27Յուլիսին Հայաստանի սահմանին վրայ Ատրպէյճանական կողմէ կատարուած կրակոցով մահացած է պայմանագրային զինուոր, 1995-ի ծնունդ Արման Բուլղադարեան։ Այս մասին Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակը յայտարարութիւն մը ընելով դատապարտեց սադրիչ գործողութիւնը եւ հրադադարի խախտումը։
Ստորեւ «Ակօս»ի ընթերցողներուն կը ներկայացնենք Արտգործ նախարարութեան յայտարարութիւնը՝
«Ատրպէյճանի զինուած ուժերը Յուլիսի 27-ին եւ 28-ին ՀՀ պետական սահմանի հիւսիս-արեւելեան հատուածում դիպուկահարների ներգրաւմամբ իրականացրել են սադրիչ գործողութիւններ, որոնց հետեւանքով սպաննուել է ՀՀ Զինուած ուժերի զինծառայող Արման Բուլղադարեանը եւ վիրաւորուել է եւս երկու զինծառայող։
Ատրպէյճանի կողմից հրադադարի միտումնաւոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերեալ ստանձնած պարտաւորութիւններին, որոնք վերջին շրջանում արձանագրուել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարուայ Մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում։ Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործերի նախարարների Յունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդիւնքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած յայտարարութիւնը, որտեղ կողմերին կոչ էր արւում խստօրէն պահպանել հրադադարը յարգելու յանձնառութիւնը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողութիւններից։
Խստօրէն դատապարտում ենք մարդկային զոհերի յանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցւում են Ատրպէյճանի կողմից հրադադարի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղուած վստահութեան եւ անվտանգութեան միջոցառումների իրականացման մերժմամբ։ Այս գործողութիւնները ստեղծում են լարուածութեան աճի վտանգ, որի ողջ պատասխանատուութիւնն ընկնում է ատրպէյճանական կողմի վրայ»։