dzovinarlok@gmail.com
Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ ամենահետաքրքիր եւ նշանակալից իրադարձութիւնները այսօր տեղի են ունենում մեր… գրադարաններում։ Բնաւ կարեւոր չէ, թէ ինչպէս են դրանք բնութագրւում՝ միջոցառում, հանդիպում, գրքի շնորհանդէս կամ ֆիլմի ցուցադրութիւն։
Այստեղ, գրքերի աշխարհում, որոնք խիտ-խիտ շարուած են դարակների վրայ եւ անթարթ նայում են մեզ ընթերցական աչքերով, օրուայ գիրքն է դառնում ինքը Մարդը, լինի դա գրքի հեղինակը, արուեստի գործիչը կամ որեւէ վաստակաշատ մշակութային երախտաւոր։ Հոգեւոր աշխարհի ասպետներն են, որոնք երբեք յանուն հացի չեն ծախուի, չեն ուրանայ իրենց կոչումը, քաջ գիտակցելով, որ իրենց առաքելութիւնը դա հոգեւոր հացն ու ջուրը մարդկանց հասցնելն է, որպէսզի սեղանների լիութեան կամ դրանց բացակայութեան պայմաններում յագենայ նաեւ հոգեւոր սովն ու ծարաւը։
Օգոստոսի 2-ին այդպիսի մի նշանակալի հանդիպմանը ներկայ գտնուեցի Նոր Նորքի կեդրոնական գրադարանում։ Շնորհակալութիւն տնօրէն Նազելի Արցումանեանին, որը կազմակերպեց այդ միջոցառումը։ Մէկտեղուել էին անուանի երգիչներ եւ բանաստեղծներ, արուեստասէր հանրութիւն, որի համար գրադարանը մի քանի ժամով դարձաւ հայրական օճախ։ Մի երկնակամար, որի վրայ փայլատակեցին արուեստագէտների տաղանդը։ Օրուայ հերոսը Լոռուայ սոխակ, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համոյթի մեներգիչ Ստեփան Դալլաքեանն էր։ Նախ ցուցադրուեց «Լոռու սոխակ» ֆիլմը վանաձորցի Իվան Անտոնեանի հեղինակած «Լոռու արուեստագէտներ» շարքից (արդէն 27-րդ ֆիլմի վրայ է աշխատում)։
«Ֆիլմը չունի կինօարժէք, բայց արժէքաւոր է որպէս արխիւ,- ասաց ֆիլմի խմբագիր Փահրադ Ախոջանեանը,- մարզում ապրում է մի արուեստագէտ եւ ոչ ոքու վէճը չի, թէ ոնց է նա ապրում։ Իվանը անշահախնդիր ֆիլմ է նկարահանել եւ իր գրպանի փողով թերթ է հրատարակում։ Ես ինքս ապրում եմ Սպիտակում, 20 քմ է Կիրովականից»։
Մինչեւ 1935 թուականը Վանաձորը կոչուել է Ղարաքիլիսա, այնուհետեւ դարձաւ Կիրովական, բայց կիրովականցին այդպէս էլ չկարողացաւ ասել Վանաձոր, ինչպէս լենինականցին չկարողացաւ վերանուանել իր լեն (լայն) քաղաքը՝ Գիւմրի։ Ստեփան Դալլաքեանի ծնած (1949 թ.) տեղն էլ Գուգարքի շրջանի Շահալի կայարանն է, որը այնուհետեւ վերանուանուեց Վահագնի գիւղ։ Այդ գիւղում է ծնուել Սովետական Հայաստանի 1966-1974 տարիների ղեկավար Անտոն Քոչինեանը (1913-1990)։ Սակայն այդ գիւղում է ծնուել նաեւ գուսան Սարգիս Զաքարեանը (1923-1995)։ Ժամանակը հետզհետէ փոխում է տեղերու անունների կշիռը. քաղաքական գործչի անունը հազուադէպ է վերապրում իր ժամանակաշրջանը, մինչդեռ արուեստագէտը կրկին վերադառնում է այս աշխարհ՝ շնորհիւ իր աշխարհընկալման, որ տեղ է գտել իր երգերում։ Իրականում երգչի գործիքը ոչ թէ իր ձայնալարերն են, թառն ու քամանչան, այլ՝ ունկնդրի հոգու լարերը. կը կարողա՞նայ արդեօք երգիչը շարժել եւ յուզել այդ լարերը։ Այսօր գուսան Զաքարեանի երգերը կատարում է Ստեփան Դալլաքեանը՝ այնպէս, ինչպէս դա գուսան Սարգիս Զաքարեանի սրտով էր։ Նա ոչ միայն կատարում է գուսանի երգերը, այլ նաեւ հաւաքում է դրանք, նոտագրում եւ փրկում մոռացութիւնից։
Մէկը միւսի հետեւից ներկայացնում էին Ստեփան Դալլաքեանին, նշելով նրա կատարումները եւ ստացած պատուագրերը։ Ելոյթ ունեցաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, Հայ Երգարուեստի Միութեան նախագահ Ռուբէն Մաթէոսեանը.
«Նա Կիրովականում վառ է պահում հայ երգի ջահը։ Ես չեմ խուսափում այդ բառից, որովհետեւ գիտակցում եմ, թէ ինչ ասել է ստեղծագործել մի քաղաքում, որտեղ վերջին տարիներին գրեթէ ուշադրութիւն չի դարձւում երգարուեստին ընդհանրապէս»։
Իսկ ահա թէ ինչ ասաց երգիչ Արթուր Ումրոյեանը.
«Երբ լսեցի Ստեփան Դալլաքեանին, ապա երկու զարմանք ունեցայ.
1 Այս կարգի երգիչ ունենք եւ ես չեմ ճանաչում նրան,
2 Այս կարգի երգիչ ունենք եւ հանրութիւնը նրան չի ճանաչում»։
Բանաստեղծ Մանուել Միկոյեանն էլ նշեց, որ Ստեփան Դալլաքեանը վաստակաւոր արտիստի կոչմանը արժանացաւ այն ժամանակ, երբ արդէն ժողովրդական էր։
Վերջապէս Ստեփան Դալլաքեանը երգեց, եւ բոլոր ճառերը, բոլոր բառերը ցիրուցան եղան։
Մնաց միայն երգիչը իր գործիքով, որն էր՝ մեր հոգին։ Մեր հոգու լարերը։ Այնպէս անուշահամ էր ձայնը եւ այնպէս կիրթ էր երգիչը մատուցում ձայնի այդ քաղցրութիւնը։ Մեր իսկ հոգուց էր հանում պահուած գանձը, որը զրնգում էր իր ձայնի թանկարժէք մետաղով։ Ուզում էիր, որ երգը չաւարտուէր…