ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
«Այս, ասէ, Հայկ գեղապատշաճ եւ անձնեայ, քաջագանգուր, խայտակն եւ հաստաբազուկ»։
Մարդկանց ու աշխարհն արարեցին առաջին աստուածները, որք ահեղ էին ու երեւելի։ Նրանք աշխարհը լցրեցին մեծամեծ բարիքներով։ Եւ նրանցմէ սերեցին հսկաները, որք ծնեցին յաղթանդամ ու վիթխարի դիւցազուններու։
Բայց ասոնք ամբարտաւանելով ըմբոստացան եւ կամեցան հասնել աստուածների բարձունքին։ Այդու համար շինել տուեցին նրանք Բաբելոնի հսկայ աշտարակը, որ վեր կը խոյանար դէպի երկինք՝ դէպի տունը ահեղ աստուածների։
Եւ զայրացան աստուածները, եւ նրանց բարկութիւնը վիթխարի հողմի պէս թափուեց մարդկանց վրայ ու կործանեց աշտարակը։ Եւ որպէսզի եղածն ալեւս չկրկնուի, որոշեցին Աստուածները բաժանել մարդկանց։ Եւ երկրի վրայ ամէն մարդ ու հսկայ սկսեց խօսել իր՝ ուրիշներին անհասկանալի լեզուով։
Բայց չարիքը չվերացաւ։ Այն բոյն դրեց հսկաների ու մարդկանց մի մասի սրտերում։ Եւ հաստատուեցին ժամանակները, երբ ամէն մի մարդ, խելագարուած, սուրը ընկերոջ կողն էր խրում, երբ հսկաներն ու դիւցազունները մէկմէկու վրայ էին ձեռք բարձրացնում՝ միմեանց վրայ իշխելու մտադրութեամբ։ Եւ մարդիկ ցրուեցին երկրով մէկ՝ հզօր ու դաժան հսկաների եւ կատաղի ուժաւորների մէջ։
Եւ այնպէս պատահեց, որ հսկաներից Բել անունով մէկը յաջողեց տիրապետել բազում հսկաների ու մարդկանց վերայ։ Բայց Հայկ անունով զօրաւոր դիւցազուն մը չկամեցաւ հնազանդուել Բելի բռնութեանը եւ իւր ընտանիքի ու Արամանեակ որդու հետ հեռացաւ Բաբելոնէն դէպի հիւսիս։
Այս Հայկը, որ հսկաների ու դիւցազունների տոհմից էր եւ սերում էր առաջին աստուածներէն, քաջ ու երեւելի հանդիսացաւ նրանց բոլորի մէջ։ Նա վայելչակազմ էր, հաստաբազուկ ու թիկնաւէտ, վառվռուն աչքերով ու խիստ գանգուր մազերով։
Եւ Հայկը իւր մարդկանց հետ, շուրջ 300 հոգի, կու գայ Արարադի երկիր, այնտեղ կը գտնի լեռ մը՝ շուրջը լայնանիստ դաշտավայրով, եւ Արամանեակի որդի Կադմոսին պահ տալով այդտեղը՝ ինքը մնացածի հետ կը շարժուի դէպի հիւսիս-արեւմուտք եւ «գայ բնակ» ի բարձրավանդակ դաշտի միում, եւ անուանէ զանուն լեռնադաշտին Հարք, այս ինքն թէ հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ։ Շինէ եւ գիւղ մի, եւ անուանէ յիւր անուն Հայկաշէն»։
Բայց Տիտանեան Բելը, որ գրաւել էր ողջ երկիրը, իր որդու միջոցով լուր կը ղրկէ Հայկին, թէ «դու ցուրտ սառնամանիքների մէջ բնակուեցիր, սակայն տաքացրու եւ մեղմացրու քո հպարտ բնաւորութեան ցուրտ սառնութիւնը եւ ինձ հնազանդելով խաղաղ ապրիր՝ որտեղ որ կը հաճիս իմ երկրում բնակութեան տեղ ընտրել»։ Հայկը սրան խիստ մերժողական պատասխան կու տայ։
Եւ Բելը մեծամեծ զօրքով ու անճոռնի եւ յանդուգն ամբոխի հետ հեղեղի պէս կը յարձակուի Արարադի երկրի վրայ։ Եւ Կադմոսը փախուստի կը դիմի դէպի Հայկաշէն՝ միեւնոյն ժամանակ Հայկին զգուշացնելով սպասուող ճակատամարտի մասին։
Երկու բանակները հանդիպեցին լճի մը մօտ, որի ջրերը աղի էին եւ ձկները՝ սակաւ։ Հայկ իր ձախ կողմում կանգնեցրել էր Կադմոսին, իսկ աջ կողմում՝ Արամանեակին, ինքը կանգնել էր զօրքի առջեւում եւ այդպէս եռանկիւնաձեւ առաջ կը շարժուէին։ Իսկ Բելն ամբողջովին սաղաւարտապատ էր, աջ ձեռքին՝ նիզակ, ձախին՝ վահան, շուրջը՝ քաջ հսկաներ, ինքը՝ բլուրի մը վրայ ապաստանած։
Երբ երկու կողմի հսկաները իրար բախուեցին, գետինը դղրդաց նրանց ցասումէն։ Շատ հսկաներ ու զօրեղ մարդիկ ընկան այդ դաշտում՝ միմեանց մէջ ահ ու սարսափ ծնելով իւրեանց յարձակումներով։ Երկար կը ձգուէր ճակատամարտը, զի երկու կողմն էլ զօրաւոր էր եւ մարտը անպարտելի կը մնար։
Ահա այդ ահեղ պատերազմի միջոցին Հայկը ամբոխի մէջ նկատեց Բելին, որ ցած էր իջել բլուրէն, բայց տեսնելով մարտի պատկերը՝ զարհուրել էր դիպուածից եւ որոշել ետ դառնալ դէպի բլուրը, որպէսզի իւր զօրքը նորէն ժողովվի եւ երկրորդ անգամ յարձակուի։
Հայկը նման յարմար պահը բաց չթողնելու համար արագօրէն առաջ մղուեց եւ մօտենալով Տիտանեան Բելին՝ պինդ ձգեց իր լայնալիճ աղեղը եւ երեքթեւեան նետը դիպցրեց Բելի կուրծքի տախտակին։ Եւ սլաքը թափանցելով անցաւ Բելի կուրծքի միջով ու նա ընկաւ գետին ու շունչը փչեց։ Այսպիսին եղաւ Տիտանեանի վերջը։
Բելի մարտիկները, տեսնելով Աղեղնաւոր Հայկի քաջագործութիւնը, փախան ամէնքն իր ուղղութեամբ։ Իսկ Հայկը հրամայեց զմռսել Բելի մարմինը եւ թաղել Հարքում՝ բարձրավանդակի մը վրայ՝ ի տես բոլոր մարդկանց։
Եւ ճակատամարտի տեղում Ահյկը շինեց դաստակերտ մը եւ անունը դրեց Հայք՝ «վասն յաղթութեան պատերազմին», որմէ գաւառը մինչ օրս կը կոչուի Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, ուր ընկաւ Բելը իր զօրականներու հետ, Հայկը անուանեց Հայկ Գերեզմանս, որ այսօր Գերեզմանակք կ՚ըսենք։ «Իսկ աշխարհս մեր կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկա՝ Հայք»։
Այս յաղթութիւնը կը ոգեկոչէին բոլոր հայք ամէն տարի Օգոստոսի 11-ին՝ եւ մեծ խնդութեամբ, խաղ ու մրցոյթներով, երգ ու պարով, աստուածներին նուիրաբերութիւններ ու ձօներ յղելով՝ կը նշէին Նաւասարդը, երբ ազատատենչ Հայկը յաղթեց բռնաւոր Բելին։
Այսօր էլ լեռների քամիներում, թէ ուշադիր լինես, կրնաս, սիրելի ընթերցող, տարազանել շշուկները հին արքաների, որ Բագաւանից կ՚երգէին։
«Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց,
Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանեաք,
Որպէս օրէն է թագաւորաց»։