ՎԱՀՐԱՄ ՏԷՐ ՄԱԹԷՈՍԵԱՆ
Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ անցած 11 տարիները փոխեցին շատ ու շատ իրողութիւններ։ Պակաս կարեւոր չէր նաեւ այն հանգամանքը, որ փոխուեցին կամ վերահաստատուեցին նաեւ այդ ոճրագործութեան ու դատավարութեան վերաբերեալ հասարակական ընկալումները։ 11 տարի շարունակուող դատավարական ֆարսը անարգանք է առաջին հերթին նրա յիշատակի, ապա նաեւ Տինքի ընտանիքի, նրա ընկերների ու գաղափարակիցների հանդէպ։ Ինչպէս Թուրքիայի պատմութեան ընթացքում տեղի ունեցած նախորդ եւ յաջորդ աղմկայարոյց սպանութիւնները, Տինքի սպանութեան ամբողջական բացայայտումը եւս դժուար է պատկերացնել։ Մի շարք գործօններ ազդել ու շարունակելու է ազդել այս դատավարութեան վրայ։ Դատական համակարգի ամբողջական ենթարկումը գործադիր իշխանութեանը էլ աւելի անիրականանալի է դարձնում այս սպանութեան բազմակողմ բացայայտումը։ Ցաւօք, հետագայ տարիներին տեղի ունեցած գործընթացները եւս ցոյց տուեցին, որ լրագրողը Թուրքիայում շարունակում է մնալ վտանգուած մասնագիտութիւն։ Աւելին, Թուրքիան տարիներ ի վեր վստահօրէն գլխաւորում է ամենաշատ ազատազրկուած լրագրողներ ունեցող երկրների ցանկը։ Թուրքիայի ներքաղաքական փոփոխութիւնները, Էրտողանի բացարձակ իշխանութեան ընդլայնումն ու ամրապնդումը, ազատ խօսքի նկատմամբ իրականացուող հետապնդումները, արտակարգ ռեժիմի շարունակական բնոյթը էլ աւելի են խորացնում այդ փոքրաթիւ մարդկանց յուսահատութիւնը, որոնք երբեւէ յոյս են տածել այս դատավարութեան արդար ելքի նկատմամբ։
Այս ամենով հանդերձ, անցած 11 տարիների ընթացքում տեղի ունեցան նաեւ դրական զարգացումներ, որոնցից անշուշտ, ամենակարեւորը նրա հիմնադրած «Ակօս»ի անընդհատ լոյս ընծայումն է, ինչպէս նաեւ Հրանդ Տինքի հիմնադրամի հիմնադրումն ու լայնացուած գործունէութեան ծաւալումը։ Հիմնադրամի գործունէութեան դրական ազդեցութիւնը եւ կարեւոր հետագիծը մէկ բառով կամ հարցազրոյցով դժուար է ամփոփելը։ Նրա անունը կրող հիմնադրամը պատմութիւն է կերտում բոլորիս աչքի առաջ, ի հեճուկս չարակամների ու դժուարութիւնների, որոնք առկայ են Թուրքիայում։ Տինքի սպանութեան իւրաքանչիւր տարելից կրկին առիթ է գնահատելու նրա թողած ժառանգութիւնը եւ նրա անունը պատուով կրող հիմնադրամը նրա նպատակների ու կիսատ թողած երազների լաւագոյն շարունակութիւններից մէկն է։ Ես միշտ պատկառանքով եմ խօսում հիմնադրամի եւ նրա կատարած գործունէութեան մասին։ Այդ հիմնադրամը փոխեց նաեւ իրադարձութիւնների ընկալման գոյութիւն ունեցող պատկերացումները։ Այն կամրջում է առաջին հայեացքից այնքան հեռու թուացող գաղափարներ, նախաձեռնութիւններ ու մարդկանց, որ դրանով լիովին հաւատարիմ է մնում այն մտքին, որի մասին Հրանդ Տինքը մշտապէս խօսել է։ Տինքը ամենից յաճախ խօսում էր կամրջի ու երկխօսութեան կարեւոր դերերի մասին։ Նա լաւ գիտակցում էր մարդկային շփումների ու ապագայի անխուսափելիութեան անհրաժեշտութիւնը։ Նրա անունը կրող հիմնադրամը շարունակում են միս ու արիւն տալ նրա գաղափարներին, որոնք նա ուրուագծել էր գործունէութեան տարիներին։ Աւելին, Հրանդ Տինք հիմնադրամը շատ աւելին է անում, քան կարելի էր պատկերացնել 2007թ. Յունուարի 19-ին։ Անյուսալի ու անելանելի իրավիճակը հիմնադրամը թողեց անցեալում։ Հիմնադրամի պատերի ներսում այնքան ջերմութիւն ու նուիրուածութիւն կայ, որ իւրաքանչիւր նրա շեմը հատելիս ես հանգիստ շունչ եմ քաշում։ 2005թ. Մայիսին երբ «Ակօս»ի իր աշխատասենեակում առաջին անգամ հանդիպեցի Հրանդ Տինքին ապշեցի նրա ջերմութիւնից եւ հոսանքին դէմ քայլելու պատրաստակամութիւնից։ Նոյն տպաւորութիւնն առկայ է նաեւ այսօր, երբ մտնում եմ նրա անունը պատուով կրող հիմնադրամից ներս։
Ցաւալի է, որ այս դրական ու յաջողուած պատմութեան արարի կերտմանը զուգահեռ, Տինքի ընտանիքը եւ ընկերները շարունակում են պայքարել համակարգի դէմ, որն այնքան թոյն ու ատելութիւն է սերմանել անցած տարիների ընթացքում։ Անվերջ թուացող դատավարութիւնները, բողոքները, հայցերը, նոր ի յայտ եկող վկայութիւնները խօսում են այն բանի մասին, որ Տինքի սպանութեան հետեւում կանգնած ոճրագործների ցանցը շարունակում է անպատիժ մնալ ու դիմադրել։ Տինքի դատավարութիւնը ցոյց է տալիս թուրքական դատական համակարգի ամբողջ թշուառութիւնը, ինչպէս նաեւ կոռումպացուած ու քաղաքականացուած բնոյթը։