15 Փետրուար Ուրբաթ երեկոյ ՍԾՏՀԿ գրասենեակի մէջ հանդիպում մը ունեցանք ՀՀ Առողջապահութեան Նախարար Արսէն Թորոսեանի հետ։
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ
pakrates@yahoo.com
Ողջոյն յարգելի նախարար, նախ շնորհակալութիւն յայտնեմ զրոյցի համար եւ ապա հարցնեմ՝ ի՞նչ առիթով է ձեր այցելութիւնը Թուրքիա։
Եկել ենք մասնակցելու Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան միջոցառման՝ նուիրուած առողջապահական հարցերով արտակարգ պատահարների կանխարգելմանը եւրոպական տարածաշրջանում։
Ձեր օրակարգին ի՞նչ այժմէականութիւններ կան։ Ձեր առաջնահերթութիւններն ինչե՞ր պիտի ըլլան։
Շատ բան կայ անելու։ Մեր նախարարութեան գործը շատ լայնածաւալ է։ Սկսած ընթացիկ գործերից վերջացրած կլոպալ նոր բաներ, որ փորձում ենք սկսել անել։ Նոր ծրագրեր՝ թէ՛ այսօր մարդկանց կեանքը փրկող (կաթուածի կանխարգելման ծրագիր, ուռուցքաբանութեան նոր ծրագիր), թէ՛ հեռուն տանող ծրագրեր. առողջապահութեան ապահովագրութիւն, առողջութեան առաջնային պահպանման զարգացում, կանխարգելիչ բժշկութիւն։ Բայց եթէ շատ կարճ ամփոփեմ, երեք հիմնական ուղղութիւն ունենք այս պահին աշխատելու՝ չմոռանալով մնացած հարցերը։ Մէկը կանխարգելիչ բժշկութեան զարգացումն է, երբ հիւանդութիւնները կը կանխարգելուեն եւ վաղ շրջանում յայտնաբերուելով՝ կը վերահսկուեն, ու մարդիկ սուր կամ ուշացած վիճակներում քիչ կ՚ընկնեն հիւանդանոցներ։ Երկրորդը դրանից բխող ուռուցքաբանութիւնն է, որը հիմա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհի համար, այդ թւում՝ Հայաստանի։ Վաղ յայտնաբերում, կանխարգելում, բուժում, ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա, յետոյ էլ պալիատիվ ամոքիչ բուժօգնութիւն կը լինի։ Եւ երրորդը առողջապահական ապահովագրութեան ներդրումն է, որը Հայաստանում չկայ։ Սրա շուրջ հիմա լուրջ քննարկումներ են գնում, հաշուարկներ են արւում, մշակւում է ամէն ինչ։ Եւ եթէ մեր բախտը բերի, իսկ ես յոյս ունեմ, որ ժամանակի առումով կը հասցնենք, ապա 2021 թուականից համակարգը կը սկսի աշխատել մեր բնակչութեան մօտաւորապէս 50 տոկոսի համար։ Դրանք մարդիկ են, ում մեր պետութիւնն այսօր է խոստացել անվճար բուժօգնութիւն, եւ աշխատող քաղաքացիներն են։ Յետագայում կ՚ընդլայնուի ինչքան հնարաւոր է շատ։ Կ՚ընդգրկուեն չաշխատողները, կենսաթոշակառուները, 7 տարեկանից բարձն երեխաները, որովհետեւ 7 տարեկանները հիմա էլ ընդգրկուած են։ Ձգտելու ենք 95-100%-ի։ Այս երեք հիմնական ուղղութիւններն են՝ չհաշուած այն արագ աշխատանքները, որ այսօր պէտք է անենք. Օրինակ՝ հիւանդանոցների լաւացում, որոշ հիւանդանոցների նորոգում, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում։
Ձեր նախարարութեան շրջանակներով սփիւռքի հայութիւնէն ի՞նչ ակնկալիքներ ունիք։
Այսօր դրա մասին նաեւ համայնքի հետ հանդիպման ժամանակ խօսեցինք։ Այնպէս է ստացուել, որ մեր ոլորտային նախարարութիւններն աւելի շատ էին շփւում սփիւռքի հետ, քան նոյնիսկ Սփիւռքի նախարարութիւնը։ Օրինակ մեր նախարարութիւնով բազմաթիւ ուղղութիւններով աշխատում ենք մեր հայ բժիշկների հետ։ Նախ բժիշկներն են շատ յաճախ այցելում Հայաստան եւ իրենց փորձը կիսում հայ բժիշկների հետ։ Երբեմն հէնց իրենք են բուժօգնութիւն ցոյց տալիս։ Եւ երկրորդը երբ մենք ենք խնդրում մեր բժիշկներին վերապատրաստել։ Նկատի չունեմ միայն Իսթանպուլը, որեւէ հայ համայնքում։ Էլ չեմ ասում այն մարդասիրական օգնութիւնը, որ բժիշկները շատ յաճախ սարքաւորում, դեղորայք են ուղարկում։ Այսօրուայ Սուրբ Փրկիչ այցելութիւնը թոյլ տուեց ծանօթանալու այդ ազգային հիւանդանոցին, որով շատ տպաւորուած եմ։ Այսինքն շատ լաւ հիւանդանոց էր՝ տարբեր հետաքրքիր բաժանմունքներով։ Ու մենք հոգաբարձուների խորհրդի հետ պայմանաւորուեցինք, որ կը փորձենք սառոյցը տեղից շարժել։ Ինչպէս հասկացայ յատուկ համագործակցութիւն չի եղել։ Թուրքական առողջապահութեան մի ոլորտով առանձնապէս հետաքրքրուած եմ։ Օրկանների փոխպատուաստումն է, որում Թուրքիան շատ առաջաւոր է։ Երիկամի, լեարդի փոխպատուաստում եւն։ Կը փորձենք կապ հաստատել մի գուցէ թուրք գործընկերների հետ, որ մեզ օգնեն այդ հարցում։ Բժշկութիւնը ազգութիւններ եւ սահմաններ չի ճանաչում, հիւանդութիւններն էլ։ Հնարաւոր է, որ բժիշկներ ուղարկենք այստեղ վերապատրաստուելու։ Սա առաջին քայլն էր, որ արեցինք, յետագայում շարունակելու պատրաստակամութեամբ։
Յաւելելու բան ունէ՞ք։
Յատուկ ուզում եմ նշել, որ պէտք է աւելի ջերմացնենք Պոլսի հայ համայնքի հետ յարաբերութիւնները։ Ինչը միգուցէ տարիներ յետոյ կը բերի աւելի լայն շրջանակներում ջերմ յարաբերութիւնների։ Պոլսահայերը Հայաստանում տնտեսական գործունէութիւն աւելի շատ ծաւալեն։ Ներդրելով իրենք զարգանան, բայց զարգացնեն նաեւ Հայաստանը։ Մեզ նուէրներ այլեւս պէտք չեն, մեզ պէտք է ուժեղ երկիր, իսկ դրա համար ուժեղ տնտեսութիւն է պէտք, որին նաեւ պէտք է հասնել մեր միւս հայրենակիցների միջողով։ Կարծում եմ այդ ուղղութեամբ պէտք է խօսեմ իմ միւս գործընկերների հետ, քանի որ ես առաջինն եմ եկել։ Տպաւորութիւններս կիսեմ թէ՛ մարդկանց հետ շփումների, թէ՛ երկրի մասին։ Այս հարցը պէտք է միշտ օրակարգում մնայ։
Շնորհակալ եմ ձեր սուղ ժամանակը տրամադրելու համար։
Ես շնորհակալ եմ ուշադրութեան համար։