dzovinarlok@gmail.com
Չեմ յիշում արդէն ո՞ր հաղորդման ժամանակ էր, երբ Ազգային Ժողովի ընտրութիւնների նախընտրական փուլում կազմակերպում էին հանդիպումներ տարբեր կուսակցութիւնների անդամների միջեւ եւ կարմիր մազերով հաղորդավարը՝ չթագցնելով իր կողմնորոշումը, ուղղեց «Իմ քայլը» դաշինքի անդամին հարց, թէ ե՞րբ է իրենց իշխանութիւնը լցնելու քաղաքացիների սառնարանները։ Շա՛տ վիրաւորական էր, շա՛տ, որովհետեւ բազմիցս բարձրաձայնուել է, որ հայաստանցին սովից չի փախնում Հայաստանից, այլ անարդարութիւնից, որի հետեւանքն էլ նաեւ սովն է։ Յատկապէս արուեստագէտը, որը ծնուել է ստեղծագործելու համար, բայց մնալով Հայաստանում, պիտի ապարդիւն պայքար մղէր իրաւական դաշտից դուրս ապօրինութիւնների դէմ։ Ապօրինութիւն կամ անօրինութիւն,- այս երկու յատկանիշներն են ուղեկցել Հայաստանում մնացած արուեստագէտին, յատկապէս կինօգործչին, որի արուեստը կապուած է մեծ գումարների հետ։
Ո՞ւր կորաւ հայկական կինօն
Յիշենք, որ մենք կինօ ունէինք։ Ազգային տօներին կամ ողբերգութեան տարելիցերին կամ երբ չգիտեն ինչով հեռուստաեթերը լեցնել, ապա ցուցադրում են մեր դասական կինօն։ Ուրեմն ո՞ւր կորաւ այդ կինօն, ո՞ւր…
Անշուշտ, այս 30 տարուայ մէջ կինօ էլ ստեղծուեց, բայց վաւերագրական կինօ։ Իսկ խօսքը խաղարկային, գեղարուեստական կինոյի մասին է, որի արտադրութիւնը պիտի ոչ միայն ետ բերի ներդրած գումարը, այլ նաեւ շահոյթ ապահովի։ Մինչդեռ հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ հաւաքւում է «Մոսկուա» կինօթատրոնի դահլիճում, դիտում հերթական առաջնախաղը եւ հիասթափուած դուրս է գալիս, չմոռանալով սակայն պինդ սեղմել ռեժիսորի ձեռքը եւ շնորհաւորել նրան մի կինոյի առթիւ, որը ուրախութիւն պատճառեց միայն իր անձնակազմին եւ հարազատներին։
Այսպիսով 30 տարի է չունեցանք շնորհքով կինօ, ի՞նչն է պատճառը։ Այդ ո՞նց եղաւ, որ Սովետական Միութիւնում կարողացանք կինօ ստեղծել, իսկ անկախ Հայաստանում մեր կինօն նահանջեց։ Պատճառները շատ են եւ պատճառներից ո՛չ մէկը կապ չունի հայ ռեժիսորի տաղանդի բացակայութեան հետ։ Ահա հայ ռեժիսորները բարեյաջող բոյն են դրել ռուսական ֆիլմարտադրութեան մէջ, հենց հայերն են եղանակ ստեղծում այդ ոլորտում։ Եթէ նկատել էք, ապա այսօր ոչ մի ֆիլմ չի ստեղծւում ինչ-որ մի երկրի կողմից առանձին, այլ դառնում է co-production. դա նշանակում է, որ մի քանի երկրներ միանում են ֆիլմ արտադրութեան համար, ինչի շնորհիւ աւելի դիւրին է դառնում միջազգային ներդրումների օգտագործումը։ Միակ կինօռեժիսորը, ով սկսեց քայլել ժամանակի հետ համընթաց, դա ֆիլմարտադրող Յովհաննէս Գալստեանն է։ 2005-ին նա հիմնեց իր Փառալլելս ֆիլմպրոդաքշն ընկերութիւնը (Prallels Film Production LLC) Եւ Նորվեգիայի հետ համատեղ նկարահանեց «Խճճուած զուգահեռներ» լիամեթրաժ խաղարկային ֆիլմ։ Գեղագիտական առումով սա նոր ժամանակներում նախադէպը չունեցող ֆիլմ է, բայց ցաւօք միայն այս տարի ֆիլմը հասու դարձաւ հայաստանցի հանդիսատեսին, երբ այն ցուցադրուեց Դեկտեմբերի 7-ին Արմնյուզ հեռուստաընկերութեամբ։
Հացադուլ
