dzovinarlok@gmail.com
Այո, ժողովուրդը գնաց Նիկոլ Փաշինեանի հետեւից։ Նախկինում նա լրագրող էր, այնուհետեւ դարձաւ Ազգային Ժողովի պատգամաւոր։ Սակայն ինչպէս ամէն մի բնագաւառում կան իսկական եւ կեղծ մասնագէտներ, այնպէս էլ լրատուութեան մէջ այսօր դիտում ենք այնպիսի դրսեւորումներ, որոնք պատիւ չեն բերում լրագրողի կոչմանը, որովհետեւ իսկական լրագրողը նա է, ով գիտի, ինչ չի′ կարելի գրել կամ ասել։ Ճանճերի գրոհի է նման մեր լրատուական զանգուածը։ Մօտենում են ինչ-որ մի քաղաքական գործչի եւ գրոհում նրան հարցերով, բայց ի՛նչ հարցերով. այնինչը այսինչ ասեց այս մասին, ի՞նչ կ՚ասէք նրա ասածի մասին։ Եւ սա նրանց կարծիքով լրատուութիւն է, իսկ իմ կարծիքով բանսարքութիւն կամ լրաբանութիւն։ Դատարկաբանութիւն։ Այնուհետեւ այնպիսի վերնագիր ու նկար են դնում, որոնք ո՛չ մի կապ չունեն ներսի գրուածի հետ եւ քանի որ ոչ ոք նիւթը այլեւս չի բացում (մարդկութիւնը առաջ է սլանում առանց շունչ քաշելու), այլ բաւարարւում է միայն վերնագրերով, ապա ունենք բացարձակ ապատեղեկատուութիւն կամ խեղկատակութիւն։ Գիտէ՞ք, տեղեկատուութիւնը այնքան է ներթափանցել մեր կեանքն ու առօրեան, որ սեփական մտածմունք, աշխատանք, շունչ կարող ենք զգալ միայն այն պահերին, երբ պատահական համացանցը լռի, անջատուի։
Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները։ Եւ տեսնում ենք, թէ ի՛նչ կեղտոտ զէնքով են դիմադրում պարտուած քաղաքական ուժերը։ Ունենալով միայն ժողովրդից գողացած ահռելի փողեր, նրանք վարձում են այսպէս կոչուած լրագրողների եւ լուանում կասկածամիտ, թերահաւատ, սեփական ուժերին չվստահող զանգուածի ուղեղները։ Օրինակ, մեր երկրի, ժողովրդի փողերը թալանած երկրորդ նախագահը պայքարում է մեր այսօրուայ գործընթացների դէմ, վարձելով ռուսական ծախու տականքներին։ Վերջերս մի ռատիօլրագրող «Խօսում է Մոսկուան» հաղորդման ատեն սկսեց ապացուցել, որ Նիկոլ Փաշինեանը համասեռամոլ է, մէջ բերելով Փաշինեանի ելոյթը Ազգային Ժողովում համասեռամոլների խնդրի վերաբերեալ, երբ վարչապետը անդրադարձաւ այդ նիւթին եւ յիշատակեց մի հայի, ով հանդիպել էր իրեն Փարիզի հիւրանոցում եւ խոստովանել, որ փախել է իր սիրած տղամարդու հետ Հայաստանից իր սեքսուալ կողմնորոշման պատճառով եւ չի վերադառնայ այլեւս Հայաստան։ Ռուս ծախու «լրագրող» Դորենկոն իր գումարը աշխատելու համար ջանք չէր խնայում եւ փորձում էր համոզել, թէ Փաշինեանը կապ ունէր այդ երիտասարդի հետ… Տխուր է։
