dzovinarlok@gmail.com
Նկարիչների Միութեան ցուցասրահը տալիս է ժամանակակից կերպարուեստի իւրայատուկ պատկերը։ Անշուշտ, ոչ ամբողջական, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք միայն այն արուեստագէտների գործերը, որոնք մասնակցեցին ցուցահանդէսին։ Իսկ եթէ որեւէ մէկը ցանկանայ լուսաբանել ցուցահանդէսը, ապա կրկին ընտրութիւն պիտի անի գործերի մէջ, մինչդեռ ամէն մի ցուցանմուշ արժանի է յիշատակման, քանզի ամէն մի գործի առաջ կանգ ես առնում եւ յարաբերւում իր հետ։ Բայց ո՞ր մէկից սկսես, ինչպէ՞ս գտնես ընդհանուրը՝ անհատների շարքում։ Գուցէ սկսենք յայտնի անուննե՞րից, մեծերից, քանզի ցուցահանդէսը լի էր երիտասարդների գործերով. ծաղրանկարիչներ Վլատիմիր Աբրոյեան եւ Յարութիւն Չալիկեան (որը նաեւ ճարտարապետ է եւ քանդակագործ), Սամուէլ Ղազարեան, Նունէ Թումանեան, Միսաք Մելքոնեան…
Ինչի՞ մասին էին քանդակներն ու գծանկարները։ Յաւերժական թեմաներ կան. «Սէր լուսնի տակ»՝ Գէորգեան Ալիսա, «Սէր», որ թեւեր է տալիս եւ «Հրեշտակը», որը նման է սովորական գործակալի (Յակոբեան Մարինա)…
Հետաքրքիր են Պօղոսեան Սերվետի «Մարտի 1», «Ժամանակի հանգոյց» եւ «Փակուած ճանապարհ»ը (2015)։ 2008-ի Մարտի 1-ի արիւնալի իրադարձութիւնները ուղղակի դաջուել են անկախութեան տարիների հայաստանցու գիտակցութեան մէջ եւ գտել նկարչի վրձնի տակ իր կրաֆիքական լուծումը։ Երբ ասում ենք «փակուած ճանապարհ», ապա դա անդրադարձ է թաւշեայ յեղափոխութեան միջոցներից մէկին, սակայն մինչեւ յեղափոխութիւն այդ հասկացութիւնը նկարագրում էր մեր երկրի անելանելի վիճակը։ Իսկ վերջին իրադարձութիւնները տեղ գտան միայն Գուլիկեան Գեղամի «Քայլ արա» նկարի մէջ։ Եւ կրկին «Հրեշտակ»՝ Սարգսեան Ռաֆօ, «Յիշողութիւն» (Գէորգ Մշեցի), «Կեանքի ծառ» (Շահինեան Մհեր), «Կենաց ծառ» (Փարեմուզեան Մարգարիտ), «Սերունդներ» (Ազատեան Լիլիթ)… Այդ շարքից առանձնանում է Վանանդ Շիրազի (Յովհաննէս Շիրազի որդու) «Տատը»։
Եւ ի հարկէ, կնոջ մարմինը քանդակի մէջ (Ասլանեան Արամ), իսկ բնապատկերները՝ նկարների մէջ՝ «Սարի թաղ» (Բիչախչեան Երուանդ), Զարգարեան Գայանէ՝ «Պատուհանից դուրս», Գնունի Գոհարի՝ «Կոնդ»-ը, Գալստեան Կարինէի «Կոնդ»ը, Յարութիւնեան Սիլվայի «Տանիքները»՝ չոր ասեղ տեխնիկայով։
Եւ ինչպէ՞ս անցնեմ ու չնշեմ Սաֆարեան Ամբիկի «Ինքնաքանդակ»-ը, Գասպարեան Յովհաննէսի «Սպասում»ն ու «Ադուրիս»ը, Պալեան Տիգրանի «Փողոցային երաժիշտ»ն ու «Ճանապարհորդ ցլիկը», Առաքելեան Արմէնի «Պայքար»ը եւ յանկարծ… այդ «Եւա»ն՝ Յարութիւնեան Գագիկի. պէտք է բոլորին անխտիր անդրադառնալ։ Կարծեմ քաթալոկ պիտի կազմուէր, թէ չէ ինչպէ՞ս կարելի է այս նմոյշների գոնէ ցուցակը չունենալ…