dzovinarlok@gmail.com
Նոյեմբերի 26-ից մեր վերելակում ամէն օր ինձ դիմաւորում է Երջանիկ Յակոբեանը, որը ժպտում է ամէն մտնողին մեծ պաստառից, փակցուած որպէս «Իմ քայլը» դաշինքի գովազդ։ Կարգախօսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրութիւն եւ հզօր պետութիւն»։ Դաշինքը սկզբից քննարկում էր «Նիկոլ վարչապետ» տարբերակը, բայց կանգ առաւ այս վերջինի վրայ, որը տեղադրուած է մեր վերելակի պատին եւ այլուր։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկուած են 183 անուններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելութիւն» կուսակցութիւններից, նաեւ անկուսակցականներից։ Դաշինքում կան լրագրողներ, որոնց ոգեւորում է Նիկոլ Փաշինեանի օրինակը։ Կան սպորտմեններ։ Թէեւ քաղաքագէտներն ասում են, որ չի կարելի դուրս գալ ընտրապայքարի երկրորդ տեղի համար, պէտք է հաւակնել առաջին տեղի համար, սակայն «Իմ քայլը» դաշինքի յաղթանակը ընդունւում է որպէս կատարուած փաստ, որովհետեւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները արւում են յանուն յեղափոխութեան վերջնական աւարտի, որպէսզի Նիկոլ Փաշինեանը իրօք դառնայ վարչապետ եւ սկսենք կառուցել արժանապատիւ Հայաստան։ Ուստի կարեւոր թիմը Նիկոլ Փաշինեանի թիմն է։
Փաշինեանից զատ դաշինքում յայտնի դէմքերից են Ալեն Սիմոնեանը, Սասուն Միքայելեանը, Արարատ Միրզոյեանը…Երբ Ալեն Սիմոնեանի հետ հարցազրոյց արեցին Ռուսաստանում գտնուող հայերի համար, թէ ինչպէս է նա վերաբերւում նախկին իշխանաւորներին, ապա Ալեն Սիմոնեանը զարմացրեց բոլորին իր խելացի խօսքով.
«Մենք չենք կարող մեր փոքր Հայաստանում բաժանել մարդկանց լաւ եւ վատի։ Չի կարելի մեղադրել մարդկանց, որոնք աշխատել են նախկինների հետ, բարեւել են կամ լուսանկարուել են։ Այդ սկզբունքով մենք կարող ենք հեռացնել աշխատանքից բոլոր ոստիկաններին, դպրոցի տնօրէններին, բժիշկներին, որոնք կաշառք էին վերցնում։ Իսկ ի՞նչ անել նրանց հետ, ովքեր լռում էին։ Սիւնիքի մարզպետի նշանակումը (Յունան Պօղոսեանը նախկին փոխ ոստիկանապետ էր-Ծ.Լ.) դժգոհութիւն առաջացրեց։ Օսիպեանի նշանակումը ոստիկանապետի պաշտօնին նոյնպէս ոչ բոլորը միանշանակ ընդունեցին։ Սիւնիքի մարզը շատ բարդ տարածք է, եւ մեզ պէտք էր փարձառու ուժային, ես ինքս կարող եմ ասել նրա համեստութեան մասին»։
Ընդունելով հիմք, որ գլխաւոր իշխող ուժը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, մնացած 10 ուժերը յաւակնում են ընդդիմադիրներին 30% հատկացուած տեղերին։ 11 քաղաքական ուժերից կան բոլորովին նոր 6 յայտեր.
