dzovinarlok@gmail.com
Մշակութային արշաւս սկսուեց Աբելեանի անուան պետական դրամատիկական թատրոնի այցելութեամբ՝ «Սէ՞ր, թէ քուանշ» ներկայացման փակ դիտումով։ Այն նախատեսուած էր փոքր բեմի համար, ուստի մենք՝ հանդիսականներս, տեղաւորուեցինք մեծ բեմում մի քանի շարք դրուած աթոռների վրայ։ Առաջնախաղ էր, նոյնիսկ առաջնախաղին ընդառաջ դիտում, այնպէս որ ներկայացումն այն վիճակում չէր, ինչպիսին կը լինի որոշ ժամանակ յետոյ։ Ըստ մեծ դերասանների (օրինակ, Սմոկտունովսկու) ներկայացումը երկու տարուայ ընթացքում դեռեւս առաջնախաղ է համարւում։ Հրաշալի մի ներկայացում էր անկեղծ ասած, որից գարնան բուրմունք էր բուրում, որովհետեւ պիէսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Էլֆիք Զոհրաբեանն էր, բեմադրողը՝ Զոհրապեանից աւելի երիտասարդ Ժիրայր Գաբրիէլեանն էր, երկուսն էլ նաեւ թատրոնի դերասաններն էին. մէկը բեմադրեց պիէսը, միւսը խաղաց իր իսկ պիէսում։ Նիւթը՝ ռոմեօջուլիեթեան ծագող սիրոյ մասին էր (դերասաններ Մարիամ Ղեւոնդեան եւ Յակոբ Դեմիրճեան), որի ռոմանթիկ ոճը «կոտրում էր» հարեւանուհու զաւեշտալի խաղ-ներգործութիւնը (Ալլա Դարբինեան) եւ ոստիկանի գրոտեսկային ոճով մարմնաւորուած կերպարը (Էլֆիք Զոհրապեան)։ Դիտումից յետոյ քննարկում տեղի ունեցաւ, եւ մի աւագ սերնդի դերասան նկատեց, որ սա «մայրաքաղաքային մակարդակի ներկայացում է»։ Որքա՛ն կցանկանայի ես էլ մասնակցել քննարկման եւ բացատրել, որ մայրաքաղաքային եւ գաւառական լինում է միայն մտածելակերպը եւ…ասֆալտը, որը Վանաձորում աւելի շատ են «կերել», քան մայրաքաղաքում։ Հարցուփորձ անելու արդիւնքում պարզել էի, որ այսպիսի անասֆալտ վիճակ քաղաքը ունեցաւ 1988-ի Սպիտակի երկրաշարժից, այնուհետեւ անկախացումից յետոյ, երբ շէնքերի բակերն ու փողոցները բացարձակ զրկուեցին ասֆալտապատումից…Իսկ ինչ վերաբերւում է մտածելակերպին, ապա յիշենք, թէ որտեղից են մայրաքաղաք հասել Թումանեանն ու Հրանտ Մաթեւոսեանը, Պարոյր Սեւակն ու Մինաս Աւետիսեանը, Մհեր Մկրտչեանն ու Վահէ Շահվերդեանը…«Գաւառներից» եկածներն են մայրաքաղաքը կերտում, որովհետեւ Հայաստանի ամէն մի գիւղ դա մարգարիտ է, եւ եթէ այսօր մայրաքաղաք Երեւանում թատրոնը այլեւս հաւատ չի ներշնչում, ապա պատճառներից մէկն էլ երեւի այն է, որ մայրաքաղաքը բացարձակ գաւառի է վերածուել մտածելակերպի իմաստով։ Միակ թատրոնը, որն իր բարձունքի վրայ է գտնւում՝ դա Հենրիկ Մալեանի անուան կինօդերասանի թատրոնն է, եւ հենց այդ թատրոնի ոճին էր մերձեցել Ժիրայր Գաբրիէլեանի ներկայացումը իր պլաստիկայի առումով։ Պիտի յատուկ նշեմ նաեւ ներկայացման նկարչի անունը՝ Տիգրան Յարութիւնեան, որովհետեւ հետաքրքիր էր ներկայացման ընդհանուր գծագիրը իր գոյներով, ինչպէս նաեւ առանձին իրերի մանրամասներով։
