ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Իմ սիրելի, սիրելի վանաձորցիներ

dzovinarlok@gmail.com

Դեկտեմբերի 9-ին ժողովուրդը ընտրեց նոր խորհրդարանական ուժերին, եւ ի հարկէ Նիկոլ Փաշինեանի «Իմ քայլը» դաշինքը ստացաւ ամենաշատ քուէներ. 70.43%։ Միւս երկու ժողովրդի կողմից ընտրուած կուսակցութիւններն էին. 8.27 % «Բարգաւաճ Հայաստան»-ը եւ 6.37 %՝ «Լուսաւոր Հայաստան»-ը։ Անսահման յուզմունքի մէջ էի գնում ընտրատեղամաս։ Ինձ ուղեկցում էր Արարատ լեռը շատ մօտիկից։ Լինելով միշտ մեր աչքի առաջ, Արարատը բացայայտում է հայերի յարատեւութեան գաղտնիքը, յիշեցնելով մեզ հազարամեակներ շարունակ, որ ամէն ինչ անցողիկ է, եւ միայն յաւերժութիւն ապահովող արժէքներն են մնայուն։ Կարծում եմ ձայն տալով մեր ընտրած վարչապետի քաղաքական ուժին, մենք չպէտք է ձեռքերը ծալած նստենք ու հետեւենք նրա ճիշդ ու սխալ քայլերին, այլ պիտի ձայն տանք նաեւ ինքներս մեզ, որպէսզի այսուհետ ամէն մէկը մասնակցի իր երկրի կերտմանը։ Մտածելով, որ առանց այդ էլ մեծամասնութիւնը ընտրելու է «Իմ քայլը» դաշինքին, ես իմ ձայնը տուեցի Նիկոլ Փաշինեանին արժանի երկրորդ ուժին՝ «Լուսաւոր Հայաստանին», որի ղեկավարն էր Էդմոն Մարուքեանը։ Մեծ բաւարարութիւն եմ ստանում, երբ լսում եմ իրաւաբանօրէն անհերքելի եւ մարդկայնօրէն արդար նրա խօսքը։ Այնուհետեւ պարզում եմ, որ ծնունդով նա կիրովականցի է (այժմ վանաձորցի)։ Մինչ այդ շատ վանաձորցիներ տեսել էի Ստամբուլում եւ պոլսահայեր՝ Վանաձորում, սկսած Հրանդ Տինքի այցելութիւնից 2002-ին, երբ ծնունդով երկու մալաթիացիներ՝ Հրանդ Տինքն ու Գուգարաց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը, հանդիպեցին իրար Վանաձորում, Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Որքա՜ն ջրեր հոսեցին այդ պատմական, հեքիաթային օրուանից։ Եւ որքա՜ն գթասիրտ գտնուեց անգութ ճակատագիրը, որ երկուսից մէկին խլելով, այդուհանդերձ թողեց միւսին։ Ինչպէս որ խլելով մեր Հայաստանի Արեւմտեան հատուածը, այդուհանդերձ թողեց այս փոքր Արեւելեան կտորը, որը պիտի աճի, ծաղկի ու հզօրանայ, որպէսզի օրերից մի օր միանայ միւս հատուածին…Այդ մասին գիտի հայ ազգի յաւերժութեան խորհրդանիշ Արարատը…

Ո՞վ էր ասել, որ թատրոնը դա մայրաքաղաքային արուեստ է։ Մեր մայրաքաղաքը թատերական իմաստով վաղուց արդէն գաւառ է դարձել որոշ ներկայացումների բացառութեամբ։ Իսկ թատրոնը կարող է գաւառը դարձնել մայրաքաղաք։ Մի քանի տարի առաջ ես այցելել էի Վանաձորի թատրոնը եւ զարմացած էի մնացել եւ ռեժիսորական լուծումներով եւ կարեւորը՝ թատերական հանդիսատեսից, որը դիտում էր թատրոնը (այո, «թատրոն» եմ ասում, այլ ոչ «ներկայացում») ռեժիսորին համարժէք հայեացքով։