1 «Քրիստոնեայ-ժողովրդական վերածնունդ» կուսակցութիւնը Լեւոն Շիրինեանի գլխաւորութեամբ, որը սկսեց իր քարոզարշաւը Էջմիածնից, ստանալով Հռիփսիմէ եկեղեցում օրհնութիւն եւ բաց թողնելով երկինք իրենց խորհրդանիշ հանդիսացող աղաւնիները։
2 «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը։ Հաւասարութիւն բոլորի համար եւ բոլորին հաւասար բաժանում էին… մանդարին։
3 «Սասնայ ծռեր» կուսակցութիւնը առաջարկում է. «Պետութիւնը ի դէմս Ազգային Ժողովի պէտք է իրաւայ-քաղաքական գնահատական տայ նախորդ ռեժիմների գործունէութեանը եւ արձանագրի այդ ցեղասպանական, յանցաւոր, հակապետական, հակամարդկային գործունէութեան հասցրած ծանր հետեւանքները եւ ըստ այդմ ապահովի անցումային արդարադատութիւն, որը պիտի գործի Նիւրնբերգեան դատավարութեան ձեւաչափով եւ տրամաբանութեամբ եւ կատարի այնպիսի կարեւորութեան որոշումներ, որոնց հիման վրայ հնարաւոր կը լինի թալանը կամ ինչպէս հիմա ասում են գողոնը (միլիարդաւոր) հետ վերադարձնել։ Կարգախօսը «Ժամանակն է…»։ Հակառակ «Սասնայ ծռերի», որի կարծիքով այս ԱԺ-ը պիտի երկու տարի գործի, այնուհետեւ նորից ընտրութիւններ լինէն»։
4 «Մենք» դաշինը (ցուցակում 144 անդամ է), որին գլխաւորում է Արամ Սարգսեանը, համոզուած է եւ ամէն ինչ անելու է, որ այս նորընտիր Ազգային Ժողովը հինգ տարի մնայ։ Նրանց կարծիքով միայն Ռուսաստանի հետ չէ, որ պէտք է մտերմանալ։ Քայլ առ քայլ պէտք է մօտենալ Եւրոպային, մասնակցել ՆԱՏՕ-ի զօրավարութիւններին։ «Մենք»- ի կարգախօսն է «Առաջինը՝ Հայաստան», այսինքն Հայաստանը պիտի լինի մեզ համար ամէն ինչից վեր։
5 6. Միւս երկու նոր կուսակցութիւններն են «Ազգային առաջընթաց» եւ Էդմոն Մարուքեանի ղեկավարած «Լուսաւոր Հայաստան»-ը։
Մնացած չորս կուսակցութիւնները ծանօթ ուժեր են. «Բարգաւաճ Հայաստան» (ԲՀԿ)կուսակցութիւնը՝ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ (կարգախօսն է «Հաւատայ, վստահիր, պահանջիր»), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն(ՀՅԴ), ցուցակը գլխաւորում է Ռուստամեանը («Մենք գալիս ենք, որպէսզի դուք չհիասթափուէք»), «Օրինաց երկիր»(ՕԵ) կուսակցութիւնը կողմնակից է «ոչ թէ սոսկ դուխով (ոգով), այլ նախ եւ առաջ խելքով կառավարելու մարտավարութեանը»։
Նշեմ, որ բացարձակ բոլոր մասնակիցների դէմքին ժպիտ է, երբ նրանք ներկայացնում են իրենց ծրագրերը տարբեր վայրերում, թէեւ դժուար է ժպտալ, երբ մարդիկ նրանց չեն ճանաչում եւ սակաւաթիւ են։ Մարդաշատ են միայն Նիկոլ Փաշինեանի քարոզարշաւներին։ Չեն ժպտում միայն… ՀՀԿ-ի անդամները, աւելի ճիշտ նրանք փորձում են ժպտալ, բայց այն դիմակը, որ նրանք կրում են դէմքերնին, ժպտալ չգիտի…Իրականում ՀՀԿ –ն պիտի ճանաչուէր յանցաւոր եւ արգելուէր, բայց արի ու տես, որ հանրապետական ատելի դէմքերը դուրս են եկել պայքարի, աւելի ճիշտ դուրս չեն եկել, նրանք հաւաքում են լրագրողներին փակ տարածքներում եւ յայտնում իրենց մտահոգութիւնները։ Նրանց կարգախօսը այդպէս էլ հնչում է. «Եթէ մտահոգ ես…ընտրիր հանրապետականին, այսինքն եթէ մտահոգ ես ՀՀ անվտանգութեամբ, Արցախի ապագայով, սահմանների ամրութեամբ…»։ Պէտք չէ լինել հոգեբոյժ, որպէսզի ախտորոշել նրանց մօտ հոգեկան շեղուածութիւն։ 30 տարի առաջ Դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցաւ ահռելի երկրաշարժ, որի հետեւանքները մինչ օրս զգացւում են։ Սակայն այսօր ես ուզում եմ խօսել ՀՀԿ անդամների գիտակցութեան երկրաշարժի մասին։ Երկար-երկար տարիներ, կտրուած լինելով ժողովրդից եւ իրականութիւնից, այդ յանցաւոր խումբը զբաղուած էր երկրի թալանով։ Կարծում էին, որ այս վիճակը անվերջ պիտի շարունակուի, բայց յեղափոխութիւնը վերջակէտ դրեց, քանզի մի օր ամէն ինչ վերջանում է։ Երբ նայում ես նրանց դէմքերին, ապա խղճում ես. աչքերում լոյսը մարել է, ձայնը դողում է, մեռած են՝ թաղուած չեն։ Ամիսների ընթացքում այդպէս էլ չհասկացան, թէ ի՛նչ կատարուեց ակնթարթում. ասում են, որ յեղափոխութիւնը Նիկոլ Փաշինեանը արեց, իսկ ժողովուրդը գնաց նրա հետեւից։ Ժողովուրդ ասուածը նրանց համար հլու ամբոխ է, ոչնչութիւն։ Խելագարուել են։ Նրանցից մէկը գնաց Կապան, որտեղ գտնւում է Դաւիթ Բեկի յուշարձանը՝ ձիու վրայ նստած, ինքն էլ նստեց ձիու վրայ եւ յայտարարեց, որ շարունակելու է Դաւիթ Բեկի գործը։ Այս խեղուած գիտակցութեամբ ուզում են մտնել խորհրդարան…