dzovinarlok@gmail.com
«Ակօս»-ում սկսեցի գրել 1998-ից, եւ այնքան էի գրում մշակոյթի, արուեստի անկման մասին, որ յոգնեցի այդ նիւթից։ Սակայն նոր սերունդները, որոնք հասակ առան անկախ Հայաստանում, որտեղ մշակոյթի մէջ արդէն տիրում էր մեղմ ասած անճաշակութիւն, կոշտ ասած ամենաթողութիւն, գալով իշխանութեան, այնքան անկարեւոր համարեցին այդ ոլորտը, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մշակոյթի նախարար նշանակեց մշակոյթից հեռու եւ հանրութեանն անծանօթ մի անձնաւորութեան։ Միակ իր արժանիքը այն էր, որ նա այդ աթոռը հարստանալու համար չի զբաղեցնելու, սակայն եթէ նա ազնիւ լինէր եւ գիտակցէր, թէ ի՛նչ բարդ նախարարութիւն է ղեկավարելու, ապա երբեք չէր յանդգնի իր համաձայնութիւնը տալ՝ այդ պաշտօնը ստանձնելու։ Այժմ մշակոյթի նախարարութիւնը այլեւս առանձին չի գործելու, այլ միանալու է կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը։ Ինչ-որ մի պահ նախարարութեան աշխատակիցները գործադուլ արեցին, բայց ոչ ոքու դա չմտահոգեց։
Մշակոյթը ձեւաւորւում է հազարամեակների ընթացքում, դառնալով ազգային ծածկագիր. հայ նորածինը դեռեւս խօսելու կարողութիւն չունենալով այդուհանդերձ ձեռքերի շարժումներով հայկական պարային գծագիր է օդում ուրուագծում…Վաղուց հեռատեսիլ չենք դիտում, բայց ամանորին սեղան նստեցինք եւ որոշեցինք հայկական հեռատեսիլ միացնել։ Երգում էին մեր շոու բիզնեսի երգիչները, իսկ նրանց ուղեկցող պարուհիները, փորձելով նմանակել արտասահմանեան պարուհիներին, այնքան անամօթաբար էին շարժում ոտքերով…խօսք չեմ գտնում։ Այդպէս անամօթաբար անկախ Հայաստանում ընտրակեղծիքներով ինքզինքը ընտրած իշխանութիւնը քանդեց-աւերեց Երեւանի դէմք հանդիսացող շէնքերն ու շինութիւնները։ Ինչպէ՞ս էր արձագանգում մեր այսպէս կոչուած մշակոյթի նախարարութիւնը, որը կոչուած է պահել եւ պահպանել մեզ հասած մշակութային ժառանգութիւնը։ Հաւատացէ՛ք, որ ո՛չ մի կաթիլ սուրճ նրանց սեղաններին չպակասեց եւ մենք ոչ մի զսպող քայլ չտեսանք այդ կառոյցի կողմից։
Ըստ իս մշակոյթի նախարարութիւն կոչուածը դա տասնեակ աշխատատեղ էին, որտեղ աշխատակիցները սրճում էին։ Նախարարութիւնը ցրում են, բայց գործառոյթը պահպանուելու է ուրիշ տարբերակով, դա հասկանալի է։ Շատ երկրներ կան, որտեղ կայ արուեստ եւ մշակոյթ, բայց չկայ մշակոյթի նախարարութիւն այն ձեւով, ինչ մենք ժառանգել ենք սովետական ժամանակներից, օրինակ, ԱՄՆ-ը…
Բացի մշակոյթից գոյութիւն ունի արուեստ, որը անհատի կողմից է ստեղծւում եւ որի կարիքը մենք շատ ունենք։ Օրերս ինձ մի ռեժիսոր պատմում էր իր մասշտաբային նախագծի մտայղացման մասին։ Ինքն էր գրել պիեսը եւ կիսւում էր իմ հետ բեմականացման տեսլականով։ Հանճարեղ էր։ Բայց ո՞վ, ո՞ր թատրոնը թոյլ կտայ նրան բեմադրել այն իր բեմում, քանզի բոլոր թատրոնները դարձել են փակ համակարգ, ուր ոչ ոք դրսից չի կարող ներթափանցել…
Այժմ լսենք կարծիքներ մշակոյթի նախարարութեան մասին.
1.Կինօռեժիսոր Յովհաննէս Գալստեան.
