ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Օգոստոսի ամենակարեւոր իրադարձութիւնը 17-ի հանրահաւաքն էր։ Այն ապացուցեց, թէ որքա՛ն ենք մենք միմեանց պէտք՝ ժողովուրդն ու ժողովրդի առաջնորդը, որոնք հանդէս են գալիս որպէս պետութիւն։ Եւ դա լինելու է շարունակական։ Նիկոլ Փաշինեանը հռչակեց հրապարակը որպէս ժողովրդի իշխանութեան բարձրագոյն մարմին, նմանեցնելով Հին Յունաստանի ակորային (agora-հրապարակ, որտեղ ժողովրդական ժողովներ էին գումարուում)։
Դիտելով, թէ որքան մարդ էր ուղղուում այդ օրը դէպի Հանրապետութեան հրապարակ, Նիկոլ Փաշինեանի թիմից Ալեն Սիմոնեանը կարծիք յայտնեց, որ մեզ պէտք է եւս մէկ հրապարակ, որովհետեւ հրապարակը լեփ-լեցուն է, իսկ մարդիկ գալիս ու գալիս են։ Կարծում եմ, երբ ժողովուրդը դառնում է իր բախտի տէրը, այլեւս նրան ո՛չ մի հրապարակ չի բաւականացնի։ Ամբողջ Հայաստանը չես տեղաւորի մէկ կամ երկու հրապարակում։ Այն հրապարակում, որտեղ սովետական ժամանակ իրաւունք չկար անգամ ոտք դնել. միայն Նոյեմբերի 7-ին եւ Մայիսի 1-ին աշխատաւորները շքերթով անցնում էին եւ գոռում՛ «Հուռա»։ Հայաստանն էլ ինքնիշխան երկիր չէր, այլ ենթարկուում էր Մոսկուային։ Այդպէս շարունակուում էր նաեւ արդէն ինքնիշխան հռչակուած տարիներին։ Միայն վարչապետ Նիկոլ Փաշինեանը փոխեց վերաբերմունքը Քրեմլի հանդէպ եւ հանդէս եկաւ որպէս հաւասարը հաւասարի հետ։ Հանրահաւաքից մէկ օր առաջ հանրութիւնը դիտեց երկրորդ նախագահ Ռոպէրտ Քոչարեանի հարցազրոյցը Երկիր Մետիա հեռուստաալիքով, որտեղ նա մտահոգութիւն յայտնեց այդ առիթով. «Հայաստանը պահանջում է Ռուսաստանից յարմարուել Հայաստանի նոր իրավիճակին։ Ռուսաստանը այն երկիրը չէ, ում հետ կարելի է խօսել այս լեզուով։ Մեր ռազմավարական գործընկերն է, որից կախուած է մեր անվտանգութիւնը»։ Եւ յաւելեց. «Այսօր կայ մի զանգուած, որը շատ աշխոյժ է եւ ակրեսիւ է, եւ չի թողնում, որ ուրիշները խօսեն»։ Ըստ Քոչարեանի հրապարակում հաւաքուում են յեղափոխական աքտիվիստները եւ ակրեսիւ փոքրամասնութիւնը։ Այն 36 տոկոսը, ով իր նախագահական ընտրութիւններին իր դէմ էր քուէարկել։ Քոչարեանը դժգոհ է, որ ներկայիս իշխանութիւնը խարխլում է բանակի հզօրութիւնը։ Բայց մի՞թէ բանակի հզօրութիւնը կայանում էր նրանում, որ դուրս գար սեփական ժողովրդի դէմ եւ Մարտի 1-ին գնդակահարէր անմեղ քաղաքացիներին։ Կամ ինչպէ՞ս կարող է կաշառակերութիւնը հզօրացնել բանակը։ Միայն զինուորների անձնազոհութեամբ եւ հերոսութեամբ հզօր չի կարող լինել բանակը, երբ ապրիլեան պատերազմում զոհուում էին փամփուշտի, զէնքի բացակայութեան պատճառով։ Իսկ Ղարաբաղի հարցով Փաշինեանի դիրքորոշմանը (երբ վարչապետը յայտնեց, որ Արցախը ինքը պիտի բանակցի իր անունից), Քոչարեանը արձագանգեց, որ վարչապետը անփորձ է եւ նապաստակի պէս փախչում է բանակցութիւնից, վախենալով վերցնել իր վրայ պատասխանատուութիւն։ Հետեւեալ օրը հանրահաւաքին վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարթակից պատասխանեց այդ առիթով, որ նա տիրապետում է բանակցային գործընթացին՝ ով ինչ է խօսել.
