dzovinarlok@gmail.com
- Ինչի մասին էր կինօն։
- Չեմ կարող պատմել։
Եւ իրօք կինօն ունի իր լեզուն եւ ոչ մի ուրիշ լեզուով հնարաւոր չէ պատմել այն, ինչ տեսնում ես կինոյում։ Անշուշտ եթէ դա լաւ կինօ է։ Իսկ խօսքը գնում էր «Մէկ ամրան խրոնիկա» վաւերագրական ֆիլմի մասին, նուիրուած ֆրանսիացի ռեժիսոր Ժան Ռուշի 100-ամեակին, որով բացուեց 3-րդ «Ծիրանի Ծառ» վաւերագրական ֆիլմերի միջազգային կինօփառատօնը, որն անցաւ 1-5 Հոկտեմբերին։ Այժմ պարզաբանեմ. կայ «Ոսկէ Ծիրան» փառատօն եւ կայ «Ծիրանի Ծառ» փառատօն, որն ընդամէնը երեք տարեկան է։ Անշուշտ այն ծնունդ է առել «Ոսկէ Ծիրան»-ից։ Վերջինս իր բովանդակութեամբ բազմաժանր է, ընդգրկում է եւ խաղարկային եւ վաւերագրական ֆիլմեր, բացի այդ ծրագրում կան հետաքրքրական հանդիպումներ աշխարհահռչակ դէմքերի հետ եւ տարբեր միջոցառումներ, ուստի հանդիսատեսը դժուար է կողմնորոշւում՝ ուր գնալ։ Ընտրելով որեւէ մի ֆիլմ, նա զոհաբերում է միւս տաս ֆիլմերը, իսկ «Ծիրանի Ծառ»-ը կենտրոնանում է միայն վաւերագրական ֆիլմերի վրայ, այն էլ արուած մարդաբանական եւ ազգագրական նիւթի վրայ։ Այս տարի 1650 ֆիլմերից ընտրուեցին ցուցադրութեան համար 30 ֆիլմեր 25 երկրներից։ Փառատօնի հիմնադիր եւ տնօրէն Գարեգին Զակոյեանը պատմեց, թէ ինչ սկզբունքով էին կատարում ընտրութիւնը.
«Նախ ֆիլմերը պիտի արուած լինեն արուեստի լեզուով։ Ինչ վերաբերւում է բովանդակութեանը, ապա մարդաբանութիւն ասուածը դա մեր կողմից խորամանկութիւն է, որովհետեւ բացի պատմական ֆիլմերից բոլոր վաւերագրական Ֆիլմերը մարդաբանական են, մարդու մասին են։ Այս 30 ֆիլմերը նման չեմ իրար։ Կան մաքուր էթնոգրաֆիկ ֆիլմեր։ Մեզ մօտ կինօն միշտ կապում են փողի հետ։ Բայց այսօր նոյնիսկ հեռախօսով կարելի է ֆիլմ նկարահանել։ Հայաստանից 6 ֆիլմ է ընտրուել, արուած երիտասարդների կողմից։ «Ոսկէ Ծիրան»-ը ունի արդէն իր կայացած ոճը եւ իրենց քաղաքականութեան մէջ վաւերագրական ֆիլմերը չեն զբաղեցնում գլխաւոր տեղը։ Այս փառատօնում գլխաւոր հերոսը վաւերագրութիւնն է»։
«Ծիրանի Ծառ»-ի առանձնայատկութիւնը նրանում էր, որ փառատօնը անցկացուեց Արագածոտնի մարզի Ուջան գիւղում։ Ուրեմն մենք էլ տեղափոխուեցինք Աշտարակից ոչ հեռու գտնուող Ուջան գիւղ։ Սիրուն կոկիկ մի գիւղ է, որի երկրաչափութիւնը գծագրում են ճերմակ ներկած գազի խողովակները, խաղողի վազերը եւ պտղատու ծառերը։ Այս գիւղի բնակիչների մեծ մասը կազմում են ներգաղթած սասունցիները։ Բայց արտագաղթից զերծ չմնաց նաեւ Ուջանը։ Ինչպէս յայտնի է Հայաստանից գաղթում են ոչ միայն ընտանիքներով, այլ նաեւ գիւղերով եւ ուջանցիների գաղթած տեղը Ֆրանսիայի Լիոն քաղաքն է։ Ուջանցիներից մէկը Մարտուն Ադոյեանն է, որը Լիոնին նախընտրեց…Երեւանը եւ դարձաւ ոչ միայն «Մոսկուա» կինօթատրոնի տնօրէն, այլ նաեւ փառատօնի գլխաւոր կազմակերպիչներից մէկը։ Այսպիսով ֆիլմերը ցուցադրւում էին զուգահեռ Երեւանի «Մոսկուա» կինօթատրոնում եւ Ուջանում՝ բացօթեայ։ Գիւղը ապրեց իսկական կինօտօն։ Փառատօնի ժիւրին եւ արտասահմանեան մասնակիցները հիւրընկալուեցին գիւղում. ապրեցին գիւղացիների տներում, կիսեցին նրանց հետ հացը։ Այցելեցին վանքերը։ Պարեցին ու երգեցին գիւղացիների հետ, յատկապէս սասունցիների պարերը…Փառատօնն ունեցաւ նաեւ իր համը՝ դա ծիրանի օղու համն էր։ Մասնակիցներին տիփլոմների փոխարէն բաժանեցին հենց ծիրանի օղի։
Այժմ նշեմ յաղթած ֆիլմերը, որոնք բաժանուած էին կարճամեթրաժ (այսինքն 30 րոպէից պակաս), եւ լիամեթրաժ (այսինքն աւելի քան 30 րոպէ) ֆիլմերի.
Կարճամեթրաժ մրցոյթ՝ Գլխաւոր մրցանակ- «Սիբիրեան Տապան» (Պավել Սկորոբոգատով, Ռուսաստան, 2017)
Ժիւրիի յատուկ մրցանակ – «Մէկ Անգամ Ամրանը» (Սիրական Աբրոյեան, Հայաստան, 2010)
Լիամեթրաժ մրցոյթ՝ - «Հետզհետէ» (Շահրամ Բադախշան Մեհր, Իրան, 2017)
Ժիւրիի յատուկ մրցանակ- «Պետրիլա Մոլորակը» (Անդրեյ Դասկալեսկու, Ռումինիա, 2016)
Բացի այդ «Ֆիլմադարան» կինօմշակոյթի զարգացման հասարակական կազմակերպութիւնը, որը եւ նախաձեռնել էր այս փառատօնը, շնորհեց իր Յատուկ մրցանակը «Երեխաների Մաշկի Վրայ» ֆիլմին (Ադրիանօ Զեքա, Իտալիա, 2017), իսկ Ուջան համայնքը իր մրցանակը շնորհեց «Հանգոյց» ֆիլմին (Ացուշի Կոյկէ, Ճապոնիա, 2017)
Ո՛չ մի բառերով հնարաւոր չէ նկարագրել, թէ ինչ դրախտ ապրեցին կինօռեժիսորները Ուջանում։ Իսկ ուջանցիները արժանացան ամենամեայ փառատօնի, որն այսուհետ կոչուելու է «Ծիրանի Ծառ» Ուջանի միջազգային փառատօն։
Տարիներ առաջ «Ոսկէ Ծիրանի» առիթով գրել էի, որ այդ փառատօնն ունի ի դէմս Սերգէյ Փարաճանովի (1924-1990) իր երկնային հովանաւորը։ «Ծիրանի Ծառ»-ն էլ ունի իր երկնային, ինչպէս նաեւ երկրային հովանաւորը- դա Արտաւազդ Փելեշեանն է։ Նրա «Վերջ» եւ «Կեանք» ֆիլմերով բացուեց Ուջանում փառատօնը։ Ի՞նպէս նշեցի ամենասկզբում, կինօն պիտի ունենայ իր ուրոյն լեզուն։ Հէնց այդ լեզուի մասին է ասում մեծն Փելեշեանը. «Ես փորձում եմ ստեղծել մաքուր կինօ, որը ոչինչով պարտական չի լինի արուեստի միւս տեսակներին»։