Այս տարի ամռանը բացայայտեցի «Վանաձորի սոխակ» Ստեփան Դալլաքեանին։ Քիչ յետոյ Երեւանի գրականութեան եւ արուեստի թանգարանում ներկայ գտնուեցի վանաձորցի ռեժիսոր, ասմունքող, մշակութային գործիչ Իվան Անտոնեանի «…Կատարուած գործը մարդն է։ Անաւարտ դաս» գրքի շնորհանդէսին։ Ինչպէս թատրոնը, այնպէս էլ գրքի հանդիպումը ընթերցողների հետ վերածուել էր մեծ տօնախմբութեան։ Բայց լուռ տօնախմբութեան, երբ հոգու ներսում հրճուանք է բուրում գրողների, գրականագէտների, արուեստագէտների ելոյթներից…Խօսքից, երգից, յուշերից եւ բացայայտումներից։ Ինձ համար նոր անուն էր Իվան Գոգչեանի անունը, որը գրքի հեղինակ Իվան Անտոնեանի հերոսն էր։ Իր ուսուցիչն էր։ Ուսուցչապետը, նաեւ դպրոցի տնօրէնը։ Բացի այդ բանաստեղծ եւ արձակագիր էր։ «Նա իր ստեղծագործութիւններով էլ ուսուցիչ էր»։- գրում է Իվան Գոգչեանի մասին դրամատուրգ Սամուէլ Խալաթեանը եւ աւելացնում. «Եւ երիցս ճիշդ է նրա աշակերտ, անուանակից Իվան Անտոնեանը, որ գրում է՝- Ես ընկեր Գոգչեանի հավերժ աշակերտողս…» Իվան Անտոնեան աշակերտը գրեց յուշագրութիւն Իվան Գոգչեան ուսուցչի մասին, նուիրելով այն իր անձը կայացնողին, իր մարդկային նկարագիրը եւ ուղին կերտողին։ Նա թղթին յանձնեց եւ սերունդներին մատուցեց ուսուցիչ հասկացութեան բարձրագոյն դրսեւորումը, որը կայանում է յատուկ հոգեվիճակի մէջ, երբ ուսուցիչը գտնւում է մշտական երկխօսութեան մէջ իր աշակերտների, դասաւանդած հեղինակների եւ ինքն իր հետ։ Ահա մի հատուած «Ինքս ինձ հետ» հարցազրոյցից.

- Դուք նաեւ հրաշալի բանաստեղծ եք ու արձակագիր, բազմաթիւ գրքերի հեղինակ։

- Ես ինձ երբեք բանաստեղծ չեմ համարել։ Թող ընթերցողը, եթէ արժանի եմ,համարի։ Բայց համոզուած եմ, որ իւրաքանչիւր մարդու մէջ մի քիչ բանաստեղծ ու պոետ, մի քիչ նկարիչ ու երաժիշտ, ստրուկ ու թագաւոր…կայ։

- Դուք ինչի՞էք հաւատում։

- Շատ բաների, բայց ամենից առաջ Հայաստանի Սուրբ Յարութեան Արշալոյսին, Միացեալ Հայաստանի Վերածննդին։

Իվան Գոգչեանի բանաստեղծութիւններից վերջինը սա էր.

Ես գնում եմ, ճամբես բացէ՛ք,

Ջուր ցանեցէք իմ ետեւից-

Թող ձեզ մնան բերք ու բարիք,

Ինձ արածիս յուշն է հերիք։

Ես գնում եմ՝ հեռու կացէ՛ք,

Մոմ վառեցէք իմ ճամբէքին,

Թող ձե՚զ լինեն լոյս ու երկինք,

Ինձ ճրագի շողքն է հերիք։

Իսկ թէ յանկարծ լոյսը մարի,

Խաւար լինի իմ ճամբէքին-

Լոյսից մթի միջով կանցնեմ

Ու կը հասնեմ նորից լոյսին։

Ես գնում եմ, ճամբէս բացէ՛ք…

Թող լոյս իջնի Իվան Գոգչեան բանաստեղծ –ուսուցչի շիրիմին։