Այս տարուայ դեկտեմբերին բազմաթիւ լրատուամիջոցներ, ողջ Հայաստանը հետեւում էր Յովհաննէս Գալստեանի հացադուլին։ Նա ամէնքին որպէս կրկներգ պատմում էր իր ֆիլմի հանդէպ իրականացրած անիրաւութիւնը, որի պատճառով նա դիմեց այս ծայրայեղ քայլին՝ շեշտելով, որ սա անհնազանդութիւն չէ, այլ փորձ է այս կերպով կտրուկ փոխել արատաւոր կառավարման ձեւը կինոյի ոլորտում, որտեղ մշակոյթի նախարարութիւնն ու Կինօկեդրոնը փոխարէն նպաստէն կինոյի արտադրմանն ու զարգացմանը, իրականում հանդէս են գալիս որպէս անանցանելի խոչընդոտ։ Ինչումն էր խնդիրը։ Յովհաննէս Գալստեանը նկարահանում էր «Տատիկիս վարսերը» ֆիլմը, որը երեք երկրների համատեղ նախագիծ էր։ Հայաստանի, Բուլղարիայի եւ Գերմանիայի կողմերի միջեւ կնքուեց համաձայնագիր 2015-ին եւ Հայաստանը պարտաւորուեց ապահովել ֆինանսաւորման 30%-ը, որը կազմում էր 88 միլիոն դրամ։ Ծիծաղելի չէ՞։ ֆիլմի համար 88 միլիոն ասածը լինում է դոլարով կամ եւրոյով, այլ ոչ դրամով, այսինքն ֆիլմի արժէքը ընդամէնը 565,000 եւրօ է, որից Հայաստանը պարտաւորուեց վճարել 160,000։ Սակայն միանգամից չէր յատկացւում գումարը, այլ մաս-մաս, ամէն տարի առանձին յայտ էր ներկայացւում։ Այս տարի Կինօկեդրոնում ստեղծուեց մի յանձնախումբ, (մանկապարտէզի մակարդակ ունեցող անդամներից, որոնք իրաւաբանօրէն բացարձակ չէին գիտակցում, թէ ինչ վտանգաւոր խաղի մէջ են մտնում), որը ընդունեց նոր կանոնակարգ, ըստ որի չեղեալ համարեց 2015-ին Կինօկեդրոնի կողմից ստանձնած պարտաւորութիւնները։ Ֆիլմի նկարահանումները կանգ առան… Բուլղարիայի եւ Գերմանիայի ներդրումները սառեցուեցին, եւ նրանք իրաւացիօրէն 2019-ին ստիպուած են լինելու դիմել եւրօդատարան… Չեմ շարունակում այլ մանրամասների մասին։ Յովհաննէսը 3-12 դեկտեմբեր հացադուլ արեց մատենադարանի պատերի տակ, մինչեւ որ մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցը միջամտեց եւ հարցին լուծում տուեց։ Ուզում եմ դիմել Յովհաննէսին իմ հիացական նամակով.
Բաց նամակ Յովհաննէսին
Սիրելի Յովհաննէս, հացադուլի ծանր օրերին, երբ գիշերները մենակ էիր մնում վրանում եւ սովից չէիր կարող քնել, քեզ մի միտք էր այցելում «Աստուած մեծ է», «Աստուած մեծ է»։ Եւ աստուած այնքան մեծ գտնուեց, որ դեկտեմբերի 12-ին՝ քո տարեդարձի օրը վերջ դրեց քո տառապանքներին։ Ինչպէս նաեւ մեր, որովհետեւ ո՛չ ոք քո մտերիմներից չէր կարող առանց արցունքների հետեւել դեկտեմբերեան հացադուլի ընթացքին։ Անծանօթները՝ լսելով հացադուլի մասին, խրատում էին, որ դա սխալ է, չի՛ կարելի առողջութեանը վնաս հասցնել, չի՛ կարելի կեանքի գնով հարցեր բարձրաձայնել։ Հապա ի՞նչպէս պէտք է լուծել խնդիրները։ Դռնեդուռ ընկնել…Եւ բոլորը նորմալ կը համարէին, եթէ մարդու սիրտը այդ դռներին չդիմանար եւ նա սրտի տագնապից մահանար։ Բայց երբ պայքարողը զոհաբերում է ոչ թէ հոգին, այլ մարմինը, ապա մարդիկ դա չեն խրախուսում, որովհետեւ դժուար է խրախուսել այն, ինչին ինքդ ընդունակ չես։ Սակայն մարդու ոգին աւելի ուժեղ է, քան մարմինը եւ շուտով բոլորը սկսեցին բարձրանալ քո մօտ, որպէսզի զգան մատենադարանի պատերի տակ թեւածող քո ոգին։ Միակ մարդը, ով պատրաստ էր միանալ քո հացադուլին, դա քո բուլղարացի գործընկեր Վիտալիյ Շարկեվիչն էր։ Նրան հիացրել էր քո անձնազոհութիւնը, որով դու ուզում էիր փրկել արդէն ոչ միայն նախագիծը, այլ Հայաստանի պատիւը։ Միայն մեծ գաղափարներն են արթնացնում ոգին, իսկ Շարկեվիչը ակնարկեց, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմը անհրաժեշտ է նրանց, ով բացարձակ կորցրել է յոյսը արդարութեան հանդէպ։
Սիրելի Յովհաննէս, քեզ հետ եւ քո Մարինէի հետ այլեւս երբեք ոչ մի վատ բան չի լինի, որքան էլ դժուար ու բարդ լինի ձեր պայքարը յանուն արդար կինօարտադրմանը հայրենի երկրում։