dzovinarlok@gmail.com
Մարդկանց կարելի է բաժանել տարբեր յատկանիշներով։ Տղամարդիկ բաժանւում են ըստ պաշտօնների։ Եւ որքան աւելի բարձր է լինում պաշտօնը, այնքան անհասանելի է դառնում տղամարդը, բայց Փետրուարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադէպը հանգեցրեց նաեւ այն եզրակացութեան, որ տղամարդուն պաշտօնը կարող է տմարդ դարձնել։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Քաղաքապետարանում ընդանում էր աւագանու հերթական նիստը, երբ Զարուհի Պոստանճեանի «Երկիր ծիրանի» կուսակցութեան Երեւանի աւագանու անդամները հագան բժշկական ձեռնոցներ եւ ծածկելով քիթ-բերանը դիմակներով, որոշեցին նիստի մասնակիցներին, մասնաւորապէս քաղաքապետ Տարօն Մարգարեանին հնարաւորութիւն տալ շնչել այն գարշելի օդը, որով շնչում են Նուպարաշեն համայնքի բնակիչները՝ Նուպարաշեն Քրեակատարողական հիմնարկի կալանաւորների հետ մէկտեղ, քանի որ կոյուղին վնասուած է եւ մարդիկ շնչում են գարշահոտ։ «Երկիր ծիրանի» խմբակցութեան անդամները 5 շիշ էին բերել կոյուղաջրի նմոյշով, սակայն նրանց վրայ յարձակուեցին եւ ողջ հայութիւնը շնորհիւ տեսագրութեան ականատես եղաւ, թէ ի՛նչ վայրենի ձեւով «վնասազերծեցին» ընդդիմադիր կուսակցութեան անդամներին ՀՀԿ- ն անդամները, յատկապէս Մարգարիտա Խաչատրեանին, ինչպէս ծեծկրտուքը վերջ տալու նպատակով կարատէ մարզաձեւի վարպետ Գոռ Վարդանեանը (որը զբաղեցնում է քաղաքապետարանում սպորտի, մշակոյթի եւ տուրիզմի խորհրդականի պաշտօնը) գրկեց կնոջը հետեւից եւ կոպիտ ձեւով դուրս շպրտեց նրան դահլիճից։ Երբ ամերիկահայերը իրենց հեռատեսիլով մեկնաբանում էին այս միջադէպը, մի տղամարդ, որին արցունքները խեղդում էին խօսելիս, ներողութիւն խնդրեց բոլոր հայ կանանցից բոլոր տղամարդկանց անունից։ Գիտենք, որ պաշտօնները փողով են առնւում, իսկ ընտրութիւնները կեղծւում են, բայց մեր ժամանակներում ամէն ինչ ներթափանցում է համացանց եւ երկրի ղեկավարները գոնէ թող փորձ անէն, ինչպէս դա արւում է թատրոնում, եւ հասկանան, որ պաշտօնեան ոչ միայն իր գրպանը պիտի լեցնի, այլ երկրի խնդիրներով զբաղուի։ Զարուհի Պոստանճեանը միջադէպից յետոյ իր ելոյթում սպառնաց, որ թունաւորելու է ղեկավարների կեանքը, որ կոնեակի եւ օծանելիքի բուրմունքի հետ մէկտեղ նրանք կը շնչեն նաեւ Նուպարաշենի գարշահոտը, եւ շուտով նրանք կը փոխարինեն Նուպարաշենում գտնուող քաղբանտարկեալներին, քանզի հենց նրանք են արտագաղթի հեղինակները, եօթ միլիառի հասնող արտաքին պարտքի հեղինակները…
Այժմ տեսնենք, թէ ինչ արտաքին ֆոնին տեղի ունեցաւ այս միջադէպը քաղաքապետարանում։
Փետրուարի 8-ին Պաքւում «Ենի Ատրպէյճան» կուսակցութեան նիստին նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ Երեւանը, Զանգեցուրը պատկանում են ատրպէյճանցիներին եւ նրանք պիտի վերադարձնեն իրենց հողերը։ Բառացիօրէն նա ասաց հետեւեալը.
«Երեւանը մեր պատմական հողն է եւ մենք պէտք է վերադառնանք մեր հողի վրայ։ Սա է մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակը եւ մենք պէտք է այդ նպատակին աստիճանաբար մօտենանք»։
Եւ ոչ միայն Երեւանը. նաեւ Զանգեզուրը, Սեւանը եւ Էրիվանի խանութեան նախկին հողերը, այսինքն Ատրպէյճանը յաւակնութիւններ ունի ներկայիս Հայաստանի տարածքի գրեթէ 80 %-ի վրայ։ ՀՀ –ն Արտաքին գործերի նախարարութիւնը սկզբից արձագանգեց ինչպէս կարձագանգէր հասարակ հայ մահկանացուն, որ դա ծիծաղելի է, իսկ յետոյ յայտարարեց հետեւեալը.
«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին Ատրպէյճանի (որն աշխարհի քաղաքական քարտէզում յայտնուել է միայն 100 տարի առաջ) նախագահի յայտարարութիւնները նորութիւն չեն։ Այս յայտարարութիւնները ի յաւելումն բազմաթիւ յայտարարութիւնների այն մասին, որ հայերը Ատրպէյճանի թիւ մէկ թշնամիներն են, հերթական անգամ ցոյց են տալիս Պաքուի իշխող ռեժիմի ռասիստական ինքնութիւնը»։
Ատրպէյճանի նախագահի առաջին հայեացքից զաւեշտական թուացող այս նախադասութիւնը ամենեւին էլ զաւեշտ չէ։ Ատրպէյճանի Արտաքին գործերի նախարարը ճշտեց, որ Ալիեւը չը յայտարարեց հողերի վերադարձի մասին, այլ ասեց։ Դա նշանակում է, որ պատերազմը յանուն հողերի վերադարձի դեռ չի սկսւում, այլ նրանք դեռ պատրաստւում են այդ պատերազմին։ «10-15 տարի կը տեւէ այդ պատրաստութիւնը,- մեկնաբանեց նաեւ Ռուսաստանում ատրպէյճանցիների ներկայացուցիչ Ճեմալը, -եւ ի վերջոյ ողջ Հայաստանը կը մտնի Ատրպէյճանի կազմի մէջ»։ Ահա այսպիսի արդէն ոչ թէ նախադասութիւն, այլ նոյնիսկ գաղափարախօսութիւն։
Դէ հիմա ծիծաղեցէք, որովհետեւ իսկական զաւեշտը դա Երեւանից արտագաղթելն է եւ արտագաղթած վայրից վայնասուն դնելն է նման յայտարարութիւնների առիթով։ Սակայն վերլուծաբաններից մէկը յիշեցրեց, որ պատմական ճշմարտութիւնը ուժով է հաստատւում, որովհետեւ աշխարհում գործում է ոչ թէ իրաւունքի ուժը, այլ ուժի իրաւունքը։