dzovinarlok@gmail.com
3տարի առաջ այս օրերին ունեցանք քաղաքացիական շարժում, որը մտաւ պատմութեան մէջ որպէս «Էլեկտրիկ Երեւան» (Electric Erevan)։ Հերթական անգամ իշխանութիւնը ձեռքը էր գցել քաղաքացու գրպանը, բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով։ Երիտասարդները, համախմբուած «Ոտքի, Հայաստան» եւ «Ո՛չ թալանին» նախաձեռնութիւնների շուրջ, ընդվզեցին։ Օր ու գիշեր ցոյցեր- նստացոյցներ արեցին Բաղրամեան պողոտայում։ Իրավիճակը չափազանց լարուած էր, քանզի հակամարտող կողմերը անհաւասար էին։ Ցուցարարները խաղաղ էին եւ ապշեցնում էին իրենց քաղաքակիրթ պահուածքով, մինչդեռ ոստիկանական խմբերը, որոնք սպասարկում էին իշխանութեան շահերը, բռնութիւններ էին կիրառում։ Սկզբից ջրցանով փորձեցին ցրել երիտասարդներին։ Ծիծաղելի էր, որովհետեւ երիտասարդները հայազգի սերուցքն էին եւ սպասում էին այս պահին գուցէ 1,000 տարի ի վեր։ Նրանք ընդվզել էին ոչ թէ յանուն այս 6-7 դրամի համար, այլ ընդհանրապէս ապօրինութեան դէմ, որը թոյլ էր տալիս իրեն իշխանութիւնը։ Նախագահը լեգիտիմ չէր (օրինական էր). նա ընտրուել էր ընտրակեղծիքների շնորհիւ։ Երիտասարդները դեռեւս դուրս չէին եկել իշխանութեան դէմ։ Դուրս էին եկել նրանց գրպանահատութեան դէմ։
Շատ հանրահաւաքներ էինք տեսել, որոնք կազմակերպուած էին լինում ընդդիմադիր կուսակցութիւնների կողմից, սակայն այդ հաւաքները միշտ պարունակում էին իրենց մէջ դժգոհութիւն։ Ժողովրդի սպասումները խաբուած եւ հիասթափուած էին մնում։ Իսկ 2015-ի Յունիս-Յուլիս ամիսների ընդվզման մէջ չկար դժգոհութիւն եւ խռովութիւն։ Որովհետեւ խաբւում եւ հիասթափւում ես, երբ ինչ-որ բան ես սպասում։ Իսկ եթէ դա քո ընտրած նախագահը չէ, ապա հիասթափութիւն էլ չկար։ Ցասում էլ չկայ։ Այս գրութեան վերնագիրը «Ցասման մէջ ես համբերատար եմ» բելգիացի աշխարհահռչակ գրող Ժորժ Սիմենոնի վէպերի գլխաւոր հերոս՝ ոստիկանութեան կոմիսար Մեգրեի խօսքն է, որը ես յիշեցի «Էլիկտրիկ Երեւանի» առիթով։ Բայց ի տարբերութիւն Մեգրէի մեր երիտասարդները ցասում չունէին։ Միայն իմաստութիւն, որը ապշեցրեց աւագ սերնդի հայաստանցիներին։ Որտեղի՞ց այս իմաստութիւնը։ Ի հարկէ դարերից եկած իմաստութիւն էր։ Եւ ագահութեամբ տարուած իշխանաւորներին վախեցրեց երիտասարդների բարոյական այս բարձր մակարդակը։ Մի ուժ, որը մարդու ներսում է, այլ ոչ թէ դրամատներում՝ միլիառների տեսքով։ Իմ կարծիքով կատարուեց հետեւեալը։ Երեք նախագահների օրով տեղի ունեցաւ թալան, որովհետեւ Սովետական Միութիւնից մի աւանդութիւն էր մնացել. պետական պաշտօնը պետութեանը ծառայելու աթոռ չէր, այլ անձնական հարստացման գործիք։ Սովետական Միութեան փլուզումից յետոյ մենք ունեցանք մութ ու խաւար տարիներ։ Կինոյի մէջ դա մթութեան պաուզան է, որին յաջորդում է հետեւեալ կադրը։ Երբ իշխանութեան եկան մեր անկախութեան սերնդի երիտասարդները, նրանք մերժեցին ոչ միայն ռեժիմը, այլ նաեւ աւագ սերնդի փորձառու եւ բանիմաց փրոֆեսիոնալներին։ Սա խիստ հիասթափութիւն առաջացրեց նրանց մէջ, լինի դա քաղաքական գործիչ կամ այլ ոլորտի փայլուն մասնագէտ։ Սակայն իրավիճակի տէրը դարձան յեղափոխականները, իսկ տարիներ շարունակ տեւացող քննադատութիւնն ու պայքարը խօսքից այն կողմ չքայլեցին եւ արդիւնքի չբերեցին։