Անուններ, անուններ…Որքա՛ն երջանիկ էի ներկայ գտնուել “Զարթոնք” ծրագրի պատանի տաղանդների համերգներին Վանաձորում։ Օգոստոսի 4-17 Վանաձորում գործում էր Գանատայի «Ատգեն Արմէնեան Հիմնադրամ»ի ջութակահար Վան Արմէնեանի նախագահութեամբ կազմակերպած միջազգային երաժշտական ակադեմիան, որը մէկտեղել էր Հայաստանի (նաեւ Ջաւախքից եւ Մոսկուայից) 45 պատանի տաղանդներին «Կիրովական» հիւրանոցում։ Խիստ յագեցած պարապմունքներով (8-10 ժամ տեւողութեան դասեր) օրերի արդիւնքում վանաձորցին ունկնդրում էր այնպիսի մակարդակի համերգ, որի մասին կ՚երազէին աշխարհի ամենահեղինակաւոր համերգասրահները։ Պատանիներին վարպետութեան դասեր էին տալիս. դաշնամուր՝ աշխարհահռչակ Նարէ Արղամանեանը (ով նաեւ ակադէմիայի գեղարուեստական ղեկաւարն էր), վոկալ՝ Ալին Գութանը, ֆլեյտա՝ Նարեկ Աւագեանը, ժողովրդական երաժշտութիւն՝ դուդուկահար Էմմանուել Յովհաննիսեանը։
Լսում էի տաղանդաւոր երախաների կատարումները եւ մտածում. այդ ինչպէ՞ս է լինում, որ որոշ երախաներին ծնողները չեն կարող ստիպել գէթ հինգ րոպէ օրեկան նստել երաժշտական գործիքի առջեւ, իսկ ահա այս երախաները օրուայ 6-10 ժամը, վերջապէս, ողջ կեանքն են նուիրում երաժշտութեանը։ Մենք ունկը դրում էինք նրանք առաջին “քայլերը”, գուցէ յետոյ նրանք կը դառնան աշխարհահռչակ կատարողները, բայց այս առաջին զգացմունքները, հիացմունքն ու սէրը դէպի իրենց կատարած երաժշտական գործը նրանք այլեւս չեն ունենայ, դա անկրկնելի պահեր էին։
Օգոստոսի 14-ին Վանաձորի Ս. Նարեկացի եկեղեցու համերգասրահում կայացաւ երգիչ Մհեր Մելիքեանի եւ նկարչուհի Ալվարդ Գրիգորեանի համերգ - ցուցահանդէսը, նուիրուած Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի 150-ամեակին։ Ասում էին, որ հազուադէպ է, երբ երկու տարբեր տաղանդներ մի համերգում միանան։ Բայց տեսէք, թէ ի՛նչ շռայլ գտնուեց 1869 թուականը՝ պարգեւելով հայ ազգին երկու հանճար, իսկ բնութեան մէջ միշտ գետերը միախառնւում են, այնպէս որ երկու տաղանդ՝ միանալով մի համերգում, ապացուցեցին, որ արուեստի տեսակները իրականում միմեանց շարունակութիւնն են, այլ ոչ թէ միացումը։ Մհեր Մելիքեանը երգեց Կոմիտաս՝ Կարինէ Երիցեանի նուագակցութեամբ, այնուհետեւ ասմունքեց Նարեկացի եւ ցուցադրեց իր ձեռակերտ աշխատանքները (փայտի փորագրութիւն)։ Իսկ պատերից մեզ վրայ նայում էին Ալվարդ Գրիգորեանի նուրբ, անապական շնչով արուած իւրայատուկ գեղանկարչական աշխատանքները։