Ամբողջ հայաշխարհը յուզող պատմական օրեր կ՚ապրուի Հայաստանի եւ յատկապէս ալ քաղաքամայր Երեւանի մէջ։ Հայ ժողովուրդը դէպի աւելի յուսալի օրեր երթալու համար առիթ մը համարած էր Սերժ Սարգսեանի հրաժարումը։ Այդ պայմաններու տակ, բովանդակ հայութեան ուշադրութիւնը ուղղուած էր 1 Մայիսին կայացող Ազգային ժողովի նիստին։ Այդ օր պատգամաւորները պիտի ընտրէին նոր վարչապետ, ու այդ պաշտօնին միակ թեկնածուն էր ժողովրդական շարժումի առաջնորդ Նիկոլ Փաշինեան։ Սակայն ի սպառ ելան բոլոր յոյսերը եւ Փաշինեան ստացաւ միայն 45 պատգամաւորներու աջակցութիւնը։ Վարչապետ նշանակուելու համար կը պակսէին ութը ձայներ։ Այժմ սահմանադրութեան ցուցմունքներու համաձայն 8 Մայիսին պիտի կայանայ վարչապետ ընտրելու երկրորդ նիստը։ Իսկ եթէ այս երկրորդ փուլն ալ ակնկալուած արդիւնքը չի տայ Հայաստան առաւելագոյն 45 օրերու ընթացքին պիտի երթայ Խորհրդարանի նոր ընտրութեան։ Այս հանգրուանի ընդդիմադիր շարժումի գլխաւոր մտահոգութիւնն է ներկայ օրէնքով կայանալիք ընտրութիւններու արդարութիւնը։ Իսկապէս ծայր աստիճան մտահոգիչ երեւոյթներ բոլորին համար։
Հայաստան անհնազանդութեան այս հրաշալի գործադրութիւնով համաշխարհային գետնի վրայ շատ բարձր գնահատուեցաւ, նոյնիսկ վայելեց բազմաթիւ երկիրներու հասարակութեան բարի նախանձը։ Իբրեւ այդ տրամադրութիւնը լաւագոյն նկարագրող յօդուած այս էջի վրայ տեղ կու տանք Յասմիկ Մարտիրեանի յօդուածին։
Քայլել Երեւանում
ՅԱՍՄԻԿ ԶԻՆԱԳՈՐԾ ՄԱՐՏԻՐԵԱՆ
Դուրս եմ գալիս փողոց ու զգում եմ, որ ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ սիրում են ինձ ու իրար։ Քայլում ու պատահաբար գցում եմ դիմացից անցող անցորդի պայուսակը, պտտուում եմ ներողութիւն խնդրելու՝ սպասելով, որ հիմա կոպիտ մի բան կը լսեմ, բայց փոխարէնն ինձ ժպտում ու առաջարկում են շոկոլատ ընկած պայուսակից, ընդ որում՝ ամենալաւը։ Գնում եմ մեթրօ, երկու ոտքերս չեն տեղաւորւում, կանգնում եմ մէկի վրայ, իսկ ձեռքերս մնում են օդում։ Քանի որ որեւէ տեղից չեմ բռնուել, քիչ է մնում ընկնեմ, բայց շուրջս եղած բոլոր մարդիկ պահում են ինձ ու ասում, որ իրենց ձեռքը բռնեմ։ Տեղ եմ հասնում ու յիշում եմ, որ մոռացել էի ջուր ու թաց անձեռոցիկ վերցնել։ Մի խանութ եմ մտում, որտեղ նախկինում երբեք չեմ եղել։ Վաճառողուհին՝ մուգ կարմիր մազերով ու կաթնագոյն շրթներկով մի կին, չնայած մենակ եմ, բայց հարցնում է. «Հը՜ն երեխէք, ուր հասա՞ք»։ Ժպտում եմ ու ասում, որ լաւ է լինելու, վճարում ու դուրս եմ գալիս։ Շատ բան ասելուց անյարմար եմ զգում, որովհետեւ երեկոյեան հանրահաւաքներին եմ միայն լինում։ Շարունակում եմ քայլել ու ճանապարհս կտրում մի չորսամեայ տղայ՝ դրօշը ձեռքին ու գոռում՝- մի-ա-ցէք, մի-ա-ցէք։ Մօտենում եմ, որ գրկեմ, դրօշը ձեռքից ընկնում է, բարկացած նայում է վրաս ու ասում. «Չգիտե՞ս, որ դրօշը չեն գցում»։ Կռանում է, որ ինքը վերցնի, ես աւելի արագ էի։ Դրօշը տալիս եմ իրեն, ներողութիւն խնդրում ու շարունակում քայլել։ Ապրիլն էս տարի սովորականից աւելի տաք էր, եւ ուսանողուհին, ով վաղ առաւօտից արեւի տակ մասնակցում էր դասադուլին, կորցնում է գիտակցութիւնը։ Մինչեւ հասցնում եմ մօտենալ օգնութիւն ցոյց տալու, աւելի մօտ կանգնած մարդիկ տանում նրան աւելի ստուերոտ տեղ, ուշքի բերում, ջուր ու քաղցրաւենիք տալիս։ Աղջիկը ոտքի է կանգնում, մի երկու րոպէ հանգստանում է, յետոյ նորից միանում է արեւի տակ պայքարող ընկերներին։ Մի քիչ քայլում եմ, տեսնում եմ դասընկերոջս՝ Վահէին, ասում եմ, որ էս երեկոյ չենք լինի հանրահաւաքի (մասնակցում ենք ընտանիքով, բարեկամներով ու ընկերներով)։
