dzovinarlok@gmail.com
Հայաստանի լուրերը այլեւս կանանց համար չեն, որովհետեւ առանց հայհոյանքի կարդալ հնարաւոր չէ. գողացան, մսխեցին, կերան, գրպանեցին… 30 ընկերութիւններ կան, որոնք զբաղւում են ոսկու հանքարդիւնաբերութեամբ, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում։ Ոսկու հանքերից տոննաներով ոսկի են տանում եւ արդիւնքում ահռելի գումարներ են ծվարում անհատների գրպաններում եւ դրամատների հաշիւների վրայ։ Եւ այդ ոսկի լափողների ֆոնին ողջ Հայաստանն ու Արցախը ուտում էր սահմանում կանգնած զինուորի հացը։ Միայն զինուորը չէր ուտում։ Անօթի ու ծարաւ։ Հացի ու փամփուշտի կարօտ…
Յեղափոխութեան յաղթանակի հրճուանքի շրջանը մնաց հայոց պատմութեան ոսկի էջերում։ Այժմ սկսուեց բացայայտումների շրջանը, որն ուղեկցւում է աներեւակայելի սթրեսով։ Քանի որ պետութիւնը ծայրից ծայր զբաղուած էր գողութեամբ, այսինքն դա գողապետութիւն էր, ապա պէտք է ինչ-որ մի ծայրից սկսել, քանզի որտեղ մատդ դնում ես, իսկոյն բացւում է թալանի ահաւոր պատկեր։ Որտեղ կար փող, այնտեղ կար գողութիւն եւ մսխում։ Այո, ճիշդ նկատեց Մայսիս 24-ի կառավարութեան նիստին վարչապետ Նիկոլ Փաշնեանը.
«Մենք փող ունենք, պարզապէս այդ փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի»։
Քաղաքական կամք ասուածը դա այն իրաւական կախարդական փայտիկն է, որը վերադարձնում է պետական բիւջէ իրեն պատկանող գումարները։
Նախորդ թիւի մէջ սկսեցի պատմել ԱԺ-ի պատգամաւոր, Երկրապահ Կամաւոր Միութեան նախագահ, Արցախի հերոս Մանուէլ Գրիգորեանի մասին, որը իրականում հրէշաւոր մարդասպան է, 24 տարի շարունակ ստրկութեան մէջ է պահել Արմաւիրի մարզի բնակիչներին, հալածելով նրանց, զէնքի ուժով զրկել շատ-շատերին գոյքից… Նրա ձերբակալութիւնից յետոյ վախը փարատուեց եւ մէկը միւսի հետեւից բոլորը սկսեցին անկեղծանալ եւ պատմել նրա յանցանքների մասին։ Համացանցում դրւում էին տեսանիւթեր պարանոցին շղթայ գցած մարդու, որին որպէս պատիժ իր նկուղում էր պահում Մանուելը։ Յայտնուեց նաեւ տեսագրութիւն կախաղան հանած զինուորի, որին կախել էին Մանուէլի հրամանով։ Այս ամէնը դիմանալու բան չէր։Գողութիւնը, ջեպկիրութիւնը դա ոչինչ էր Մանուէլի միւս յանցանքների համեմատ։ Այս բնութեանը անյայտ կենդանու ապրած ամէն վայրկեանը յանցագործութիւն էր եղել։ Որպէս մի ցայտուն օրինակ բերեմ Աւետիս Սադոյեանի վկայութիւնը՝ իր ֆեյսբուկեան էջում նա պատմեց մի դէպք.
-Մանուէլը եղել է մարդասպան, որի զոհերը իր ընկերներն էին։ Ընկերներից մէկն ասել է. «Մարդ սպաննելը դժուար է», Մանուէլն էլ թէ «Չէ», ընկերը պնդել է, Մամվելն էլ թէ «Տես, հիմա հանում եմ ատրճանակս ու կրակում ճակատիդ, դրանից էլ հեշտ բան՞։ Ու տեղում սպանել է ընկերոջը։ Մէկ տարի անց էլ ստիպել է հարազատներին գալ Նազիկի ու իր հարսանիքին, պարել եւ Նազիկի ձեռքին թանկարժէք մատանին դնելով շնորհաւորել Մանուէլին։
Մանուել Գրիգորեանի պաշտպանը յայտարարեց, որ իր պաշտպանեալն ունի հիւանդութիւններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Բայց մի՞թէ Մանուել Գրիգորեանի ֆենոմենը համատեղելի էր հայ ազգի հետ։ Կարծում եմ, որ բացայայտումները սկսուեցին այս «հերոսից», որովհետեւ նա ոչ միայն ՀՀԿ-ն խմբակցութեան անդամ էր, այլ փաստացի ներկայացնում էր հանրապետական կուսակցութեան իրական հրէշաւոր դէմքը։ ՀՀԿ-ի խորհրդանիշն էր։
Ի սկզբանէ վարչապետը յայտարարեց, որ վենդետա չի լինելու։ Շատ բարեկիրթ ազդանշան էր։ Այսինքն վարչապետն ազդարարեց, որ հիմա սկսուելու մաքրութեան գործընթաց եւ դա պէտք չէ ընկալել որպէս հաշուեյարդար։ Երկրում տիրում էր թալան, որովհետեւ տիրում էր անպատժէլիութիւն։ Մամուլում ուշագրաւ մի վերլուծութիւն էր կատարուել «Գողացուածի չափը յայտնի է՝ շուրջ 30 միլիարդ տոլար» վերնագրով(1in.am), որում մասնաւորապէս ասւում էր. «2013-ին Ազգային Ժողուում ներկայացնելով 2012-ի զեկոյցը, այն ժամանակ վերահսկիչ պալատի նախագահ, այսօր Ծառուկեան դաշինքի պատգամաւոր Իշխան Զաքարեանը յայտարարեց, որ ռիսկային է գնահատուել կամ, որ նոյնն է՝ մսխուել է բիւջետային ծախսերի 70 տոկոսը»։
Զեկոյցից յետոյ նա հրաւիրուեց նախագահական նստավայր եւ Սերժ Սարգսեանը նրա հետ ունեցաւ կոշտ զրոյց։Այսպիսով հարցը փակուեց։ Արդիւնքում ստացւում էր, որ 20 տարուայ ընթացքում հնարաւոր էր մսխել մօտաւորապէս 30 միլիարդ տոլար։
Շատ կարեւոր է հասկանալ հետեւեալը. պէտք չէ մտածել, որ մինչեւ հիմա մարդիկ վատն էին, իսկ նրանց փոխարէն եկան լաւ մարդիկ։ Մարդիկ միշտ էլ կլինել լաւ եւ վատ. դա անուղղելի է։ Պարզապէս այսուհետ պետբիւդչէն մսխելը, պետական գումարները գրպանելը, հարկեր չմուծելը պատժելի են դառնալու եւ ունեւոր, բայց հարկ չմուծող, անպատիժ լինելը շահաւէտ չի լինելու։ Մեր երկրում գործից չազատուեցին ոստիկանները, փոխուեց նրանց վարքը. այսուհետ նրանք ժողովրդի թշնամիները չեն, որովհետեւ այսուհետ պաշտպանելու են ոչ թէ իշխանաւորներին, այլ օրէնքը. դա չի նսեմացնի ո՛չ ոստիկանին, ո՛չ էլ քաղաքացուն։
Այսօր ապրում ենք գերյագեցած տեղեկատուական պայմաններում։ Հայերը՝ առաւել, քան աշխարհի որեւէ մի ուրիշ ժողովուրդ։