ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Մեծ Պասի երկար ու ձիգ 49 օրերի 24-րդ օրը, որ չորրորդ չորեքշաբթին է, յայտնի է Միջինք անունով։
Այդ օրը բաղարջ էին թխում, բաղարջի մէջ նշան էին դնում՝ դրամ, ուլունք կամ որեւէ այլ նշանաւոր իր։ Նշանը բախտագուշակ էր՝ ում բաժին հասներ, նրանը պիտի լինէր տարուայ բարօրութիւնը, իսկ եթէ դանակը նշանին էր դիպչում, գուշակում էին, որ այդ տարուայ առատութիւնը հողից, երկրագործութիւնից պէտք է սպասել. «Տարի հաց»-ի պէս։ Բաղարջն այդ, օրուայ պէս, կոչւում էր Միջինք, նաեւ՝ Միջունք կամ Կլոճ։
Հետաքրքրական է, որ Նոր Բայազետում Միջունքի խմորը հունցում էին ոչ թէ կանայք, այլ՝ տղամարդիկ, ընդ որում՝ ոտքերով։ Յայտնի է, որ կանանց մօտ աւանդաբար մաքուր էին համարւում ձեռքերը, իսկ տղամարդկանց՝ ոտքերը, օրինակ՝ խաղողը գինի դարձնելիս տղամարդիկ են ոտքերով տրորել։
Բացի Միջունքից այդ օրը թխում էին նաեւ այլ խմորեղէններ։ Մշեցուց բաղարջը, օրինակ, զարդարուած էր ընկոյզով ու չամիչով եւ կոչւում էր «Հարեգիլ»։ Իսկ Նոր Նախիջեւանում դա կլոր, մէջը ուռուցիկ հաց էր՝ պատուած մեղրաջրով, եւ կոչւում էր «Պալից»։
Այս տեսակ հացերը բաժանւում էին աղքատներին։ Իսկ եթէ որեւէ մէկի տանը այդ տարի մարդ էր մահացել, ապա այդ տանը խմորեղէն չէր թխւում, նրանց հիւրասիրում էին բարեկամներն ու հարեւանները։
Այդ օրը նշանուած աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքները ձէթով բաղարջ էին թխում եւ ուղարկում այն հարսնացուին եւ փեսացուն։
Մէկ այլ գաթայ թխում էին չափահաս աղջիկները երեկոյեան, ապա հալվա էին պատրաստում եւ գնում նշանուած ընկերուհու տուն։ Երեկոն այդ յայտնի է «Քառսուն մանկունք» անուամբ, քանի որ աղջիկները «քառասուն անգամ քառասուն» ծնրադրում էին՝ բարձրաձայնելով հետեւեալ տողերը.
«Քառսուն մանուկ,
Քառսուն կուս,
Քառսուն մանկանց բարեխօս»։
Կարնոհայերն ասում էին.
«Քառսուն մանուկը լճին,
Թագն ու պսակը ճտին,
Ինչ որ տուիր բաղնեցպանին,
Անոր կէսն ա ինծի տուր»։
Այսպէս մի ողջ գիշեր նրանք ծնրադրում էին յանուն քառսուն մանկանց յիշատակի, ընդմիջում էին իրենց բերած մթերքները համտես անելով, ապա առաւօտ վաղ լուանում էին միմեանց վարսերը, տանտէրերից մէկական զոյգ գուլպա նուէր ստանում եւ դառնում իրենց տները։
Իսկ գիշերը «լիճք» անունով էր յայտնի. գիշերը մինչեւ լոյս «լիճք» էին վառում, ասել է թէ՝ տարրայի մէջ ձէթ էին լցնում, պատրոյգը ոլորում, դնում մէջը եւ վառում։ Պատահում էր, որ «լիճքը» վառում էին եկեղեցիներում՝ մեծ կոնքի մէջ, իսկ առաւօտեան կոնքի ջուրը բաժանում էին մարդկանց, որոնք այդ ջուրը քսում էին իրենց մարմնի հիւանդ կամ ցաւող մասերին՝ ականջին, աչքին, ձեռքին եւ այլն, կամ պարզապէս լցնում էին «Միջունք» բաղարջի մէջ։
Քանի որ Միջինքին գարունն արդէն իր ծաղկունքի շրջանն էր մտնում եւ դաշտերն էին կանաչում, Միջինքը վերածուել էր գարնան աւետաբերի։
Կեսուրը հրաւիրում էր իր եւ հարսի ազգական կանանց, եւ նրանք միասին գնում էին դաշտ՝ զբօսնելու, նուագների տակ պարելու, երգելու։ Ուշագրաւ է, որ հնում նորահարսին ամուսնու տնից առաջին անգամ թոյլատրւում էր դուրս գալ Միջինքին։
«Հարսները գնացած է գյաշտ (դաշտ),
Ի՞նչ են բերած՝ ջուխտ-ջուխտ լաշ (տղայ),
Անունները ի՞նչ,
Մէկին՝ Զաննակ, մէկին՝ Պամբակ»։