ԼԻԼԻԹ ԲԼԷԵԱՆ- Երեւան
Մենք կարիք ունէինք (եւ ունենք) մարդ-կամուրջների, որոնք իրենց ուսերի վրայ կը տանէին այնքա՛ն անհրաժեշտ ու այնքա՛ն փխրուն երկխօսութիւնը, յոյս կը տային, որ երբեւէ հնարաւոր կը լինի աւելի՚ ամրացնել կամուրջներն ու կառուցել արդէն աւելի լուրջ, ծանրակշիռ ու ամուր երկխօսութիւն։
2005 թուականին ցեղասպանութեան 90-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով էր Երեւանում։ Գիտաժողովի օրերին ծանօթացայ Հրանդ Տինքի ու Մուրատ Պելկէի հետ՝ երկու մարդ-կամուրջ՝ զարմանալի ամրութեան ու մեծ բովանդակութեան մարդիկ։ Պելկէն, մատնացոյց անելով Հրանդին, ասաց՝ տե՛ս, այս մարդն իր ուսերին է կրում հայ-թուրքական երկխօսութեան ողջ ծանրութիւնը։
Հրանդի հետ այնուհետեւ շփուելու առիթ ունեցայ արդէն դրանից երկու ամիս անց՝ իր աշխատասենեակում, երբ ամուսնուս հետ Իսթանպուլ էինք այցելել – առաջին ու միակ այցս Թուրքիա։ Հրանդի հետ ջերմ զրոյց «Ակօս»ի խմբագրութիւնում, իր հետագայ ծրագրերի քննարկումներ, Պելկէի հետ լուսաւոր, հետաքրքիր շփում Վոսփորի ափին. թւում էր՝ իրօք հնարաւոր է նորից սկսել ծանօթանալ հարեւան երկրի հետ ու փորձել գնալ այլ՝ քաղաքակիրթ երկխօսութեան, նոր կամուրջների կառուցման ճանապարհով։
Տինքի սպանութեան հետ այդ հսկայ կամուրջը փլուեց։ Թւում է՝ ի՞նչ կարող էր անել մէկ մարդը։ Ես հաւատում եմ հէնց մարդու անհատական ուժին, առաքելութեանը, հաւատում եմ, որ մէկ մարդը, ինչպէս եւ ընդամէնը այդ մէկ մարդու բացակայութիւնը, կարող է շատ բան փոխել։
Հրանդից յետոյ այդ վիհի վրայով նոր կամուրջներ այդպէս էլ չձգուեցին. դրա հաշուին այդ վիհը մի տեսակ աւելի խորն ու անանցանելի է սկսել թուալ։ Կարծում եմ՝ Հրանդը կ՚ուզէր, որ մենք գոնէ փորձէի՛նք մեր համեստ թելերը ձգել դէպի միւս կողմը՝ իւրաքանչիւրս մեր ափից, որ չմոռանայինք, թէ որքա՛ն կարեւոր է այդ երկխօսութիւնն այսօրուայ ու վաղուայ սերունդների համար, ու թէ ինչպէս կարող է մեն-մի մարդ դառնալ կամուրջ՝ ժողովուրդներին ու նրանց անջրպետող՝ ցաւի ու տրտմութեան հսկայ անդունդի վրայով։
Կարծում եմ՝ Հրանդը կ՚ուզէր անփոխարինելի չլինել։