ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Համբարձման չորեքշաբթի օրը հայ կանայք «Ծաղկամօր հուքմի», «Ծաղկամօր կիրակի» էին պահում։ Պահում էին նրանք այդ պասը, որպէսզի իրենց մանչերը ծաղիկ կամ կարմրուկ հիւանդութեամբ չվարակուէին։ Եւ ուրեմն ո՞վ էր այդ Ծաղկամայրը եւ ինչո՞ւ էր նա պաշտպանում ծաղիկ հիւանդութիւնից։
Աւանդութիւնը Ծաղկամօրը նմանեցնում է Վարվառէ կոյսին, ում մասին տեղեկութիւնները հակասական են ոմանք ընդունում են նրա գոյութիւնը, ոմանք այն առասպել են համարում։
Վարվառան ապրել էր հռոմէական Մաքսիմիանոս կայսեր օրօք։ Նրա հայրը կռապաշտ էր, ապրում էր Հելիոպոլիս քաղաքում, տեղի յայտնի հարուստներից էր, անունը՝ Դիոսկորոս։
Դիոսկորոսը բարձրաշէն աշտարակներով ապարանք է կառուցել տալիս իր դստեր համար, որպէսզի նրա չքնաղ գեղեցկութիւնը ոչ մի մահկանացու չկարողանայ տեսնել, բացի, ի հարկէ, ծառաներից։
Վարվառան բարձունքից նայում էր աշխարհին, երկնքին ու երկրին եւ զմայլւում այդ գեղեցկութեամբ։ Մի օր նա հարցնում է իր նաժիշտներին, թէ ով է այս ամէնն արարել, եւ ծառաները պատասխանում են՝ աստուածները, քո հօր ոսկեձոյլ, բրոնզաձոյլ ու քարակերտ աստուածները։
Բայց Վարվառան չի հաւատում, որ մարդու կողմից բարձրացուած արձաններն ունակ էին ինչ-որ բան արարել։ Եւ օր մը լսելով քրիստոնեաների քարոզը, տեղում մկրտուում է։ Մէկ այլ տեսակէտի համաձայն՝ Վարվառան, խորհելով արարուած աշխարհի մասին, ընկալում է Արարչի գաղափարը ու Սուրբ Հոգու միջոցով ուսանում քրիստոնեական հաւատը։
Ինչեւէ, այդուհետ նա պատուիրում է իր սենյակի երկու պատուհանների կողքին աւելացնել երրորդը եւ պատին խաչ պատկերել։ Երբ նրա հեթանոս հայրը տեսնում է այդ, չարչարանքների է ենթարկում նրան։ Վարվառային յաջողւում է փախչել հօրից, եւ նա ապաստանում է լեռներում։
Սակայն Դիոսկորոսը բռնում է նրան, տուն բերում եւ ծեծի ենթարկում։ Աստծոյ զօրութեամբ նոյն գիշերը նրա վէրքերը ապաքինւում են։ Այդ ժամ Դիոսկորոսն ու դատաւորը նրան ստիպում են մերկ շրջել քաղաքով մէկ։ Սակայն ոչ մի հալածանք ի զօրու չէր տատանել Վարվառայի հաւատը։ Ի վերջոյ նրան մահապատժի են ենթարկում։ Շատ չանցած կայծակի հարուածից մահանում են նրա հայրն ու բիրտ դատաւորը։
Հայոց եկեղեցին Վարվառա կոյսի յիշատակութեան օրը նշում է Հոկտեմբերի 10-ին։
Բայց ժողովրդի մէջ ուրիշ աւանդութիւն էր տարածուած, ըստ որի՝ Վարվառէ կոյսը մի կռապաշտ իշխանի դուստր էր, ով քրիստոնեայ դառնալուց յետոյ իր հօր հալածանքներից խուսափելու համար Արեւմտեան Հայաստանից փախչում է եւ գալիս ապաստանում Արա լերան քարայրներից մէկում։ Հայրը հետեւելով նրան, նոյնպէս հասնում է Արա լերան մօտ։ Տեղի հովիւները մատնում են Վարվառէի թաքստոցը։
Նահատակուելուց առաջ Վարվառան Աստծուց խնդրում է, որ ծաղիկ ու կարմրուկ ունեցող երեխաները իր անունով բժշկուեն։ Այդպէս էլ պատահում է եւ Վարվառէ կոյսը դառնում է Ծաղկամայր, ում կիրակին հայ մայրերը պահում են ամեն Համբարձման չորեքշաբթի։
Ասում են Վարվառային մատնած հովիւները տեղնուտեղը քարացել էին։ Մինչ օրս նրանք այդպէս քարացած կանգնած են Արա լերան լանջին։ Թէ Արա լեռ բարձրանալիս լինէք, հարցրէք տեղացիներին, եւ նրանք ձեզ ցոյց կտան այդ քարերը։
Հետագայում լերան լանջին ապաստանած Վարվառայի թաքստոց-քարայրը վերածւում է մատուռի, ուր մարդիկ գալիս, մոմ են վառում, աղօթում եւ բժշկւում։
Սակայն Ծաղկամօր գաղտնիքները այստեղ չեն աւարտուում։ Նա նաեւ Վիճակի Արուսն է, Ծաղկամայր տիկնիկը, ում ժպիտը կարծես թէ աւելի հեռու ժամանակներից է գալիս։
Ծաղիկը կոյս աղջիկ էր։ Իշխաններից մէկը հաւանում է նրան եւ կամենում բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը փախչում է Արա լեռ։ Լերան ստորոտում նա մի հովիւի է հանդիպում եւ խնդրում չմատնել իր տեղը։
Իշխանը հասնելով լեռ, սպառնում է հովիւին եւ վերջինս մատնում է Ծաղկի թաքնուելու տեղը։ Ծաղիկը բարձրանում է ժայռը եւ վայր նետում իրեն։ Մատնիչ հովիւն ու նրա ոչխարները տեղում քարանում են։
Լերան վրայ մատուռ է կառուցւում եւ Ծաղկի անունով Ծաղկեվանք կոչւում։ Մատուռի կտուրից ջուր է կաթում, ասում են՝ Ծաղկի արցունքներն են եւ հաւատում, որ աչքի հիւանդութիւնների դարման են։
Ծաղկամայրը նաեւ ծաղիկ հիւանդութեան ոգին է, նա կարող է ինչպէս վնասել, այնպէս էլ ապաքինութիւն պարգեւել մարդուն։