Հայաստանի գրողներու միութեան միջազգային կապերու բաժնի վարիչ Հերմինէ Նաւասարդեան եւս մասնակցած էր Զահրատի մահուան տասնամեակին նուիրուած յիշատակման հանդէսին։ Ստորեւ կը ներկայացնենք այս առթիւ իր արտասանած զեկոյցը։
ՀԵՐՄԻՆԷ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
ԳԻՍԱՍՏՂԸ
Զահրատին
Աստղերը երկնքում չեն հանդիպում միմեանց,
լոյսն է հեռուից – հեռու պարուրում նրանց։
Գիսաստղերն են միայն՝ տիեզերքում ճամբորդ
հանդիպում երբեմն աստղերին ապրող։
Աստղը՝ ընկած երկրում քար է սովորական,
թռիչքի պահին՝ երազ իրական։
Օրն՝ այնտեղ դարեր, դարն՝ այստեղ օրեր,
մարդ – աստղ – տիեզերք – կարճ հանդիպումներ։
Կան բանաստեղծներ, որ աշխարհում իրենց աշխարհն են ստեղծում, կան բանաստեղծներ՝ իրենց հեռաւոր մոլորակը, բանաստեղծներ, որ երկրի վրայ իրենց եւ ուրիշների համար դրախտ կամ դժոխք են գտնում, կան բանաստեղծներ, որ կապում են երկիրն ու երկինքը։ Բանաստեղծներ էլ կան, որ լոյսի պէս են. գալիս են, մնում երկնոլորտում ու մշտապէս լոյս բխում առ Երկիր ու մարդիկ։ Այդպիսին է Զահրատը. «Նորանշան տիեզերք մը անհունին մէջ»։ Նրա բանաստեղծութիւնները «գիւտի մը վրայ հիմնուած են», ինչպէս ինքն էր ասում, գիւտարարի տեսանկիւնից էր նայում կեանքին ու սովորականի մէջ գտնում անսպասելին, յանկարծականը։ Ու բառերն էլ այդպէս յանկարծ ճառագում են նրա տողերում։ Նա ճանաչելի է դարձնում մարդուն, նրա ֆիզիկական ու հոգեւոր աշխարհը։ Արեւմտահայ գրականութեան մէջ նա թումանեանական աշխարհաստեղծման յետնորդն է։ Նրա բառերով շնչաւորւում են քարը, ծառը, երկիրը, երկինքը, ծովը, նաւը։ Թումանեանի «Աշխարհքին ու մարդկանց արեւի պէս նայէք» պատգամը կրողն է Զահրատը։
Բառը գրում է բանաստեղծին, գիրը վկայում։ Հրանդ Մաթէոսեանը Սարոյեանի «Ի՞նչ մտադրութեամբ սկսեցիր գրելէ հարցին պատասխանում է. «Երբ սկսեցի՝ ես վստահ էի, որ կեանքի ընթացքը շրջելու եմ»։ Ու շրջեց՝ իւրովի շարունակելով հայ գրականութեան մեծերի ընթացքը։ Այլ կերպ չէր լինի խորհրդային գաղափարախօսութեան ժամանակներում պահպանել մարդկային հոգու լոյսը։
«Ուզում եմ նոր մի հովիտ փռել եւ բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով… Շատ կ՚ուզենայի՝ որ իմ հովիտը մեծ ու արեւոտ լինէր, կ՚ուզենայի՝ որ նրա բնակիչները միայն լաւ մարդիկ լինէին եւ վատերի համար իմ հովտում տեղ չլինէր…»,- գրում է նա։ Ամէն ժամանակ իր գրականութիւնն է բխում։ Այդ նոյն ժամանակի արեւմտահայ գրականութեան ընթացքը զուգահեռողը Զահրատն էր։ Նա էլ իր աշխարհում լաւն է բնակեցնում.
Գացէք ըսէք չար բաներուն, որ չըլլան.
Որ չըլլայ թէ պատահին։
Նրա տողերը լուսաւորում են աշխարհի մութ անկիւնները՝ յայտնաբերելով բնութեան ու մարդկային էութեան գաղտնախորհուրդ գծերը։ Զահրատը շրջուեց դէպի մարդու ներաշխարհ, կարեւորելով արտաքուստ թուացեալ մեծից առաւել՝ փոքրը, բարձրաձայնից առաւել՝ լռակեացը, տեսանելիից առաւել՝ անտեսանելին ու միշտ գնալով դէպի լուսաւորը. «լոյս դառնալ եւ անհետիլ տիեզերքին մէջ ի սպառ», ինչպէս Թումանեանը.
Հուր եմ դառել, լոյս տուել,
Լոյս տալով եմ սպառուել։
Մեծարենցի, Դուրեանի, Վարուժանի, Սիամանթոյի մեծասքանչ լեզուն պիտի որ արեւի պէս լուսաւորի նրանց յետնորդների ուղին՝ բանաստեղծական սերմեր ցանելով, մէկի մէջ շատ, միւսի մէջ՝ քիչ։ Ահա, Զահրատի բանաստեղծական աշխարհն է, որ իր մեծ նախնիների հողում է փառաւորւում։ Եւ լուսարձակի պէս նրա լոյսը տարածւում է դէպի հայ գրականութեան անդաստաններ ու կաթիլ - կաթիլ հասնում համաշխարհային գրական ովկիանոսի ափեր։ Թող որ զահրատեան բանաստեղծութիւնների լոյսը յարատեւ լուսաւորի մարդկանց հոգիները։