տարածքում, որտեղ կառավարութիւնները արհամարհանքով են վերաբերւում իրենց քաղաքացիների հանդէպ, սա աներեւակայելի նախադէպ է»։
Իսկ բանաստեղծ, գրող եւ քննադատ Դմիտրի Բիկովը հետեւեալ հարցն ուղղեց իր գրութիւնում.
Սենցովին՝ այո՛, ազատեցին, իսկ մեզ ո՞վ կազատի…