dzovinarlok@gmail.com
Յուլիսի 8-ին մեկնարկեց 15-րդ միջազգային կինօփառատօն «Ոսկէ ծիրան»-ը։ Վարդավառով հանդերձ։ Այս անգամ ջրով մկրտուեցին բոլորը անխտիր. շարքային քաղաքացիներից մինչեւ բարձրաստիճան պաշտօնեաներն ու ոստիկանները։ Նոր Հայաստանում խտրականութիւն այլեւ չկայ։ Օրէնքի եւ ջրոցիի առաջ բոլորը հաւասար են (վարդավառին մենք ասում ենք նաեւ ջրոցի)։
Այժմ անդրադառնանք փառատօնի մեկնարկին։ «Մոսկուա» կինօթատրոնում ցուցադրուեց բացման ֆիլմը, որն էր Ռոպէր Կետիկեանի «Առանձնատուն»-ը («La villa»)։
Տարիներ առաջ հայ հասարակութիւնը ծանօթացաւ Կետիկեանի կինոյի հետ։ Սովորական ֆիլմեր չէին։ Երեկուայ ֆիլմից էլ հանդիսատեսները դուրս էին գալիս։ Եւ դա նշանակում էր, որ դա նրանց սպասուած կինօն չէր։ Որովհետեւ Կետիկեանը պատմութիւններ չի պատմում։ Նա մտորում է, եւ ստեղծել իր մտորումների կինօն։ Ընդունակ են միայն շատ մեծ արուեստագէտներ, ինչպիսին է նաեւ Կետիկեանը։ Նա ծնուել է 1953-ին Մարսելում։ Մայրը գերմանացի է, իսկ հայրը՝ հայ, բայց Կետիկեանը (Robert Guediguian) ֆրանսիացի ռեժիսոր է։ Իր ֆիլմերի համար նա ընտրել է դերասանական կազմ, որն անփոփոխ է, ինչպէս դա լինում է թատրոնում։ Կազմի մէջ է նաեւ նրա կինը՝ Արիան Ասկարիդը։ 2015-ին Կետիկեանը գլխաւորեց «Ոսկէ ծիրան»-ի «խաղարկային ֆիլմերի միջազգային մրցոյթի» ժիւրին, եւ այդ տարի ցուցադրուեց նրա «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը։ Իսկ այս տարի նա Քաննի կինօփառատօնի ժիւրիի կազմում էր։
«Առանձնատունը» ցուցադրուել է Վենետիկի կինօփառատօնում, Թորոնթոյի, որտեղ ճանաչուել է որպէս լաւագոյն ֆիլմ։ Պատմել ֆիլմը անհնար է, որովհետեւ այն ոչ միայն նայում ես, այլ զգում ես, քայլելով Մարսելի մօտակայքում գտնուող այս ծովախորշում։ Զգում ես արեւը, ծովի շնչառութիւնը, փողոցներն ու տները։ Առանձնատունը, ուր մէկտեղուեցին հիւանդ հօր շուրջ նրա զաւակները (երկու եղբայր եւ մէկ քոյր), որոնք անցել էին իրենց կեանքի ճանապարհը… Ճիշդ թէ սխալ էին անցել, ի՞նչ էին կորցրել եւ ի՞նչ հասկացել… Մի պահ մենք տեսնում ենք մահճակալում պառկած տարեց զոյգ. նրանք այնքան էին սիրում միմեանց, որ որոշեցին միասին կեանքից հեռանալ։ Որքան էլ դա տարօրինակ չթուայ, բայց այդ դրուագը կեանքի կոչեց մնացածներին։ Նրանք անտառում գտան երեք անտէր արաբ երեխաներ (երկու եղբայր եւ մէկ քոյր) եւ բերեցին նրանց տուն։ Ի՞նչ կը լինի այդ երեխաների հետ, եթէ նրանց գտնեն պատկան մարմինները. գուցէ նրանց յետ ուղարկեն, որտեղից փախել էին ծնողների հետ, գուցէ որբանոց յանձնուեն… Ֆիլմը հոյակապ է աւարտւում. բոլորը բացականչում են անուններ, որպէսզի լսեն արձագանգը։ Նաեւ երեք արաբ երեխաները։ Ինչ ճիշդ է. միշտ լսելի պիտի լինեն արձագանգները։
Եւրոպա ներգաղթող արաբների հոսքը փոխում է եւրոպացիների կեանքը, այդ նիւթը ներթափանցում է բազմաթիւ ֆիլմերում։ Սակայն կարծում եմ ամենահզօրը դա վաւերագրական կինոյի մեծագոյն ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Ծովը կրակի մէջ» (2016) ֆիլմն է, որն արժանացել է «Օսքար» եւ Եւրոպական կինօակադեմիայի մրցանակների որպէս լաւագոյն վաւերագրական ֆիլմ։ Փախստականները Աֆրիկա մայրցամաքից խարխուլ մակոյկներով Միջերկրային ծովով փախնում են դէպի Սիցիլիայի մօտ գտնուող Լամպեդուզա կղզի, որը հանդէս է գալիս որպէս Եւրոմիութեան մուտք։ Յայտնի է նրանց թիւը՝ 400,000, որոնցից 15,000 զոհուել են ճանապարհին։ Ֆիլմում տեսնում ենք ջրազրկութիւնից եւ նաւամբարի տոթից կիսամեռ մարդկանց եւ լսում ենք նրանց անելանելի վիճակի մասին. պատերազմ, փախուստ, անապատ, որտեղ ջրի բացակայութիւնից ստիպուած էին իրենց մէզը խմել… Այնուհետեւ Լիբիայի բանտը, որտեղ փախստականները մատնուած էին սովի եւ ծեծի…
«Ոսկէ ծիրանը» միշտ ռեժիսոր- աստղեր է հրաւիրում, եւ այս տարուայ հիւրերից են իտալացի վաւերագիր Ջանֆրանկո Ռոզին, ավստրիացի Ուլրիխ Զայդլը, ամերիկացի Դարեն Արոնոֆսկին, վերջապէս, աշխարհահռչակ իրանական ռեժիսոր, երկու անգամ «Օսքար» մրցանակի արժանացած Ասղար Ֆարհադին, որը գլխաւորում է «Ոսկէ ծիրան» 2018-ի խաղարկային ֆիլմերի ժիւրին։