Այժմ վերլուծաբաններն եւ փորձագէտները, քաղաքագէտներն ու քաղաքական գործիչները կրկին մեկնաբանում են արդէն ներկայիս երիտասարդ կառավարութեան գործողութիւնները։ Շատերը գտնում են, որ յանցագործութիւնների դէմ ձեռնարկած պայքարի համար չի բաւականացնի աշխատակիցների համապատասխան քանակը։
Հայաստանի պետական գանձարանը վերականգնելու, գողերին բռնելու եւ պատժելու, տնտեսութիւնը ստուերից հանելու սրբազան գործին լծուել են ՊԵԿ–ն (Պետական Եկամուտների Կոմիտէ), ՀՔԾ-ը (Յատուկ Քննչական Ծառայութիւն), ԱԱԾ-ը։
ԱԱԾ-ը գլխաւորեց Արթուր Վանեցեանը։ Փայլուն կերպով է ԱԱԾ-ն իրականացնում կաշառակերութեան եւ յանցագործութեան հետ պայքարը։ Իսկ քանի որ երկիրը ամբողջովին ղեկավարւում էր յանցաւոր խմբով, ապա դժուար չէ գտնել յանցագործներին։ Նրանք հանրութեան աչքի առաջ ահռելի առանձնատներ են կառուցել. դատարկ, անմարդաբնակ, ինչպէս Հիւսիսային պողոտան, որի կառուցման պատճառով հարիւրաւոր մարդիկ զրկուեցին իրենց տներից եւ դիմեցին եւրոդատարաններ։ Իշխանաւորների գոյատեւելը, ուտելը,չկշտանալը, գումարած պաշտօնավարումը դարձել էին վտանգաւոր Հայաստանի Հանրապետութեան համար։ Սա է պատճառը, որ նրանց յանցանքների բացայայտմամբ զբաղւում է ԱԱԾ-ն՝ Վանեցեանի ղեկավարութեամբ։ Սովետական շրջանում ԱԱԾ-ը կոչւում էր Պետական Անվտանգութեան Կոմիտէ, որն աւելի յայտնի էր իր ռուսերէն տարբերակով՝ ԿԳԲ։ Կոմիտէն զբաղւում էր երկրի ներսում թշնամիներ որոնելով եւ թոյլ չտալով, որպէսզի սովետալամ քաղաքացին Աստուած մի առ ասցէ, շփուէր Սովետական Միութիւնից դուրս որեւէ մի արտասահմանցու հետ։ Իսկ մինչ այսօր ԱԱԾ-ը զբաղուած էր քաղաքական հակառակորդների վնասազերծմամբ։
Բացի ԱԱԾ-ից ունենք Պետական Վերահսկողութեան Ծառայութիւն, որը գլխաւորում է Դաւիդ Սանասարեանը։ Այդ կառոյցը սկսել է ստուգումներ նախարարութիւններում։ Առաջինը՝ պաշտպանութեան նախարարութիւնում։
«Եթէ խախտումներ, չարաշահումներ, կաշառակերութիւն չլինէր, մենք հիմա կ՚ունենային տարբեր երկիր եւ չէր լինի յեղափոխութիւն։ Իսկ հիմա մենք պիտի մաքրենք ՊՆ-ը։ Սա սիւռեալիզմի ժանրից է, բայց այսօր նախարարները իրենք են խնդրում, որ մենք ստուգենք իրենց նախարարութիւնը»,- ասում է Դաւիդ Սանասարեանը։
Իր ֆեյսբուկեան էջում Դաւիդ Սանասարեանը գրում է.
«Այսօր էթիկայի յանձնաժողով ներկայացրեցի պաշտօնատար անձի պաշտօնը ստանձնելու յայտարարագիր, որտեղ իմ ունեցուածքի, դրամական եւ այլ միջոցների դիմաց գրուել է, որ ոչ մի բան չունեմ, ոչ դրամական, ոչ սեփականութիւն։
Ես իմ օրինակով ցոյց կու տամ, որ պաշտօնատար անձը չպէտք է հարստանայ ժողովրդի հաշուին, ու իմ հաշուին կ՚աւելանայ միայն աշխատավարձը։
Պետական բարձրագոյն պաշտօնը խոպան չի, որ գանք ու հարստանանք, սա պետութեանն ու քաղաքացուն ծառայելու սուրբ առաքելութիւն է։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետութեանը, սիրում եմ բոլորիդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ եւ հայութիւն»։
Այո՛, ապրում ենք անհաւատալի ժամանակներ։ Աստուած համբուրեց հայ ժողովրդի ճակատը։ Չկայ աւելի մեծ սեփականութիւն, քան սեփական երկիր, պետութիւն ունենալը, մայրենի լեզուով խօսել եւ մտածելը։ Վերջապէս իշխանութեան գլուխ եկան այս պարզ ճշմարտութիւնը գիտակցողները։
Այս լուսանկարը դարձաւ «Էլեկտրիկ Երեւան» շարժման խորհրդանիշը։ Երեք տարի անց միայն իմացայ, որ ջրցանի դէմյանդիման կանգնածը այս համակրելի երիտասարդ յեղափոխական Կարօ Ղուկասեանն էր։