Գտայ խանութը, որտեղից պէտք է վերցնէի սպիտակ վերնաշապիկը, որը հագայ Երանիկի ու Սերկէի հարսանիքին։ Ես, Քնարն ու մօրաքոյրերիս տղերքը պարում ենք, իսկ դադարներին միանում Ազատութիւն TV-ի ուղիղ միացումներին։ Ամեն ինչ լաւ է ու, ինչպէս անցած բոլոր օրերին, մարդիկ աւելի շատ են, քան նախորդ օրը՝ կոկիկ են, հանդարտ ու գնում են տուն ժամը 22։30, իսկ մենք՝ մէկ ժամ անց։ Առաւօտեան արթնանում եմ էն ժամին, երբ սկսւում է Ազգային Ժողովի (ԱԺ) նիստը։ Իրականութիւնը փոխուեց, կամ մենք ուղիղ եթերով հետեւեցինք նախորդ տասը տարիներին մեր երկրում առկայ իրականութեանը։ իսթանպուլցի իմ բարեկամներն ու ծանօթները յաճախ կատակներ անում՝ իրենց «ինչպէս ես» հարցին, մեր՝ հայաստանցիներիս տուած «ոչինչ» պատասխանի մասին։ Գիտէ՞ք ինչ նկատի ունէինք. տասը տարի շարունակ, իշխանութիւնները դատարկում էին մեզ՝ խօսքի նիւթական ու բարոյական իմաստով։Մենք դատարկ էինք, մեր երկիրը՝ նոյնպէս։ Եւ դա էր մեր էդպիսի պատասխանի պատճառը։ Ի վերջոյ շատերիս՝ մեր դատարկութիւնն ու յուսալքութիւնն էր դրդում անբարոյ արարքների, օրինակ՝ ընտրակաշառք վերցնելու եւ անպատեհ հնազանդութեան։ Բայց գիտէ՞ք ինչն էր յատկապէս վրդովեցնող, էն որ ոչ ոք ծեր թոշակառուին չէր կարող մեղադրել ընտրակաշառք վերցնելու մէջ, որովհետեւ բաժանուող ընտրակաշառքը կազմում էր իրենց ամսական թոշակի 1/2-ը, ինչից, ի հարկէ, անտեղեակ Սփիւռքի մեր շատ յայտնի հայրենակիցներ, ովքեր փառլամենթական վերջին ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում Հայաստանից դուրս գտնուելով, յորդորում էին մեզ չվաճառել մեր ձայնը մի քանի հազար դրամով։ Չնայած պէտք է նշեմ, որ կոչեր անողներից շատերն այսօր արդէն այստեղ են՝ մեր կողքին։ Ինչեւէ…Իսկ հնազանդութիւնը որեւէ կերպ արդարացնել չէր կարող։ Չէ՞ որ տասը տարի առաջ նոյնպիսի շարժման շատ անդամները չվախեցան իշխանութիւն տենչող մոլագար մարդասպաններից, բանտերում յայտնուելուց, շինծու դատական գործերից, պառակտումներից, ներքին խռովութիւններից, անհամաձայնութիւններից ու պայքարեցին ամեն օր՝ տասը տարի շարունակ, ու էս պայքարի մասնակիցներից էր նաեւ այժմեան պայքարի առաջնորդ ու ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինեանը։ Ես, ցաւօք, ոչ յաճախ կարող էի ու կարող եմ ինձ մշտապէս պայքարող մէկը համարել, իսկ երբեմն կարող էի ու կարող եմ։ Ամէն դէպքում էս պայքարը մեզ բոլորիս էնքան բան սովորեցրեց ու էնքան բան է շարունակում սովորեցնել։ Բոլորս դարձանք առաջուայ պէս հանդուրժող, սկսեցինք պայքարել ու արդիւնքի հասնել ու նորից սկսեցինք սիրել իրար, եւ ինչպէս հոգեբաններն են ասում ՝ սիրել առանց պայմանական ընդունման։ Էնքան էինք տարուել Նիկոլի ու մեր շարունակական յաջողութիւններով, որ էսօր յոյս ունէինք, որ ԱԺ-ում մեծամասնութիւն կազմող մարդիկ նոյնպէս կը փոխուեն ու կ՚անեն մի բան, որը երբեք չեն արել՝ կը սկսեն սիրել ու լսել մեզ։ Ցաւօք, նման բան չեղաւ, փոխարէնը մեր ուղեղները մաքրագործուեցին մեծամասնական կուսակցութեան շատ պատգամաւորների ներսում վերջին տասը տարիների ընթացքում կուտակուած հոգեցուց ելոյթները լսելու արդիւնքում։ Յետոյ գլուխս սկսեց ցաւել, յետոյ սկսեցի գրել, իսկ հիմա ուզում եմ գնալ քնելու։ Վաղը նորից հանրահաւաքի պիտի գնանք (մասնակցում ենք ընտանիքով, բարեկամներով ու ընկերներով), իսկ երեկուայ հարսանիքից ու էսօրուայ նիստից յետոյ գոնէ մի երկու ժամ քնել է պէտք։