«Վերջին 10 տարում ՀՀ մշակոյթի նախարարութիւնում կամ ազգային կինօկեդրոն մտած իւրաքանչիւր մարդ կը փաստի, որ հարիւրաւոր աշխատակիցներից 10-15 մասնագէտներ են ուսերին կրել ոլորտի կառավարումը։ Մնացածն ուղղակի փող են ստացել։ Նոր իշխանութիւնը ասում է՝ պորտաբոյծներ չեմ պահելու, աշխատողներից կը մնան 10-15-ը։ Մենք չունենք կինօ, չունենք թատրոն, մեր մշակոյթը չենք կարողանում հանել երկրից դուրս, իսկ դուք՝ հարիւրներ, լափում էք կինոյի, թատրոնի եւ մնացած բոլոր փողերը։ Հարիւրները գործադուլ են անում։ Իրենք գործադուլ էին անում տարիներով, հիմա՝ սենեակից դուրս են եկել, փողոցում են անում։ Իշխանութիւնը անում է այն, ինչ խնդրում էինք։ Անում է ցաւոտ, բայց ճիշդ։ Ես, օրինակ, մասնագիտական գործունէութեան մէջ ընդամէնը մէկ տարի եմ գրանցուած աշխատող եղել։ Մշտապէս ապահովել եմ ընտանիքիս բարեկեցութիւնն ու իմ ընկերութեան աշխատանքը՝ բաց թիավարութեամբ, շուկայում, դրսում։ Ես կիսում եմ պետական կառավարման անխնայ օպտիմալիզացիայի քաղաքականութիւնը։ Ֆիլմարտադրողների ֆեդերացիան, իմ գործընկեր երիտասարդ կինեմատոգրաֆիստները լիովին համաձայն են։ Արուեստի կառավարումը պէտք է արմատապէս փոխուի։ Ախոռները պիտի մաքրուեն։ Կարթագէնը պիտի կործանուի»։
2. Մշակութային գործիչ, երգիչ եւ երգահան Վահան Արծրունի.
«30 տարիների ընթացքում ստեղծուեց անվերահսկելի իրավիճակ եւ ամենաթողութիւն, որի մէջ դաշտը միանգամից բաժանուեց իւրայինների եւ ոչ իւրայինների։ Եւ քանի որ մշակոյթի նախարարութեան հիմնական գործառոյթը պետական բիւջէի վերաբաշխումն է, դա կատարուեց բացառապէս իւրայինների հատուածում։ Դա բերեց ազատ դաշտի ամայացման, որովհետեւ մարդիկ հեռանում էին. մէկը երկիրն էր թողում, մէկը մասնագիտութիւնն էր թողնում, միւսը առողջութիւնն էր կորցնում։ Բնական եմ համարում այդ հաստատութեան անկումը, որը զբաղւում էր բացառապէս բիւջէտային միջոցների վերաբաշխմամբ եւ շատ անգամ իւրացմամբ։
3. Հայագէտ, արուեստի պատմաբան, Մատենադարանի գիտական գծով փոխ տնօրէն Կարէն Մաթեւոսեան.
«Հայ մշակոյթ ջան, քեզ ե՞րբ էին մէկ էլ այսքան յիշել։ Ուրեմն այնուամենայնիւ ասեմ, որ իմ կարծիքով հայ մշակոյթը մեր հզօրագոյն զէնքն է, միաւորող առանցք (նախկինում եւ այժմ)։Եւ անգամ կարծում եմ, որ առաջիկայում մեր մեծագոյն յաղթանակը, որ հնարաւոր է ունենանք մեր ոխերիմ հարեւանների նկատմամբ, հէնց մշակոյթն է լինելու։ Բայց այս ամէնը կապ չունի այնպիսի սահմանափակ մի կառոյցի հետ, ինչպիսին եղել է մշակոյթի նախարարութիւնը։ Այն ընդամէնը պետական մշակութային հաստատութիւնների գլխին կարգուած վարչական օղակի դեր է կատարել եւ ոչ աւելին։ Դրա համար թերեւս տարբեր պատճառներ են եղել, բայց իրականութիւնն այդ է։ Ուզում եմ հաւատալ, որ մի քանի տարուայ դադարից յետոյ Հայաստանում պահանջ կառաջանայ ունենալու մշակոյթի նախարարութիւն, որպէս մշակութային ռազմավարութիւն մշակող, իր առաջ մեծ նպատակներ դնող եւ դրանից իրականացման համար ներուժ ունեցող հաստատութիւն»։