Իսկ ի՞նչ ասենք պարտուած «Երկիր ծիրանի» կուսակցութեան նախագահ Զարուհի Փոստանջեանի վարկածը այն մասին, որ այս յեղափոխութիւնը կազմակերպել է Փաշինեանը Սերժ Սարգսեանի հետ, որպէսզի Սերժին փոխարինի իր փեսան՝ Միքայէլ Մինասեանը։ Եւ այս լրաբանութիւնը լուրջ տեղ է գտնում սեփական կարծիքը չունեցող հանրութեան մէջ, բայց ինչպէս մեկնաբանեց այդ հեքիաթը ինքը Փաշինեանը. «Դա վկայում է այն մասին, որ այստեղ բացակայում է տարրական յարգանքը սեփական ժողովրդի եւ երկրի նկատմամբ։ Ուրեմն միլիոնաւոր մարդիկ խամաճիկներ էին եւ չեն հասկացել ինչ են անում եւ ինչու են անում»։ Լրագրողը հարց տալով չի դառնում լրագրող, այլ աւելի շատ ինքնուրոյն պատասխաններ գտնելով։ Ունենալով սեփական կարծիք։ Չափազանց մեծ դժգոհութիւն են առաջացնում Փաշինեանի պաշտօնատարների նշանակումները. Որ երիտասարդ են, անփորձ են, իրենց դեռ չեն դրսեւորել։ Յատկապէս մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի նշանակումը, որ չի տեղաւորւում ոչ մի տրամաբանութեան մէջ, քանզի Մակունցի համար այդ պաշտօնը բացարձակ իր «հագով» չի։ Եւ հենց այդ նշանակումները վկայում են այն մասին, որ յեղափոխութիւնը անկանխատեսելի էր, եւ երբ Նիկոլ Փաշինեանը դարձաւ վարչապետ, նա չէր կարող Լուսնից կամ որեւէ այլ մոլորակից մարդիկ բերել կառավարութիւն ձեւաւորելու համար, այլ՝ նշանակեց իր շրջապատի երիտասարդներին, որոնք իր հետ քայլել-քայլել եւ յեղափոխութեան էին բերել երկիրը։
Այժմ երկիրը գնում է դէպի ընտրութիւններ։ Նախկինում դիւրին էր. գիտէինք, ում չենք ուզում եւ ձայն էինք տալիս միւսին, ընդդիմադիրին։ Բայց ձայնը գողանում էին, կեղծում էին եւ հիասթափուած ժողովուրդը յոյսը կտրել էր փոխել որեւէ մի բան ընտրութիւնների միջոցով։ Յեղափոխութեան ամենահզօր ձեռքբերումը –դա արդար ընտրութիւններն են։ Ժողովրդի մեծամասնութիւնը ուզում է, որ Նիկոլ Փաշինեանը դառնայ վարչապետ եւ պատրաստւում է ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին։
24 Նոյեմբերին, այսինքն քարոզարշաւից 2 օր առաջ «Իմ քայլը» դաշինքը քայլեց փողոցներով՝ 37,5 քմ եւ այն տեւեց 9,5 ժամ։ Երեւանի բոլոր փողոցներով։ Երեւաց բոլոր բնակիչների պատուհանների տակ։ Ի հարկէ չար լեզուները նշեցին, որ դա խախտում է միջազգային չափանիշները, կրկին լրագրողները ճանճերի պէս շրջապատեցին Նիկոլ Փաշինեանին եւ նշեցին, որ դա անօրէն քայլ է։ Ո՞ւր է միջազգային օրէնքը։ Բերէք ինձ ցոյց տուէք, որ չի կարելի քայլել փողոցներով (մօտաւորապէս այս պատասխանը նրանք լսեցին վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանից)։
Շատ հաւանեցի, երբ Պելառուսում, որտեղ Լուկաշենկոն անփոփոխ նախագահում է արդէն 24 տարի, մեր Փաշինեանին բնորոշել էին որպէս «փողոցային ժողովրդավար»։ Հոյակապ է։ Ժողովուրդը իր կեանքի մեծ մասը քայլում է այդ փողոցներով եւ դա չի նշանակում, որ ժողովուրդը փողոցային է։ Մի՛ վախեցէք փողոցից, նախագահնե՛ր։ Քայլէ՛ք Մեր յեղափոխութիւնը քայլեց եւ քայլելով հասաւ յաղթանակի։