dzovinarlok@gmail.com
Եթէ Եւրոպաներում Ամանորն աւարտւում է Սուրբ Ծնունդով 24-25 Դեկտեմբերին, ապա Հայաստանում սկսւում է Դեկտեմբերի 31-ի լոյս Յունուարի 1-ի գիշերը, որը լուսացնում ենք սեղանի շուրջ, այնուհետեւ շարունակում ամանորեայ արշաւանքը մի սեղանից միւսը, շրջելով բոլոր բարեկամների տներով, ինչպէս նաեւ ընդունելով բոլորին սեփական տանը։ Սա է մեր տօնը, որը կրում է այսպէս ասած սեղանային բնոյթ։ Եթէ որեւէ մի ընտանիք որոշի խուսափել համատարած ճաշկերոյթից եւ մեկնի որեւէ հանգստեան վայր, ապա վերադարձին միեւնոյնն է նրա մօտ կու գան՝ շնորհաւորելու, որովհետեւ Ամանորը ուժի մէջ է մինչեւ 13 Յունուարի լոյս 14-ի գիշերը, այսինքն Նոր Տարի հին տոմարով, որին ասում ենք Հին Նոր Տարի։
Ամանորի նախաշեմին, Դեկտեմբերի 20-ին յայտնի եղաւ, որ ըստ կառավարութեան որոշումի 17 նախարարութիւններից մնալու է 12-ը։ Մշակոյթի, սփորտի եւ երիտասարդութեան, սփիւռքի նախարարութիւնները Յունուարի 1-ից կը միանան կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը։ Մշակոյթի նախարարութեան աշխատակիցները դէմ եմ այդ որոշմանը եւ որոշեցին Դեկտեմբերի 21 –ից անժամկէտ գործադուլի դիմել։ Օրինակ, Սոս Սարգսեանի անուան Համազգային թատրոնի դերասանների գործադուլը ընդդէմ գեղարուեստական ղեկավար եւ տնօրէն Վիգէն Չալդրանեանի տուեց իր արդիւնքը եւ Վիգէն Չալդրանեանը սկզբից ազատուեց գեղարուեստական ղեկավարի պաշտօնից, այնուհետեւ եւ տնօրէնի…Բայց մշակոյթի նախարարութեանը գործադուլը չի օգնի կարծում եմ։
Հայաստանը ճանաչուել է տարուայ երկիր։ Մենք թաւշեայ յեղափոխութիւն իրականացրեցինք. Ոստիկաններին, որոնք բիրտ ուժ, բռնութիւն էին գործադրում, մենք դարձրեցինք քաղաքավարի եւ քաղաքակիրթ, իսկ քաղաքակիրթ Եւրոպայի սրտում, Փարիզում ընդվզող «դեղին բաճկոնները» վայրագութիւնների օրինակ դարձան մնացած երկրների համար։ Մենք շատ հին ազգ ենք եւ շատ կորուստներ են կրել, այդ պատճառով հայը հայի հանդէպ չի կարող անխնայ վարուել. Ողջ աշխարհն է հասկանում դա, սկսած հրեաներից։ Եւ սա աննախադէպ էր ոչ միայն Հայաստանի համար, այլ ողջ աշխարհի, բայց չեմ կարծում, որ մենք կարող ենք օրինակ ծառայել միւսների համար։
Միշտ յիշում եմ մեծագոյն հայ գիտնական Պարիս Հերունու խօսքերն այն մասին, որ գոյութիւն ունեն երկու տեսակ օտարներ։ Մէկը նրանք են, ովքեր շատ լաւ գիտեն իրականութիւնը հայերի մասին, բայց լռում են կամ ակտիվօրէն աղաւաղում։ Դրանք շարքային մարդիկ չեն. գիտնականներ են կամ բարձրաստիճան քաղաքագէտներ։ Վախենում են, որ Հայաստանը զարգանայ, մեծանայ, հզօրանայ…Կայ նաեւ արտասահմանցի շարքային ժողովուրդը, որն առանձնապէս գաղափար չունի մեր մասին, իմացողներն էլ եթէ կան, սփիւռքի շնորհիւ։ Ըստ Պարիս Հերունու «հայերի մշակոյթը, փիլիսոփայութիւնը, տիեզերագնացութիւնը, մի խօսքով՝ իսկական քաղաքակրթութիւնը զարգացել են շատ վաղ։ Հայերի լեզուն բնածին է։ Հայոց լեզուն, քաղաքակրթութիւնը եւ պետութիւնը ձեւաւորուել ու կայացել են տասնեակ հազար տարի առաջ։ Բնասիրութիւնը, բարութիւնը, մարդասիրութիւնը, հաւասարութիւնը, ազատասիրութիւնը հայերի մէջ գոյութիւն են ունեն այդ ժամանակներից»։ Ուրեմն մենք մի քանի հազար տարուայ պատմութիւն չէ, այլ մի քանի տասնեակ տարուայ ժողովուրդ ենք։ Բացի այդ Հերունին ասում է, որ «Մենք ունեցել ենք այբուբեն Մ.թ.ա. 3-րդ հազարամեակում, գիր՝ 25 հազար տարի առաջ։ Մաշտոցը վերականգնել է հայոց այբուբենը 100-ամեայ ընդմիջումից յետոյ։ Այդ մասին գրել եմ հանգամանօրէն «Տիեզերքի ընկալումը հոգեւոր տեսանկիւնից» յօդուածում եւ «Հիմքերը հայոց» գրքում։ Երանի՝ մարդկութիւնը յունական քաղաքակրթութիւնը հիմք ընդունելով, խորանար նաեւ իր իսկական նախահայրերի քաղաքակրթութեանը։ Բայց ոչ, նոյնիսկ հայերը չեն մտիկ անում Հերունու նման գիտնականին։
Ամէն անգամ, երբ լսում եմ, թէ Հայաստանում չկայ լաւ խմիչք, որ, օրինակ, վրացական գինին աւելի լաւն է, բացատրում եմ դա անտեղեակութիւն է։ Ո՞նց կարող է հայերի նման հին ազգը չարտադրել ֆանթասթիկ համեղութեան խմիչքներ։