«Ես դեռ Ղարաբաղի հարցով չեմ բանակցել։ Նրանք ասում են, թէ ես եկել եմ հող յանձնելու։ Նրանք իրենց հետ են շփոթում։ Նրանք բացի հող յանձնելուց ուրիշ բանի մասին չեն խօսել։ Տո ա՛յ երկիր թալանածներ, տո ա՛յ բանակ թալանածներ, տո ա՛յ զինուորին թալանածներ, տո ա՛յ սերմացու գողացող մկներ։ Ժողովո՛ւրդ ջան, ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժէք Ղարաբաղի հարցով բանակցել, բայց Արցախի հանրապետութեան անունից պիտի բանակցի Արցախի իշխանութիւնը...։ Մենք պատրաստ ենք ջախջախիչ հակահարուած տալ Ադրբեջանի ոտնձգութիւններին։ Խնդրում եմ բոլոր օտար երկրների դրօշները իջեցնել։ Ես ձեզանից թագուն ոչ մի թուղթ չեմ ստորագրի, սկզբից ես ձեզ կը ներկայացնեմ եւ դուք կ՚որոշէք՝ լաւ տարբերակ է թէ ոչ։ Ասում են Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսուել։ Խօսելուց առաջ մտածէ՛ք։ Քաղաքացիական պատերազմ միայն ձեր գրասենեակների ներսում կարող է լինել։ Հայ-ռուսական յարաբերութիւնների մասին խօսենք։ Աշխարհի ո՛չ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել այն, ինչ կատարուեց մեզ մօտ։ Եւ նրանք նոր իրավիճակը ամբողջութեամբ չեն գնահատել։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպել եմ եւ երեք անգամ հեռախօսազրոյց եմ ունեցել Պուտինի հետ։ Հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են եւ աւելի ու աւելի են լաւանալու։ Մենք խորացնելու ենք մեր բարեկամութիւնը։ Դուք շուտով կ՚իմանաք մի մարդկային նախագծի մասին, որը նախադէպ չի ունեցել։ Հայաստանի Հանրապետութիւնը չի գնում Արեւմուտք կամ Արեւելք, ՀՀ-ը ուղիղ կանգնած է իր ոտքերի վրայ...՛՛
Դժուար է վարչապետի ելոյթից առանձնացնել որեւէ մի հատուած, որովհետեւ ողջ ելոյթը կարեւոր էր. նա խօսեց յեղափոխութեան երկրորդ փուլի մասին, որն է՝ տնտեսական յեղափոխութիւնը. առաջին տնտեսական մոտելը պիտի փոխուի, որպէսզի ամէն քաղաքացի իր վրայ զգայ տնտեսական աճը, երկրորդը պիտի ուժեղացուի հանրաքուէի ինստիտուտը, կառավարութիւնը այսուհետ ենթարկուելու է հրապարակին, երրորդը ստեղծուելու են անցումային արդարադատութեան մարմիններ, քանի որ դատական համակարգը նախորդ իշխանութեան մասն է կազմում։ Շատ երկրներ անցել են այս շրջանը, չորրորդը պիտի օրէնսդրութեան մէջ փոփոխութիւն արուի ապօրինի հարստացման վերաբերեալ, որպէսզի թալանածը վերադարձուի ժողովրդին։
Անշուշտ եթէ եղաւ յեղափոխութիւն, ուրեմն պիտի լինեն հակայեղափոխականներ, որոնք ներկայացնում են իրենց որպէս քաղաքական հալածեալներ, զոհ...։ Մեծ է վախը թալանածի համար։ Իսկ ժողովուրդը վախենում էր, որ իր յաղթանակը կարող են իր ձեռքից խլել։ Այդպէս է լինում, երբ մարդ գանձ է գտնում եւ վախենում է, որ իր ձեռքից կը խլեն։ Գալով հրապարակ, ժողովուրդը համոզուեց իր ուժի, իր միասնականութեան մէջ, որը միակ երաշխաւորն է յաղթանակի պահպանման։